Լրահոս
Օրվա լրահոսը

«Փախստականների գործերով միգրացիոն ծառայությունը արձագանքում է «Copy, paste» է անում» հոդվածին

Նոյեմբեր 08,2013 14:05

www.aravot.am–ի կայքէջում 2013 թ. հոկտեմբերի 31-ին զետեղված «Փախստականների գործերով միգրացիոն ծառայությունը «Copy, paste» է անում» վերտառությամբ հոդվածում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:                               

Հոդվածագիրն իր հոդվածով անդրադարձել է անձանց փախստականի կարգավիճակի դադարեցման վերաբերյալ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից որոշումների ընդունման, ինչպես նաեւ այդ որոշումների դատական կարգով քննության հարցերին՝ հիմնականում ցիտելով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Աշխեն Եսայանի խոսքերը:

Ըստ վերջինիս հայտարարության՝ «ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության՝ փախստականների կարգավիճակի դադարեցման վերաբերյալ որոշումները չեն համապատասխանում իրականությանը եւ նկատվում են բացահայտ խախտումներ…»: Փաստաբանը, թեեւ հանդիսացել է փախստականների գործերով հիմնական ներկայացուցիչը դատարաններում, սակայն իրազեկ չի եղել դատական վիճակագրությանը: ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից ընդունվել են փախստականի կարգավիճակը տարբեր հիմքերով դադարեցման վերաբերյալ 150 որոշումներ, որոնցից ընդամենը 39-ն է բողոքարկվել դատական կարգով եւ միայն 3-ի վերաբերյալ են ընդունվել փախստականի կարգավիճակ տալուն պարտավորեցնելու վերաբերյալ դատական ակտեր: Նման պայմաններում խոսք լինել չի կարող ծառայության կողմից իրականությանը չհամապատասխանող որոշումների ընդունման կամ բացահայտ խախտումների մասին:

Փաստաբանը նշել է, որ վարչական վարույթի մասնակիցները չեն հրավիրվել ծառայություն, որպեսզի վարույթի ընթացքում հնարավորություն ունենան պաշտպանել իրենց իրավունքները: Փաստաբանը հաշվի չի առել, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչարարության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածը վարչական մարմնին ընձեռում է առանց վարչական վարույթի մասնակցին լսելու որոշման կայացման հնարավորություն: Ծառայությունում վարչական գործերի բացարձակ մեծամասնության քննության ընթացքում անհրաժեշտություն չի առաջացել վարչական վարույթի մասնակիցներին հրավիրելու ծառայություն, քանի որ առկա են եղել առանց վարչական վարույթի մասնակցին լսելու որոշման կայացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքեր (Օրինակ՝ անձը դիմել է իրեն փախստականի կարգավիճակը հավաստող տեղեկանք տրամադրելու խնդրանքով, մինչդեռ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժով նա հանդիսացել է ՀՀ քաղաքացի):

Ի դեպ, նույն թեմայով միայն այս տարվա ընթացքում լրագրողը «Առավոտի» էջերում հանդես է եկել ավելի քան 30 տարբեր հրապարակումներով, դրանցով  փորձելով ամեն կերպ ստվերել  ծառայության գործունեությունը:

Մի կողմ թողնելով, որ հոդվածները բովանդակային առումով մեկը մյուսից «Copy, paste» են արված», օգտագործվել է լրագրողի կողմից վերջին հոդվածի վերնագրում կիրառված տերմինը, հարկ ենք համարում  տեղեկացնել, որ նման կողմնակալ մոտեցման հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ծառայությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունել է նրա փախստականի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ որոշում: Ծառայության որոշումը նրա կողմից բողոքարկվել է դատական ատյաններում, որը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով թողնվել է անփոփոխ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

 «Առավոտը» շարունակելու է անդրադառնալ ՀՀ վարչական դատարանում փախստականների գործերով դատական նիստերին: Անկախ այն բանից, թե ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունը կներկայանա՞ դատարան, թե՞ ոչ:

Որպես կանոն՝ ծառայությունը չի ներկայանում, եւ դա արդեն խոսուն փաստ է ծառայության աշխատանքի:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930