Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ում է սատարում Արարատում

Նոյեմբեր 08,2013 15:16

 Արարատ քաղաքում կիրակի օրը կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Առավոտն» անդրադարձել է բազմիցս: Հիշեցնենք, որ այստեղ ընտրապայքարի են դուրս եկել ՀՀԿ-ի կողմից Հայկ Հայկյանը եւ ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը:

«Առավոտը» փորձեց իմանալ այս ընտրությունների հանդեպ քաղաքական տարբեր ուժերի դիրքորոշումը, այլ կերպ ասած` թե ով ում է սատարում:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն նախապես հայտարարել էր, որ այստեղ որեւէ թեկնածուի չի սատարելու:

Հարկ է նշել, որ ՀՀԿ-ի թեկնածու Հայկյանը եւ նրան սատարող Արարատի նորանշանակ մարզպետ, այսօր արդեն` մի ոտքը ՀՀԿ-ում Արամայիս Գրիգորյանը, նախկինում եղել են ՀՅԴ-ական: Վերջինս հենց այդ կուսակցության համամասնական ցուցակով էր դարձել պատգամավոր, այնուհետեւ` գյուղնախարար, ասել է թե, քաղաքական վերելքներ ունեցել է ՀՅԴ-ի շնորհիվ: Բայց մյուս կողմից էլ, Գրիգորյանին, ինչպես ասում են, սիրուն աչքերի համար չէր ՀՅԴ-ն այդքան տեղ տալիս. նա ընտրությունների ժամանակ քիչ գումարներ չէր ծախսում այս կուսակցության համար: Ուստի գուցե դա է պատճառը, որ հին ընկերները բացահայտ դուրս չեն գալիս դավանափոխ եղած մարզպետի ու նրա սատարած թեկնածուի դեմ:

«Ժառանգության» Արարատի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Ղազարյանը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ ինքը վատառողջ է եւ այս գործընթացներին չի խառնվում:

Արարատում հարցված շարքային ժառանգականներն էլ ասացին, որ իրենք նույնպես չեն խառնվում եւ որ իրենք հիասթափված են մյուս ընդդիմադիրներից, ովքեր ՏԻՄ ընտրապայքարում իրենց կողքին չեն կանգնում: Նրանք համոզված են, որ իրենք չունեն այն լծակները, որոնցով կարողանան պայքարել այս հզոր վարչական ու ֆինանսական, իրենց բառերով ասած` գիշատիչների դեմ:

Ծագումով արարատցի մեկ այլ ժառանգական, Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Նուբար Հակոբյանը կարծիք հայտնեց. «Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր, ինչպես Ձեր երեկվա թերթում եք գրել, ասում են թե ավելի լավ է Ծառուկյանը հաղթի, քան ախպերները՝ օրինակ բերելով Ծառուկյանի կատարած աշխատանքները Աբովյանում ու Կոտայքի մարզում: Կոտայքը Ծառուկյանի մարզն է, Աբովյանի ղեկավարը իր փեսան է, դրա համար էլ ծաղկեցնում է: Կարո՞ղ է Ծառուկյանն ավելի սրտացավ լինի Արարատի համար, քան արարատցի Գրիգորյան եղբայրները: Պարզ է, սրանք ավելի սրտացավ կլինեն: Ի վերջո Արայիկը, որը պատգամավոր է, եկեք չուրանանք, շատ բան է անում մարզի համար: Նրանք մեզ համար ավելի հասանելի են, քան Ծառուկյանը: Ես մեր Մասիսի օրինակը բերեմ, ամեն ինչ արինք, որ նախորդ ընտրություններում հաղթեց ԲՀԿ-ական թեկնածուն, ի՞նչ փոխվեց Մասիսում, բացարձակ ոչ մի բան, քաղաքը բացարձակ քնած վիճակում էր, բա ու՞ր էր Ծառուկյանն իր սրտացավությամբ ու հոգատարությամբ: Նույնն էլ այստեղ է լինելու: Ճիշտ է ես այստեղ ընտրող չեմ , բայց հայտնում եմ իմ անձնական կարծիքը, որը կարող է չհամընկնել իմ շատ կուսակիցների կարծիքի հետ, ավելի լավ է հաղթի մարզպետի նախընտրած թեկնածուն, քան Ծառուկյանի, որ տեղն եկած ժամանակ գնանք ասենք՝ այ ախպերներ, բա Ձեր խոստումն ի՞նչ եղավ»:

Այս համայնքում որեւէ թեկնածուի սատարելը, հավանաբար, դժվար երկընտրանքի առջեւ է կանգնեցրել ՕԵԿ-ին. մի կողմում այն կուսակցության թեկնածուն է, որի առաջնորդ Ծառուկյանի հետ ՕԵԿ առաջնորդ Բաղդասարյանը վերջին շրջանում մեծ կոնֆլիկտներ է ունեցել, մյուս կողմում` ՀՀԿ-ական թեկնածուն է, ով նախկինում եղել է ՕԵԿ տարածքային կառույցի ղեկավար, բայց վերջին շրջանում լքել է նաեւ ՕԵԿ-ը, ինչպես ժամանակին լքել էր ՀԺԿ-ն ու ՀՅԴ-ն: Թեեւ հազիվ թե ՕԵԿ-ը համարձակվի դեմ դուրս գալ իր քաղաքական «պապայի՚»՝ ՀՀԿ-ի դեմ: Այս առնչությամբ «Առավոտի» հարցումը` ՕԵԿ մամուլի պատասխանատու Արթուր Միսակյանին, մնաց անպատասխան:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Արարատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930