Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծիք նոյեմբերի 5-ին կատարվածի մասին. «Երիտասարդները զանգվածային պսիխոզի մեջ էին»

Նոյեմբեր 08,2013 16:41

Հայտնի է, որ լինում են մեծ ու փոքր առաջնորդներ, որոնք այնքան ուժեղ ազդեցություն են ունենում իրենց շրջապատի եւ հատկապես հետեւորդների վրա, որ այդ ազդեցության ենթարկվածները հայտնվում են պարզապես հիվանդագին վիճակում (զանգվածային պսիխոզի մեջ): Ընդ որում՝ կարեւոր չէ, որ այդ առաջնորդը կատարյալ անձ լինի: Նա կարող է ինքն էլ հոգեկան շեղումներ ունենալ, եւ հաճախ հենց այդպիսիների մոտ է լավ ստացվում անմեղ մարդկանց՝ արկածախնդրության մեջ ներքաշելը, աղանդի մեջ ներգրավելը, որոշակի մտասեւեռման շուրջ մարդկանց հավաքագրելը եւ այլն: Իսկ այդ ազդեցությանն ամենից ավելի ենթակա են անփորձ երիտասարդները, կյանքից հիասթափվածները, անհաջողակները, թերարժեքության բարդույթով տառապողները:

Այդ առաջնորդներից ոմանք իրենք էլ մտասեւեռումներ են ունենում իրենց՝ ինչ-որ առաքելությունների կոչված լինելու վերաբերյալ եւ իրենց հետեւորդների բազմությունը վտանգների են տանում հաճախ ոչ թե չարամտորեն, այլ իրենց կարծիքով բարի նպատակներով: Իհարկե, կան նաեւ մարդկանց չարամտորեն ու հաշվենկատ կերպով շահագործող առաջնորդներ, որոնց համար մարդկային կյանքերը ոչինչ չարժեն:

Այդպիսի միջին կարգի առաջնորդներից է օրերս մեծ աղմուկի պատճառ դարձած Շանթ Հարությունյանը, որը թերեւս ոչ չարամիտ մտասեւեռում ունեցողներից է: Այն, ինչ նա է երբեմն ասում ու անում, պարզապես զավեշտալի է իրականությանը անհամարժեք (ոչ ադեկվատ) լինելու, սեփական հնարավորությունները խորապես գերագնահատելու առումներով: Բայց նա փաստորեն կարողացավ մի խումբ երիտասարդների ու պատանիների ներշնչել իրեն պաշարած մտասեւեռումները եւ տանել կյանքի համար վտանգավոր արկածախնդրության:

Որ այդ երիտասարդները զանգվածային պսիխոզի մեջ էին, երեւում է նրանից, որ ստանձնում էին դերեր եւ կատարում գործողություններ, որոնք այլ իրավիճակում ուրիշների կատարմամբ տեսնելու դեպքում հենց իրենք կբնորոշեին որպես անհաջող դիմակահանդես, էժանագին ծաղրածություն, ապստամբության ծաղրուծանակ, բակային կռիվ-կռիվ, քաղաքական տունտունիկ, փղի վրա հաչող շնիկներ, գլուխը պատով տալ եւ այլն: Այլապես պիտի ենթադրել, որ բոլորն էլ հոգեբուժարանի ապրանք են: Բայց առայժմ նրանցից ոչ մեկին այդտեղ չեն տարել (բացի Շանթից): Ուրեմն նրանք, ընդհանուր առմամբ, առողջ են, բայց միջադեպին նախապատրաստվելիս եւ ընթացքում, ինչպես ասում են, խելքները հետ էին տվել (զանգվածային պսիխոզի մեջ էին): Այժմ նրանց մեծ մասը սթափված կլինի եւ նույնիսկ խիստ զարմացած է, թե ինչպես է խելքը հացի հետ կերել եւ ներքաշվել այդպիսի անմիտ արկածախնդրության մեջ: Կլինեն եւ այնպիսիները, որոնք դեռ պսիխոզից դուրս չեն եկել: Այդպիսիներին հոգեբանական օգնություն է պետք:

Հաշվի առնենք, որ այդ երիտասարդները դեռ խմոր են: Խնդիրն այն է, թե նրանց ով կհունցի եւ ինչ կթխի: Համենայն դեպս չարժի նրանցից քաղբանտարկյալներ կամ «նստած-հելածներ» թխել կամ բռնության ու հակազդեցության եղանակով համոզված ընդդիմադիրներ սարքել:

Վերջիվերջո, նրանց մեծ մասը մանկամտաբար է ներքաշվել տխրահռչակ պատմության մեջ (ի դեպ, մանկամտությունն էլ է հոգեկան շեղման տեսակ եւ, հետեւաբար, մեղմացուցիչ դեպք հանցանաց):

Հասարակության եւ իշխանությունների համար վտանգավոր են ոչ թե այդ մոլորված երիտասարդները ինքնին, այլ նրանց մոլորեցնողը՝ մոլորյալների իր շրջապատի հետ միասին: Ուրեմն վտանգը չեզոքացնելու համար անհրաժեշտ է ոչ թե փչացնել մոլորյալներին, այլ նրանց դուրս բերել մոլորեցնողի ազդեցության ոլորտից, իսկ մոլորեցնողին զրկել իր շրջապատից: Այդ դեպքում մոլորյալներն իրենք արագորեն կսթափվեն եւ խելքները գլուխները կհավաքեն:

Սրան հասնելու մի ճանապարհ է մոլորեցնողին ժամանակավորապես մեկուսացնելը: Իսկ եթե չմտածված քայլերով ու մոլորյալների նկատմամբ բռնաճնշումներով առիթ տանք, որ ԶԼՄ-ները մոլորեցնողին հերոս սարքեն, ապա միայն կստվարանա նրա ազդեցությանը ենթարկվածների զանգվածը, եւ հաջորդ հնարավոր միջադեպը ավելի տխուր հետեւանքներ կունենա:

Ճիշտ է, տխրահռչակ միջադեպի «շնորհիվ» իրավապահ մարմինների որոշ ստվերային շրջանակների համար առատ բերքահավաքի հնարավորություն է ստեղծվել, բայց չմոռանանք, որ դա ի վերջո նյութապես ու բարոյապես շատ թանկ կնստի հասարակության եւ իշխանությունների վրա: Արժե մեկ-մեկ անձնական «նաղդ» շահը զոհաբերել հանուն առողջ հասարակության, երկրի ու ժողովրդի բարգավաճման եւ ազգի համերաշխության ու հզորացման: Ճիշտ է, մանկամտորեն, բայց հենց այդ տեսլականն ունեին մոլորյալները, երբ անգամ իրենց կյանքը եւ հարազատների երջանկությունն էին վտանգի ենթարկում սույն թվի նոյեմբերի հինգի երեկոյան Ազատության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում:

Ժաննա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Հ. Գ. Ես, որ մանկավարժ եմ, անընդհատ զբաղված եմ ներողամտություն դրսեւորելով: Հետեւաբար իրավունք ունեմ պահանջելու, որ դատական մարմիններն էլ քրիստոնեաբար դրսեւորեն անվերապահ ու բացարձակ ներողամտություն մանավանդ դարձի եկած եւ զղջացող մոլորյալների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Համամիտ եմ Ժաննա Զոհրաբյանի կարծիքի հետ: Միայն մի հարց եմ ուզում ուղղել հեղինակին,՝
    -կարո՞ղ է, որ տվյալ դեպքում այդ ամենը տեղի է ունեցել լոկ Շանթ Հարությունյանի այն բացասական
    որակներով, որը Դուք նշեծիք, թե՞ գոյություն ունի նաև հիմնապատճառներ:
    Անգործություն, հուսալքություն, արտագաղթ, դատարկված և դատարկվող գյուղեր, թալան, անօրինականություն պետական ցանկացած մարմնում, և 4500 ընտանիքների անօդևան կենցաղ միայն
    Գյումրիում, կաշառակերություն և բացահայտ ստախոսություն երկրի առաջին դեմքերի կողմից, վրեջին 5-6 տարում պետական պարտքի աստղաբախշական աճ, մոտ 4,6 միլիարդ, ընդրեքի համատարած թալան, հարևան թշնամի երկրում՝ տասնյակ հազարների հասնող Հայ կանաց և աղջիկների մարմնավաճառություն և էլի շատ և շատ աղետալի բաներ: Իհարկե,՝ Հայաստանը քարտեզի վրա հավանաբար դեռ կմնա ինչպես ասենք՝ Հարավային Աֆրիկայում՝ Սվազիլենդը, բայց
    արդյոք, սա՞ էր մեր անկախության նպատակը, և ո՞վ պետք է խոսի ու գրի երկու այն անձանց մասին
    վերլուծություն, եթե ոչ՛ Դուք, ովքեր երկիրը բերեցին այս օրին: Եվ մի գուցե մինչև՝ Շանթը, մենք շատ ավելի ենք մեղավոր, բայց իսկական հանցագործների մասին, այսօր կարծես ընդունված չի խոսել, իսկ վաղը գուցե իմաստ էլ չունենա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930