«Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ փոփոխություններ կատարել ՌԴ «ԶԼՄ մասին» օրենքում, որը հնարավորություն կտա բոլոր ԶԼՄ-ներին համախմբել մեկ ընդհանուր ինքնակարգավորվող մեդիա կազմակերպության մեջ:
Պատգամավորները կարծում են, որ այդպիսով հնարավոր կլինի երկրում ստեղծել մեկ համազգային ինքնակարգավորվող մեդիա կազմակերպություն և այն այդպես բուրգային սկզբունքով կղեկավարի բոլոր ԶԼՄ-ներին:
Նախաձեռնության հեղինակները նաեւ կարծում են, որ մուտքը այդ կազմակերպություն պետք է լինի վճարովի և կազմի 300 հազար ռուբլի:
Ըստ նրանց ՝ այդ կազմակերպությունը պետք է ղեկավարեն անկախ փորձագետները, ուստի «Նեզավիսիմայա գազետայի» հոդվածագիրն այս առիթով մտահոգություն է հայտնում, թե գուցե այդ դեպքում հանկարծ վերոնշյալ խորհրդում հայտնվի, ասենք, «արտասահմանցի լրտես»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում «Խոսքի ազատության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն այս նախաձեռնության մասին ասաց հետևյալը. «Կարծում եմ՝ այդ նախաձեռնության հեղինակները պատկերացում էլ չունեն, թե ինչ է ԶԼՄ ինքնակարգավորումը, քանի որ այդ գործընթացը հենց լրագրողական համայնքի գործն է, և այստեղ պետությունն անելիք չունի: Եթե պետությունն օրենքով ուզում է ինչ-որ բան նախատեսել, կարող է զուտ ԶԼՄ-ները կարգավորող օրենսդրության մեջ փոփոխություն մտցնել, բայց ինքնակարգավորումը պիտի թողնի լրագրողներին: Այստեղ չպիտի լինի պարտադրանք պետության կողմից, իսկ եթե կա, դա անթույլատրելի է»:
Անդամավճարի մասին առաջարկությանը Աշոտ Մելիքյանն այսպես արձագանքեց. «Դա նույնպես պիտի որոշի լրագրողական համայնքը, մանավանդ, եթե անդամավճարները շատ մեծ են ստացվում, որը ամեն լրատվամիջոց չէ, որ կկարողանա վճարել»:
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ ամենալուրջ խնդիրն այն է, որ ինքնակարգավորման գործընթացում պետությունը, մանավանդ օրենսդրորեն պարտավորեցնելով` այդպիսի գործառույթ չունի:
Նա նկատում է. «ՌԴ-ն լուրջ խնդիրներ ունի խոսքի ազատության հետ կապված ու սա նշանակում է, որ նույնիսկ ինքնակարգավորման գործում լրագրողները ինքնուրույնություն չեն ունենա և ստիպված են լինելու ենթարկվել պետության պահանջին»:
Հետաքրքրվեցինք՝ ՀՀ-ի՝ Եվրասիական միությանը անդամակցելու պարագայում վտանգ տեսնո՞ւմ է, որ մի օր էլ մեր լրագրողական համայնքին նման բան պարտադրեն, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Մեր քաղաքական վերնախավը հետևում է, թե ինչ է անում ՌԴ-ն և շատ հարցերում ուղղակի copy paste անում դրանք: Ընդհանուր միջավայրը կարող է նաև ազդել մեր քաղաքական վերնախավի որոշումների վրա, այդ վտանգը կա: Մյուս կողմից պիտի ընդունենք, որ խոսքի ազատության առումով մեր վիճակը շատ ավելի բարվոք է, քան ՌԴ-ինը, այստեղ ՌԴ-ն մեզնից սովորելու բան ունի, և լավ կլինի, որ մեր քաղաքական վերնախավը գոնե այս հարցում չհետևի ՌԴ օրինակին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ