Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էր, որ մի անգամ գաս նայես ղարաբաղցի երեխաների աչքերին, ինձ կհասկանաս»

Նոյեմբեր 08,2013 14:15
Avo-1

Տիկին Կարինեն ամուսնու
պատվոգրերով հպարտանում է:

Avo-3

Ավոյին նկարել է իտալացի լուսանկարիչը՝ պատերազմի ժամանակ:

«Շատ ծանր տարա, երբ գյուղի հուշարձանին Ավոյի անունն էլ գրեցին, հոգեպես պատրաստ չէի, հետո սկսեցի ինձ մխիթարել, թե լավ՝ կգա իր ձեռքով իր անունը կջնջի»,- ընտանեկան ալբոմի թերթերի արանքից հանելով խնամքով պահած ամուսնու պատվոգրերը՝ ասում է տիկին Կարինեն: Չորս երեխաները՝ Նեկտարը, Ռուզանը, Սարգիսն ու Տաթեւիկը, սպորտում ունեցած հաջողությունների համար ստացած պատվոգրերն ու մատիտով նկարած նկարները 21 տարի առաջ անհետ կորած ամուսնուց մնացած ամենաթանկն են տիկին Կարինեի համար:

Այվազ Թարվերդյանը՝ Ավոն, «Արաբոյի» ջոկատում մարտնչող այն ազատամարտիկներից մեկն է եղել, որի մահը հաստատող կամ հերքող որեւէ ստույգ տեղեկություն մինչ օրս չկա: Տիկին Կարինեն թեեւ գիտակցում է, որ այդ տարիներին ընթացող սարսափելի պատերազմից ու «Արաբոյի» ջոկատի շրջափակման մեջ հայտնվելուց հետո ամուսնու՝ կենդանի վերադառնալու հավանականությունը շատ քիչ է, սակայն սրտի դեմ ոչինչ չի կարողանում անել. սպասում է:

«Ամեն անգամ, եթե անծանոթ մեկը դրսից մեր դուռը ծեծում է, ինձ թվում է՝  Ավոյից մի լուր են բերել,- 21 տարի անց էլ արցունքները խեղդելով՝ ասում է տիկին Կարինեն:- Սուտ է, որ ասում են՝ ժամանակը վերքերը բուժում է, իմ սրտի վերքը տարիների հետ ավելի ու ավելի է խորանում: Ամեն անգամ թոռ ծնվելիս վերապրում եմ Ավոյի կորուստը: Միշտ ասում էր՝ երեխաներիս շուտ եմ ամուսնացնելու, որ թոռ գրկեմ»:

Այվազն արդեն 7 թոռ ունի: Որդու՝ Սարգսի մեծ տղան Ավոյի անունն է կրում: Փոքրիկ Այվազը պապիկին չի տեսել, բայց լուսանկարում տասը-քսան մորուքավոր եւ միանման հագուստով ազատամարտիկների միջից միանգամից մատնացույց է անում պապին:

Արցախյան պատերազմը Ավոյի չորս երեխաների դեմքից խլել է ժպիտը:

«Ավոյից հետո երեխաներիս աչքերը մշտապես թախծոտ են, դեմքներին էլ ժպիտ չկա: Ամեն անգամ երբ նեղվում էի, լաց էի լինում, թե ինչու է 4 երեխաներին նորից թողնում ու գնում, ջղայնանում էր, ասում էր՝ բա որ ես չգնամ, ո՞վ գնա: Ասում էր՝ մի անգամ որ գաս նայես ղարաբաղցի երեխաների աչքերին, թե ինչքան օգնության կարոտ աչքեր են, ինձ կհասկանաս: Ավոյից հետո նրա երեխաների աչքերը դառնացան»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն: Նա ընդամենը երեսուն տարեկան է եղել, երբ Ավոյի ազատամարտիկ ընկերներից լսել է ամուսնու անհայտ կորելու մասին լուրը: Ինչպես ինքն է պատմում՝ Ավոյի կորստից հետո մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին եւ վշտից չխելագարվելու համար իրեն «թաղել» է գործերի մեջ, որպեսզի երեխաների ապագան ամուսնու պատկերացրածով կառուցի:

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում ծնված եւ մեծացած եւ ոչ մի պատերազմի միջով չանցած Այվազ Թարվերդյանը արցախյան շարժման առաջին օրվանից անդամագրվել է կամավորական ջոկատներին՝ ստանձնելով «Արծիվ-13» ջոկատի շտաբի պետի պաշտոնը: Պատերազմ է մեկնել 37 տարեկանում: Ավոյի՝ 56 ազատամարտիկներից կազմավորված ջոկատն առաջին անգամ ռազմաճակատ մեկնելուց հետո վերադարձել է կորուստներով. «Մարդիկ կային, որ հիվանդացած, վախեցած հետ եկան, հետո Ավոն սկսեց ջոկել, ասում էր՝ եթե մարդ պետք է գնա պատերազմ, պետք է ֆիզիկապես առողջ ու հոգեպես պատրաստ լինի: Ավոն չէր ծխում, չէր խմում, ըմբշամարտի, ծանրամարտի վարպետ էր»,- պատմում է տիկին Կարինեն: Պատերազմ մեկնելուց առաջ Այվազը կնոջն էլ է կրակել սովորեցրել, որ անհրաժեշտության դեպքում կարողանա իրեն եւ երեխաներին պաշտպանել. «Պատերազմ մեկնելուց առաջ օր ու գիշեր մեր տանը հրացաններ էին նորոգում, փորձարկում, կռվից առաջ տղաներին անպայման կրակելու էին տանում: Մի անգամ հրացանի փողը վերանորոգելիս պայթեց տղաներից մեկի ձեռքի մեջ, արյան մեջ թաթախված շտապ նստեցին մեքենան ու հիվանդանոց գնացին, վնասվածքներ էին ստացել: Հետո եկան եւ նորից շարունակեցին իրենց գործը, մեկ րոպե անգամ դադար չէին առնում: Երեխաների աչքի առաջ արճիճ էին հալեցնում, զենք պատրաստում»,- պատմում է ազատամարտիկի կինը:

Հոկտեմբերի 15-ին Այվազի ծննդյան օրն է. ամեն տարի այս օրը Մայիսյանի դպրոցում Ավոյի հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվում, ծաղիկներ են դրվում գյուղի՝ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եւ անհետ կորածների հուշարձանին, որտեղ գրված է նաեւ Այվազ Թարվերդյանի անունը:

«Ես էլ եմ ծաղիկներ դնում, բայց մեկ է՝ հոգուս խորքում չեմ հաշտվում, սպասում եմ, չեմ հավատում, որ Ավոն չի վերադառնալու»,- ասում է կինը:

Հինգ տարի առաջ հենց փողոցում տիկին Կարինեին մի տեսաերիզ են հանձնել, որում ցուցադրվում է այն վայրը, որտեղ «Արաբոյի» ջոկատն ընկել է շրջափակման մեջ: Տիկին Կարինեի պատմելով՝ գետնին շարված հայ ազատամարտիկների դիակներ ցուցադրող տեսանյութն ուղեկցվել է ադրբեջաներեն մեկնաբանություններով. «Թուրքերը (նկատի ունի ադրբեջանցիներին,- Լ. Բ.) քայլելով անցնում էին մեր տղաների դիակների կողքով ու ասում՝ «հլը նայի՝ իրանց Անդրանիկի տեղն են դրել, կարող էին փախչել, բայց մնացին ու մինչեւ վերջին փամփուշտը կռվեցին»:

Չնայած տեսանյութից հետո ոմանք ճանաչել են իրենց հարազատներին, եւ այնտեղ, իսկապես, այն տեղանքն է եղել, որտեղ ջոկատն ընկել է շրջափակման մեջ, սակայն տիկին Կարինեն հույսը չի կորցնում. «Կային կանայք, որ ճանաչեցին իրենց ամուսիններին, որդիներին, բայց ես չճանաչեցի, իմ աչքին բոլորն էլ Ավոն էին երեւում»:

Այս տարիների ընթացքում Ավոյի ընտանիքը ջոկատի մարտիկների կենդանի լինել-չլինելու մասին կցկտուր տեղեկություններ է ստացել: Դեռ տարիներ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունից տիկին Կարինեին ասել են՝ նրանց ճակատագրերը ճիշտ է՝ անհայտ է, բայց ամենավատին սպասեք: Մի անգամ էլ, ինչպես մեզ հետ զրույցում պատմեց տիկին Կարինեն, ազգային անվտանգության աշխատակիցներն են ասել, որ տեղեկություններ ունեն, թե «Արաբոյի» ջոկատի տղաներից ոմանք Ադրբեջանի նկուղներում գերի են պահվում, սակայն անուններ չեն հրապարակել՝ նրանց վտանգի չենթարկելու պատճառաբանությամբ:

Տիկին Կարինեն ո՛չ արմատներով է Ղարաբաղից, ո՛չ էլ այնտեղ հարազատներ ունի, սակայն ամեն տարի այցելում է Արցախ. հոգու պարտքն է համարում. «Ավոյի եւ մյուս տղաների ման եկած տեղերով ենք անցնում, հեռադիտակով նայում ենք այն վայրը, որտեղ նրանք ընկել են շրջափակման մեջ, թեեւ շատ վտանգավոր է, բայց ոնց որ մի տեսակ հոգու կանչ լինի»,- ասում է նա:

«Ավոն քանդակագործ-նկարիչ էր, խաչքարեր ու շիրմաքարեր է քանդակել հարյուրավոր մարդկանց համար, սակայն այսօր նրա գերեզմանի տեղը նույնիսկ հայտնի չի, մի շիրմաքար էլ չունի»,- նեղսրտած պատմում է ազատամարտիկի կինը եւ շարունակում. «Սարգիսս 7 տարեկան էր, երբ հայրը պատերազմ գնաց, նրանից հետո որդիս միանգամից մեծացավ՝ փայտ էր կոտրում, անասուն պահում, դարձավ տան տղամարդը: Երեխաներս երկար տարիներ վիրավորված էին հորից, ասում էին՝ «ինչի՞ բոլորը պապա ունեն, մենք չունենք, ինչի՞ հենց մեր պապան գնաց»: Երկա՜ր բացատրում էի, որ ձեզ համար է գնացել, ասում էի, թե ինչ թանկ բան է հայրենիքը, գնացել է, որ այսօր դուք խաղաղ ապրեք, բայց մեկ է՝ չէին հաշտվում իրենց խաղաղության գնով հորը կորցնելու փաստին»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930