Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատողները խրախուսվելու իրավունք ունեն

Նոյեմբեր 08,2013 14:07

«Ամեն ամիս մեր տնօրինությունը յուրաքանչյուրիս  քաղցրավենիքի, սուրճի եւ այլ արտադրանքների  տեսքով նվերներ է մատուցում, իսկ ահա Ամանորին առձեռն 20 000 դրամ պարգեւավճար է տալիս… Լավ է, երբ  քեզ առանձնակի ուշադրություն են դարձնում, դու քեզ լավ ես զգում, հասկանում ես, որ քեզ զուտ բանվորի պես չեն վերաբերվում. չէ՞ որ աշխատողը եւս լավ վերաբերմունքի իրավունք ունի»,- նշում է Դիանա Բաղդասարյանը, ով որպես վաճառողուհի աշխատում  է «Grand Candy»-ի խանութ-սրահներից մեկում:

Աշխատանքն արդյունավետ դարձնելու նպատակով աշխարհի տարբեր երկրների տարբեր ընկերություններում  ընդունված է խրախուսել իրենց աշխատակիցներին: Դա կարող է լինել թե՛ տեխնիկայի, թե՛ զանազան այլ նվերների, թե՛ պարգեւավճարների  տեսքով: Որքանով է այս մեթոդը կիրառելի  Հայաստանում, փորձեցինք ճշտել մեր ուսումնասիրության արդյունքում:

Հարցում անցկացրինք  7 մասնավոր ընկերությունների աշխատակիցների շրջանում  («ԲԱՍՆԱ»  ՍՊԸ, «Մաքթերեզ» մարկետ, «Մկրտչյան որդիներ» սուպերմարկետ,  «ARGO» ավտոլվացման կենտրոն, «Շեն տեքստիլ» խանութ-սրահ, «Grand Candy»,  «ԱրմենՏել» ընկերություններ): Հարցման ընթացքում պարզվեց, որ նշված մասնավոր ընկերություններից երեքը («Շեն տեքստիլ» խանութ-սրահ,  «Մաքթերեզ» մարկետ,  «Grand Candy)  «խրախուսական միջոցներ»  են կիրառում իրենց   աշխատակիցների ծննդյան օրերի, հարսանեկան արարողությունների, երեխայի ծննդի, տոնական օրերի եւ այլնի  կապակցությամբ:   Գումարի տեսքով հատկացված նվերների միջին արժեքը կազմում է  10 000 դրամ: «Ո՞նց կարող ես անտեսել աշխատակցիդ ծննդյան օրը կամ Մարտի 8-ը: Անձամբ ես իմ 5 աշխատակիցներին  այդ օրերին նվերներ եմ մատուցում.  յուրաքանչյուրի համար նախատեսում եմ  մոտավորապես  20 000 դրամ, իսկ լավագույն աշխատակիցներիս  պարգեւավճարներ եմ տալիս»,- ասում է «Մաքթերեզ» մարկետի  տնօրենը: Իսկ Լուսինե Սողոմոնյանը, ով աշխատում է «Շեն տեքստիլ» խանութ-սրահի մասնագիտացված կարի արտադրամասում, պատմում է.  «Պատահում է, որ երբ  մեր տնօրենը վերադառնում է գործուղումից, բոլոր աշխատակիցներիս անհատական  սիմվոլիկ նվերներ է բերում, ինչը, իհարկե, ուրախացնում է մեզ: Կապ չունի արժեքը, այն, որ բացի ֆիքսված աշխատավարձից, տնօրենը կարող է քեզ նվեր մատուցել, դա արդեն ողջունելի փաստ է, որովհետեւ հազվադեպ է պատահում»: Լուսինեն նաեւ հավելում է՝ իրենց տնօրինությունը  «առատաձեռն» է  հատկապես նորապսակների հարցում. «Մեր ղեկավարը էսպիսի ավանդույթ է մշակել. ով ամուսնանում է, նրան նվիրում է իր ընկերության վարագույրներից, ծածկոցներից, նաեւ  ճամփորդության համար ուղեգիր: Դե մեր կարի արտադրամասում հիմնականում կանայք են աշխատում, տնօրենի կողմից սա շատ լավ «օժիտ» է համարվում»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է կոնկրետ պարգեւավճարներին, նշենք, որ մեր ուսումնասիրած 7 մասնավոր ընկերություններից 5-ը կիրառում են այս մեթոդը. «Վերջերս  6000 դրամ պարգեւավճար եմ ստացել,  դա, բնականաբար,  ոգեւորեց ինձ, որովհետեւ գործատուն պարտավոր չէ խրախուսել քեզ,  չնայած շատ կցանկանայի, որ գումարը մի քիչ շատ լիներ»,- ասում է Վլադիմիր Բազեյանը, ով որպես օպերատոր աշխատում է «ԱրմենՏել» ընկերությունում:

Աշխատակիցների հետ զրույցների ընթացքում նրանք նշեցին, որ իրենք  շատ ժամանակ են անցկացնում աշխատանքի վայրում, երբեմն ստիպված լինելով քիչ ժամանակ հատկացնել իրենց անձնական կյանքին: Այդ իսկ պատճառով տնօրինության կողմից փոքրիկ ուշադրությունն ու հոգատարությունն իրենց նկատմամբ պարտավորեցնում է նույն կերպ պատասխանել նրանց: Գործատուներից շատերը եւս կարեւորում են այս ամենը:  «Այսօր գրեթե չես կարող  չոր աշխատավարձով   ապրել: Շատ կարեւոր է, որ դու  խրախուսես աշխատողներիդ: Բնականաբար, մեկը կարող է վատ աշխատել, մյուսը՝ լավ, իսկ դու չպիտի մի աչքով նայես նրանց, պետք է խրախուսես, որ իրենք էլ չկորցնեն իրենց եռանդը»,- ասում է «Մաքթերեզ» մարկետի  տնօրենը:

Հարցման ընթացքում պարզեցինք նաեւ, որ վերը նշված մասնավոր ընկերություններից մի քանիսը ոչ միայն խրախուսական միջոցներ են հատկացնում իրենց աշխատակիցներին, այլեւ իրենց իսկ միջոցներով հոգում են նրանց սննդի հարցը՝ ասելով, որ աշխատակիցների լավ սնվելն ու  նրանց նկատմամբ լավ վերաբերմունք ցուցաբերելը բարձրացնում է  աշխատանքի արդյունավետությունը: «Սա բարի կամքի դրսեւորում է, գիտեմ, որ ընկերությունների 95%-ը  էսպիսի բան չի անում, սա նրանց պարտավորությունների մեջ չի մտնում, բայց մեր տնօրենը փորձում  է  ջերմ մթնոլորտ ստեղծել իր աշխատակիցների համար, որպեսզի վերջիններս  լավ աշխատեն»,- ասում է  «Մկրտչյան որդիներ» սուպերմարկետի հաշվապահ Դավիթ Սարգսյանը:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հ.Գ.  Գործատուի եւ աշխատողների հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ  եւ այլ իրավական ակտերով:  Ըստ սույն օրենսգրքի  ՀՀ աշխատանքային օրենսդրությունը  եւ դրանով կարգավորվող հարաբերությունները բաժնի 5-րդ հոդվածի՝ աշխատողը նաեւ խրախուսանքի ենթարկվելու իրավունք ունի:

Հարցման ընթացքում պարզվեց, որ հարցման մասնակից աշխատողները չգիտեին իրենց իրավունքի մասին, որ գործատուի կողմից պարգեւավճարների եւ այլ խրախուսանքների ենթարկվելը սոսկ նրա բարեհոգության արդյունք չէ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930