«Նորաշեն 2007» կոոպերատիվից տուժած բնակիչները, որոնք արդեն երկու տարի է՝ դատարանում պայքարում են հետ վերցնելու համար իրենց բնակարանները, երեկ անհանգստացած դիմել էին «Առավոտի» խմբագրություն՝ մտահոգություն հայտնելով իրենց դատավարությունները վարող դատավորի փոխվելու առնչությամբ: Բանն այն է, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, որտեղ լսվում է «Նորաշենի» բնակիչների գործը, դատավոր Վազգեն Ռշտունին դադարեցրել է իր լիազորությունները՝ Կոտայքի մարզի դատախազ նշանակվելու համար, ինչը բնակիչների շրջանում խուճապ է առաջացրել: Նախ՝ կոոպերատիվից տուժած բնակիչները չեն հաշտվում, որ իրենց՝ տարիներով ձգվող գործի քննությունը նորից պետք է սկսվի՝ դատավորի փոփոխության պատճառով, եւ երկրորդ՝ բնակիչները գտնում էին, որ «Վազգեն Ռշտունին դատը վարել է արդար եւ անկողմնակալ՝ հատկապես հաշվի առնելով պատասխանող կողմի կապերն ու հնարավորությունները»:
«Ոչ մի վստահություն չկա, որ այս նոր դատավորը կդիմանա Հերմինե Նաղդալյանի ճնշումներին եւ արդար դատ կանի, իսկ Ռշտունու վրա նա չէր կարողանում ազդել»,- «Առավոտի հետ զրույցում ասացին բնակիչները: Նշենք, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի տերերը՝ Արմեն Թադեւոսյանը եւ Լուսաբեկ Սամվելյանը, մեղադրվում են մի շարք քաղաքացիներին իրենց կոոպերատիվի կողմից կառուցվող բնակարանները վաճառելու, հետագայում այդ նույն բնակարանները այլ անձանց մոտ գրավ դնելու մեջ: Այսօր նորաշենցիների 7-8 բնակարան գտնվում է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի ձեռքում: Այդ մասին ՀՔԾ-ում գրավոր ցուցմունք են գրել հենց կոոպերատիվի տերերը:
Ըստ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի տված ցուցմունքի՝ Դավիթ Բեգլարյանը 2009 թվականի նոյեմբերին ամսական 5 տոկոս տոկոսադրույքով կոոպերատիվի տերերին տրամադրել է 300 հազար ԱՄՆ դոլար գումար, իսկ որպես գումարի վերադարձելիության երաշխիք՝ ինչպես անձամբ, այնպես էլ հարազատներն ու մտերիմները Արմեն Թադեւոսյանի հետ կնքել են հիշյալ շենքի 14 բնակարանների առուվաճառքի ձեւական պայմանագրեր: Այս ամենն ամրագրված է եղել նաեւ ՀՔԾ քննիչ Վաղինակ Ջանազյանի՝ 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշման մեջ:
Բնակարանների մի մասը ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում հետ են վերադարձվել իրական տերերին, սակայն մնացած բնակարանատերերի հետ Բեգլարյանը լեզու չի գտնում, քանի որ ըստ բնակիչների՝ դրանք վերադարձնելու դիմաց գումար է պահանջում:
Կարդացեք նաև
«Գիտե՞ք, ինչ տանջանքով ենք այդ գումարներն աշխատել ու այդ բնակարանները գնել, հիմա մեր բնակարանները մեզ վրա վաճառո՞ւմ է: Երկու տարի է՝ դատը գնում է, շունչներս պահած սպասում էինք, ու հիմա ողջ գործընթացը նորից պետք է սկսվի: Ռշտունին անաչառ դատավոր էր եւ Նաղդալյանի ճնշումներին չէր տրվում, բայց հիմա չգիտենք՝ ով կլինի, ով էլ լինի՝ Ռշտունու պես չի կարող դիմակայել: Այդ դատարանում քրեական գործերով մի դատավոր կա՝ Դավիթ Բալայանը, հնարավոր է հենց նրան էլ տան մեր գործը»,- ասացին բնակիչները:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ