Aravot.am-ը «Պահածոյագործների եւ հյութարտադրողների միության» նախագահ
Երվանդ Թարվերդյանից, որը վստահեցնում էր, որ Մաքսային միություն (ՄՄ) մտնելով Հայաստանի պահածոյագործ ընկերությունների համար առավել մեծ հնարավորություններ են բացվում արտադրանքը արտահանելու եւ դրանց ծավալները ավելացնելու, հետաքրքրվեց, թե հայկական շուկան մոտ 2 տարի եվրաստանդարտներին համապատասխանեցնող Եվրամիությունն ի՞նչ ստանդարտներ էր պահանջում, որը Մաքսային միության պարագայում չի կարեւորվում: Միության նախագահը, որը նաեւ պահածո արտադրող ընկերություններից մեկի պատասխանատուն է, նկատեց. «Կան չափանիշներ, որոնց նկատմամբ խիստ են եվրոպական պահանջները, կան ստանդարտներ էլ, որոնք Մաքսային միությունն է խիստ կարեւորում»: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում
Այսօր «Տեսակետ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ, պարոն Թարվերդյանը թվարկելով այն առավելությունները, որ ՄՄ մտնելու դեպքում կունենան մեր պահածոյագործներն ու հյութարտադրողները, ասաց, որ մեր երկրից դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան արտահանվող արտադրանքն արդեն իսկ գործում է ՄՄ պահանջներին համապատասխան եւ բացի այդ, միության գոտում գտնվող երկրներ մուտք գործելիս հայկական ապրանքների վրա մաքսատուրքեր չեն լինելու, ինչպես որ այժմ է, ՄՄ-ն հիմք է ընդունելու հայկական սերտիֆիկացումը եւ արտադրողները ստիպված չեն լինելու մի հատ էլ սահմանի վրա սերտիֆիկացվել: Այդ բոլոր թվարկված գործընթացները, որոնք ծախսեր են պահանջում, մինչ այդ մեծ ազդեցություն են ունեցել ապրանքների ինքնարժեքի վրա:
Կարդացեք նաև
Պարոն Թարվերդյանի խոսքերով, շահեկան պայմաններում է լինելու նաեւ գյուղացին, որն ինքնուրույն էլ է կարողանալու կազմակերպել իր ապրանքի արտահանումը:
Aravot.am-ի այն դիտարկմանը, թե «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը մտահոգություն է հայտնում, որ լոլիկի ցեցով պայմանավորված, Հայաստանը տոմատ արտադրող երկրից դարձել է ներկրող երկիր, քանի որ լոլիկի ծավալները զգալի կրճատվել են, Երվանդ Թարվերդյանն այս տարի լոլիկի մոտ 7 հազար տոննա պակաս մթերումը պայմանավորեց եղանակային պայմաններով, մասնավորապես կարկուտով, որը մի շարք գյուղերում վնասել էր լոլիկի սածիլները: Պակաս մթերման արդյունքում, պարոն Թարվերդյանի տվյալներով, մոտ 1000 տոննա տոմատի մածուկ պակաս է արտահանվել:
Ասուլիսի մասնակից «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանին չէր գոհացնում արտադրվող պահածոների եւ հյութերի 60 տոկոս արտահանվող ցուցանիշը: Նրա կարծիքով, այդ թիվը տարիներով չի աճում, մինչդեռ տարեկան 7-8 %-ով պիտի ավելանա: Սպառողների պաշտպանը գտնում է, որ դրա խոչընդոտներից մեկն այն է, որ մեր երկրում «մթերումը ծայրաստիճան վատ է կազմակերպվում եւ գյուղացիները տառապում են»:
Պարոն Պողոսյանը, ձեռքի հետ էլ, տնային տնտեսուհիներին կոչ արեց խուսափել տնային պայմաններում պահածո պատրաստելուց, քանի որ «գոյություն ունեն մանրէներ, որոնք տան պայմաններում չի կարելի ստանալ այն ջերմաստիճանը, որը կվերացնի նրանց»: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ