Լրահոս
Օրվա լրահոսը

Վյաչեսլավ Կովալենկո. Եվրամիություն տանող ճանապարհը դեպի դժոխք տանող ճանապարհ է

Նոյեմբեր 08,2013 17:04

«Հայաստանը եթե գնա Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով, Հայաստանը կգնա դեպի դժոխք»,- այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ասաց ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Ամիսներ առաջ մեջբերելով Հայաստանի նախագահի՝ հունիսի վերջին Վարշավայում ունեցած ելույթը, թե հայ ժողովուրդը եվրոպական արժեքների կրող է` նախկին դեսպան Կովալենկոն ասել էր. «Իր գանձարանում տեղ տալով եվրոպական արժեքներին՝ Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ճանապարհին: Հնուց ասված է՝ բարի մտադրություններով սալարկված է դժոխքի ճանապարհը»:

«Ազատության» հարցին` Ռուսաստանի ղեկավարությունը կիսո՞ւմ է իր գնահատականները, թե Եվրամիություն տանող ճանապարհը դեպի դժոխք տանող ճանապարհ է, Կովալենկոն պատասխանեց. «Ես պարզապես համոզված եմ: Չեմ կարող ձեզ թվարկել ղեկավարության ներկայացուցիչներին՝ մեկին, երկուսին, երեքին»:

Վյաչեսլավ Կովալենկոն ասաց, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, որ Ռուսաստանը մի անգամ չէ, որ հայտնել է ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու իր պատրաստակամության մասին։ «Ինչ վերաբերվում է Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա պետք է իմանաք, որ եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք չվաճառի, կվաճառի Իսրայելին և այլ երկրներին: Դա այն հարցը չէ, որ կարող է կասկածի տակ դնել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հարցը»,-ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանը 20 տարիների ընթացքում, պահպանելով գործընկերային հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ, կանխել է պատերազմը։

Դեպի Եվրոպա մղումների առիթով էլ նախկին դեսպանը բերեց Բուլղարիայի Ռումինիայի, Մերձբալթյան երկրների օրինակն՝ ասելով. «Նրանք կանգնել են ինչ-որ հետին պլանում՝ ձեռքները մեկնած, կորցրել են իրենց ազգային արժանապատվությունը, նրանք գործնականորեն չեն կողմնորոշվել իրենց ազգային սեռական կողմնորոշման հարցում՝ ուղիղ և փոխաբերական իմաստով: Հայաստանը, եթե ուզում է նրանց ճանապարհով գնալ, խնդրեմ, դա նրանց ընտրությունն է, իսկ թե ի՞նչ է այնտեղ տեղի ունենում…: Նույնիսկ Հունգարիան, երբ սովետական ժամանակ ծաղկում էր իր գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և մեքենաշինությամբ, հիմա որտե՞ղ է, կրկին հետին պլանում՝ոչ տեսնում ենք, ոչ էլ լսում։ Իմ պատկերացմամբ, դա դժոխքի ճանապարհ է»,-ասաց նա և ընդգծեց, թե Հայաստանը Արևմուտքին պետք է որպես աջակից Կովկասում, ինչպես Վրաստանը, որի պարագայում Սաակաշվիլիի միջոցով Ռուսաստանի համար գլխացավանքներ է առաջ բերում»։

Ռադիոկայանի մյուս հարցին՝ Հայաստանի` Մաքսային միության անդամակցելու դեպքում ի՞նչ կարգավիճակ է ստանալու Լեռնային Ղարաբաղը, արդյո՞ք այն նույնպես միանալու է միությանը, թե՞ սահմանային անցակետ է դրվելու Հայաստանի ու ԼՂ-ի միջև, դեսպանն ասաց, որ դա կախված է Հայաստանից.«Լեռային Ղարաբաղի հակամարտություն խնդիրը հեշտ չէ ԼՂ կարգավիճակի պատճառով։ Հայաստանի առաջ է խնդիր դրված, այ եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն, այդ ժամանակ էլ ԼՂ-ի անդամակցության հարցը կքննարկվի, եթե Հայաստանը չի ճանաչի, Ղարաբաղը Մաքսային միություն ընդգրկելը կլինի արդեն պրովոկացիոն քայլ մեր կողմից՝ ադրբեջանական կողմի նկատմամբ։ Ռուսաստանն այստեղ ռադիկալ դիրքորոշում ունի, որով և առաջնորդվում է այս տարիների ընթացքում՝ որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի»։

Դիտարկմանը՝ պատասխանից կարելի՞ է եզրակացնել, որ ամեն դեպքում երկու երկրների միջև սահմանային անցակետ է դրվելու, Վյաչեսլավ Կովալենկոն համոզմունք հայտնեց, թե հարցը երկուստեք գրագետ քննարկելու դեպքում կողմերը խնդրի շուրջ կգտնեն որոշում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930