Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Վահան Բայբուրդյանը մարմնավորում է ժամանակակից մտավորականի լավագույն կերպարը»

Նոյեմբեր 08,2013 17:37

Վաստակաշատ գիտնական, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Վահան Բայբուրդյանն 80 տարեկան է: Եվ այսօր վաստակաշատ գիտնականի հոբելյանին նվիրված միջոցառում անցկացվեց ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով հոբելյարին` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց. «Վ. Բայբուրդյանը տարիներ շարունակ հաստատուն քայլեր է արել և շարունակում է անել գիտության, կրթության և այլ ոլորտներում: Ես երբեք չեմ թաքցրել այն մեծ հարգանքը, որ ունեմ Բայբուրդյան մարդու, գիտնականի, դիվանագետի հանդեպ: Որպես կրտսեր գործընկեր` ես երևի թե այնքան էլ իրավունք չունեմ մանրամասն խոսելու այդ խորը հարգանքի մասին, բայց որպես պաշտոնյա` ինձ մի փոքր ավելի վստահ եմ զգում և ասում եմ այդ ամենը»:

Այնուհետև ԵՊՀ ռեկտորի հրամանով Վ. Բայբուրդյանը պարգևատրվեց հուշամեդալով` համալսարանական կրթության կայացման, զարգացման, մասնագիտական ակնառու ձեռքբերումների, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կայացման և երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան հոբելյանի կապակցությամբ:

«Վահան Բայբուրդյանը ծնվել է 1933թ. Ախալցխայում: 1957թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արևելյան (իրանական) բաժինը: 1965-1980թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում` միաժամանակ դասավանդելով Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: 1994-1998թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը: 2001 թվականից ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչն է:

Տարբեր տարիների արժանացել է Ֆ. Նանսենի հուշամեդալի, ԵՊՀ ոսկե մեդալի և պատվոգրի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ հատուկ դիպլոմի»,- Վ. Բայբուրդյանի կենսագրության այսպիսի համառոտ ակնարկ ներկայացրեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը իր «Վաստակաշատ գիտնականը, դասախոսը և դիվանագետը» թեմայով զեկուցման մեջ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, որը, Արևելագիտության ինստիտուտի անունից շնորհավորելով պրոֆեսորին, ասաց. «Պարոն Բայբուրդյանը  մարմնավորում է ժամանակակից մտավորականի լավագույն կերպարը, և մենք` նրա ժամանակակիցներս, պետք է վայելենք այն րոպեները, որոնք մեզ թույլ են տալիս շփվելու նրա հետ:

Պետք է ասել, որ պրոֆեսոր Բայբուրդյանը բացառիկ դեր ունի ոչ միայն գիտության, այլև հայ-իրանական բարեկամության զարգացման գործում. նա է եղել Հայաստանի առաջին դեսպանը մեր հարևան և բարեկամ երկրում` Իրանում: Ես հաճախակի եմ շփվում մեր իրանցի բարեկամների հետ, որոնք մեծագույն սիրով և հարգանքով են վերաբերվում նրան: Կարծում եմ` սա մեծ նվաճում է»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը. «Կան պատմաբաններ, հայագետներ, որոնց մասնագիտական կողմնորոշման և այսպես ասած` նախասիրությունների հարցում չես կարողանում ճիշտ, հստակ գնահատական տալ… Երբ կարդում ես Բայբուրդյանի` Ջուղային նվիրված աշխատությունները, քեզ թվում է, թե հայագիտության բնագավառում նա անգերազանցելի է, իսկ հետո, երբ հայ-իրանական հարաբերությունների մասին աշխատություններն ես կարդում, մտածում ես` չէ, Բայբուրդյանը իրանագետ է, քրդագիտության մասին աշխատությունները կարդալիս` միտքդ փոխում ես, ասում ես` չէ, հրաշալի քրդագետ է և այլն: Ահա, երբ որ չես կարողանում կողմնորոշվել և ճշգրիտ գնահատական տալ, այստեղ արդեն հասկանում ես, որ գործ ունես լայն, ընդգրկուն ներաշխարհ ունեցող մարդու հետ: Ես համոզված եմ, որ պարոն Բայբուրդյանը եթե որոշեր բժիշկ դառնալ, հիմա նրա 80-ամյակը կնշեին և բժշկագիտության բնագավառում ունեցած վաստակը կփառաբանեին բժիշկները»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930