Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս օրենքը «բոբո» չէ»

Նոյեմբեր 08,2013 14:21

«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» բազմաչարչար օրենքում «գենդեր» բառը «սեռ» բառով փոխարինելու առաջարկը ԱԺ  համապատասխան հանձնաժողովը մերժեց

Երեկ Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հեղինե Բիշարյանի առաջարկած օրենքի նախագծին, որով պետք է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» ՀՀ օրենքում հանդիպող բոլոր «գենդեր» բառերը փոխարինվեին «սեռ» բառով:

«Գենդեր» բառի նկատմամբ հասարակության մի առանձին շերտի մոտ հանկարծակի բռնկված հակակրանքը վարակիչ եղավ, եւ այս տարի մայիսին ընդունված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» ՀՀ օրենքը դարձավ հասարակության արդեն լայն խավերի թիրախը, սկսեցին անգամ օրենքի հեղինակներին մեղադրել հասարակությանն այլասերելու փորձերի մեջ, օրենքը սկսեցին կոչել «Այլասերության մասին» օրենք, «Խուժան օրենք», որոշեցին, որ սա առաջին քայլն է, եւ դրան հետեւելու է նույնասեռականների ամուսնություններն արտոնող օրենքների ընդունումը եւ այլն:

Չդիմանալով նմանօրինակ ճնշումներին՝ օրենքում արդեն իսկ նախատեսվել են մի շարք փոփոխություններ՝ այդ տարընթերցումներից խուսափելու համար: Եվ տիկին Բիշարյանի նախաձեռնությունը այդ շարքից էր: Այդուհանդերձ, կառավարությունը՝ հանձին երեկ հանձնաժողովի նիստին ներկա սոցապ փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի, կտրականապես դեմ է «գենդեր» բառը «սեռ» բառով փոխարինելուն: Պարոն Բերիկյանը նույնիսկ օրինակ բերեց, թե ինչ անհեթեթ կհնչի «գենդերային հարաբերություններ» արտահայտությունը, եթե հանկարծ դառնա «սեռային հարաբերություններ»: Նա քանիցս կրկնեց, որ օրենքի նպատակը միայն եւ միայն կանանց հանդեպ խտրականություններին օրենքով վերջ տալն էր, ինչը մեր երկիրը պարտավորվել է անել դեռ 1993-ին՝ համապատասխան միջազգային կոնվենցիան ստորագրելով:

Տիկին Բիշարյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ որոշեց նման առաջարկով հանդես գալ: Նա հաստատեց, որ պատճառը «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» ՀՀ օրենքի ընդդիմախոսներն էին, նրանց անընդհատ դժգոհությունները. «Հանդիպեցինք քննադատող կողմի հետ, որոնք պնդում էին, որ գենդեր բառը հանվի, մենք կառավարություն ուղարկեցինք մեր առաջարկությունը, որպեսզի այդ բառը հանվի եւ փոխարենը լինի «սեռ» բառը:  Կառավարությունը առաջարկեց համատեղ աշխատել օրենքի փոփոխության վրա, աշխատեցինք, բայց չեկանք ընդհանուր եզրակացության: Կառավարությունը կարծես թե գնում էր նրան, որ «ձեռքբերովի վարքագիծ» արտահայտությունը հանի եւ դրանով սահմանափակվի, իսկ մեր առաջարկությունը՝ փոխարինել «սեռ» բառով, ստացավ բացասական եզրակացություն»:

Մեր հարցին՝ «իսկ Դուք չե՞ք գտնում, որ իսկապես այդ բառերը համարժեք չեն, չեն փոխարինում մեկը մյուսին», տիկին Բիշարյանը պատասխանեց. «Գենդեր բառը բազմաթիվ բացատրություններ ունի, օրենքի մեջ գենդերը բացատրվում է որպես սոցիալական ուղղվածություն՝ սեռի հետ կապված, բայց եթե ասենք «սեռ», դա արդեն սոցիալական չի լինի, կոնկրետ սեռի մասին է: Պետք է ասեմ, որ դժգոհ կամ ընդդիմախոս կողմերը պետք է առաջարկություններ ներկայացնեն: Հիմա իմ առաջարկը բացասական եզրակացությամբ դուրս եկավ շրջանառությունից, կառավարությունը պետք է բերի իր առաջարկությունը, չգիտեմ, թե դա երբ կլինի: Թող այդ ընդդիմախոսները դիմեն լեզվի տեսչությանը, թող առաջարկեն ավելի համահունչ եւ իմաստապես ամբողջական բառ, եւ եթե լինի նման առաջարկ, ես պատրաստ եմ հանդես գալ նոր առաջարկով՝ օրենքում փոփոխություն անելու, միայն թե փարատենք այդ մտահոգությունը, որ ունեն մեր որոշակի շերտեր»:

Մեր հարցին, թե՝ այս կարեւորագույն դրույթներով օրենքը, որն արդեն ութ տարի է՝ շրջանառվում էր եւ վերջապես այս տարի մայիսին ընդունվեց, փաստորեն, մեկ բառի պատճառով, այն էլ՝ գուցե թե անհիմն, եթե հավատանք կառավարության ներկայացուցիչներին, անընդհատ քարկոծվելո՞ւ է, տիկին Բիշարյանը պատասխանեց. «2005-ին «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՕԵԿ խմբակցությունը դրեց շրջանառության մեջ, նպատակ ուներ մեր պետության բոլոր շերտերում՝ գործադիր, օրենսդիր, տեղական ինքնակառավարման, դատական, քաղաքացիական եւ այլն, ուշադրություն հրավիրել եւ պահանջել կանանց իրավահավասարություն: Այսօր, թեեւ Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ քաղաքական ուժերի ցուցակում յուրաքանչյուր վեցերորդը կին լինի, տեսնում ենք, որ քաղաքական ուժերը գրում են կանանց, բայց քանի որ արգելող օրենք չկա, հետո կանանց ցուցակից հանում են, փոխարենը  գալիս են տղամարդիկ: Անգամ ԸՕ պահանջը չի կատարվում, եւ այս օրենքն անհրաժեշտ է, որպեսզի ամենուր լինի կանանց իրավունքների գիտակցում եւ նրանց հանդեպ խտրական վերաբերմունքի բացառում: Մեր երկրում բարձրագույն կրթություն ունեցողների 65-70%-ը կանայք են, բայց նրանք ներգրավված չեն պետության կառավարման գործում, չունենք ոչ մի կին մարզպետ, ընդամենը երկու նախարար կա, մատների վրա հաշված գյուղապետեր… Այս հարցը լուծելն էր մեր նպատակը: Հետո կառավարությունը բերեց նմանատիպ նախագիծ, եւ մենք էլ մշակեցինք, կառավարությունն էլ մշակեց, ի վերջո դարձավ միասնական նախագիծ, եւ այսքան տարիների ընթացքում մշակվելուց հետո վերջապես դարձավ օրենք: Մեզ մնում է միայն մտահոգիչ դրույթների վրա  աշխատել»:

Ֆիլարետ Բերիկյանը երեկ կայացած հանձնաժողովի նիստին ասում էր, որ օրենքի դեմ խոսացողներից ոմանք պատվեր են կատարում, մեր հարցին, թե նա ո՞ւմ ի նկատի ուներ, տիկին Բիշարյանը պատասխանեց. «Նա ասում էր, որ Համահայկական ծնողական կոմիտեն մի քանի ամսվա ընթացքում կազմավորվեց եւ թիրախավորեց այս խնդիրը, եւ գուցե դա նկատի ուներ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք օրենքի վրա, պետք չի պիտակավորել մարդկանց, ավելի լավ է՝ օրենքում եղած խնդիրները վերացնենք, որպեսզի հանենք մտավախությունը: Կան մարդիկ, որ կարծում են, թե օրենքի տակ այլասերում է թաքնված, եւ վարկաբեկում են հեղինակներին, այնինչ դա բացարձակապես ճշմարտության հետ որեւէ աղերս չունի, մեր նպատակը այս օրենքով միայն եւ միայն իրավահավասարություն հաստատելն է»:

Եթե դրանք միայն շահարկումներ են, ինչո՞ւ եք տեղի տալիս, եւ ինչպե՞ս պետք է դուրս գալ այդ արատավոր շղթայից: Մեր այս հարցին էլ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» ՀՀ օրենքի համահեղինակը պատասխանեց. «Մենք իրավունք չունենք հաշվի չնստելու մարդկանց կարծիքի հետ, եթե անգամ մի քանի հոգի են: Խնդիրը հանրությանն իրազեկելու մեջ է: Իրազեկման պակասի պատճառով մարդիկ մտածում են, որ այս օրենքը «բոբո» է, բայց եթե մենք աշխատենք, իրազեկենք, բացենք օրենքի դրույթները, բացատրենք նպատակները, ապա կհասկանան, եւ կարծիքը կփոխվի»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930