«Երեքուկես ժամ նստած էի ոստիկանական բաժանմունքում, ոչ մեկը չէր իմանում ինչու էին ինձ տարել ոստիկանություն»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի մասնակից Դավիթ Գրիգորյանը:
Շարունակելով՝ նա ասաց, որ այդ օրը ոչ մի օրինական բան տեղի չի ունեցել. «Եղել եմ առաջին ձերբակալվածներից մեկը, բայց գործողությունների ժամանակ ես եղել եմ այլ վայրում: Հետո հանկարծ տեսանք, որ քաղաքում բոլոր ոստիկանները ինչքան հնարավոր է արագ հասնում էին Օպերայի տարածք: Մենք էլ հասանք, ու տեսնենք, որ քաղաքացիական համազգեստով, շատ անգամ բացահայտված ոստիկանության աշխատակիցներն էին սադրում, կոչեր անում ու կորում ասպարեզից: Մենք հանգստացրինք մարդկանց՝ ասելով, որ ոչ ոք ոչ մի տեղ չի գնում, ասացինք, մնում ենք այստեղ, ժողովուրդը համաձայնվեց, ենթարկվեցին ու ոստիկաններից մեկ քայլ հետ գնացին: Բայց դրանից հետո ոստիկանները շղթա կազմեցին ու մայթի վրայից մարդկանց ուզում էին հրելով տանել չգիտեմ ուր: Հետո քայլելու կոչ արեցին, ու բառիս բուն իմաստով, մարդկանց վրայով քայլեցին ու տարան այն կողմ: Հետո կարմիր բերետավորները յոթ-ութ հոգով ամենալկտի պահվածքով մարդկանց տանում շպրտում էին ոստիկանական մեքենաների մեջ: Անգամ սրտային հիվանդին ջուր չտվեցին, ասեցին, սրտային հիվանդ ես՝ մեռի: Ոստիկաններն իրար վրա էին գոռում, հալածում իրար: Կատարյալ քաոս էր:
Հետո ինձ տարան բաժանմունք, չկարողացան ասել, թե ինչի համար, հետո քննիչը մտավ ասեց, որ ձերբակալվում եմ: Բայց ես նրանց ասացի, թե մի տարեք «ես ալիբի ունեմ, որ ուրիշ տեղ եմ եղել այդ ժամին: Հետո այցելեց Նիկոլ Փաշինյանը…»: Ձերբակալվածների շրջանում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Նելլի Հարությունյանը նշեց. «Պայմաններից ոչ մի ձերբակալված դժգոհություն չէր հայտնում, բայց լարվածություն կար: Խախտվել է ձերբակալվածների՝ հեռախոսազանգից օգտվելու և հարազատների հետ հանդիպելու իրավունքը»:
ՀՔԱ Վամաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ևս խոսեց խախտումներից. «Երեք ժամից ավելի ոստիկանությունում իրավունք չունեին պահելու, բայց այդ իրավունքը խախտվել է: Լավ, ենթադրենք, Շանթը կոչեր արեց, նրան բերման ենթարկեցին, բա մյուս 19 հոգին էլ էի՞ն բռնության գործողություններ կատարում: Սա կոչվում է «աբլավ», «ոստիկանական բեսպրեդել», այն վերաբերմունքը, որ ցուցաբերվեց քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես, բոլորին բերման ենթարկել, հետո ջոկել ով ով է: Նկատելի է ուժի անհամաչափ կիրառում, ոստիկանները բերման ենթարկեցին քառասունից ավելի մարդու, հետո ընտրողաբար վերցրին նրանց, ում պիտի վերցնեին: Մեկը հարմարվում է, մյուսը լքում երկիրը, բայց Շանթը ցույց տվեց իր չհարմարվելու իրավունքը, նա գերադասեց ոչ թե արտագաղթել, այլ ապստամբել ապօրինի իշխանությունների դեմ: Նա այն քաղաքացին է, որի համար երկրի անկախությունը բարձր արժեք է, դրա համար էլ նա դուրս չեկավ մինչև սեպտեմբերի 3-ը: Նա ուզեց ասել՝ հաշտվեք, որ ի՞նչ անեք»:
Կարդացեք նաև
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը կատարվածը զարմանալի չհամարեց ու նշեց, թե «ոստիկանությունը չի կարող լինել բարի, պուպուշ, քնքուշիկ»:
Այնուհետև մանրամասնեց. «Այսօրվա դրությամբ միակ ընդդիմությունը երևի թե Նիկոլ Փաշինյանն է և նա ավելի շատ անոնիմուս է, քան ընդդիմություն: Մենք պետք է չզարմանանք, որ նման շարժումներ սկսեն լինել, քանի որ կան երկու բևեռներից էլ՝ ընդդիմությունից ու իշխանությունն էլ, դժգոհ երիտասարդական խմբեր»:
Սամվել Մարտիրոսյանը դրական է վերաբերվում անոնիմուսների անարխիստական շարժմանը ու նշում. «Տարակուսանք են առաջացնում հայկական աջ ծայրահեղական լոզունգները, որոնք հակադրվում են այդ գաղափարախոսությանը: ՀՀ-ում ձախն ու աջը բավականին լղոզված է, ավելի շատ ընդդիմություն-իշխանություն դիսկուրս կա: Ինձ թվում է դաշնակցության մեջ էլ տարաձայնություններ կան»:
Քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը գնահատելով Շանթ Հարությունյանի քայլը, ասաց. «Մեկ երթով այդ հեղափոխությունը չպիտի արվեր, ուստի ծիծաղելի են պնդումները, թե հեղափոխությունը տապալվեց: Բայց
որևէ տրամաբանություն չկար, որ Մաշտոցի պողոտայում պիտի պայթեցնեին այդ պայթուցիկները, քանի որ Շանթ Հարությունյանը նախապես հայտարարել էր, թե ինչ շենքեր է պայթեցնելու: Ուստի կարող ենք հիմնավոր կերպով ասել, որ դա եղել է պրովոկացիա: Տպավորություն կա, որ իշխանությունները իմանալով Շանթի կերպարը, փորձում են օգտվել առիթից ու վարկաբեկել յուրաքանչյուր ըմբոստություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ