Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ արվեստագետներ դեմ են «դպրոց» ասվածին

Նոյեմբեր 08,2013 14:01

«Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում  այսօր, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Ստեֆան Վիլլիխի (Գերմանիա) ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը (լուսանկարում): 14 տարի առաջ հենց վերջինիս համերգով է բացվել «XXI-ի հեռանկարներ»  միջազգային փառատոնը, որը հետագայում վերանվանվեց «Երեւանյան»:

Մեզ  հետաքրքրող հարցերի պատասխանները լսելու ակնկալիքով հանդիպեցինք դաշնակահարի հետ:

Միջազգային լայն ճանաչում վայելող դաշնակահարը համերգներով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ այլուր, ելույթներ է ունեցել ճանաչված նվագախմբերի, այդ թվում՝ Մյունխենի, Իսրայելի, Լոս Անջելեսի, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի, Տորոնտոյի եւ այլ կոլեկտիվների հետ: Համագործակցել է ճանաչված դիրիժորներ Աշկենազիի, Կոնդրաշինի, Նագանոյի, Հոգվուդի, Յանովսկիի եւ մյուսների հետ: «Առավոտը» երաժշտին հիշեցրեց 1970-ականների սկզբին Երեւանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» շրջանակներում  երիտասարդ Լյուբիմովի մենահամերգի մասին, հետաքրքրվելով՝ այսօր Ռուսաստանում շարունակվո՞ւմ է երեխաների համար աբոնեմենտային համերգների քաղաքականությունը:

«Նման կրթական երաժշտական ծրագիրը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կարելի է ասել մասամբ է իրագործվում Ռուսաստանում: Դպրոցականների երաժշտական կրթության մասով հիմնականում հոգ են տանում անհատները, օրինակ՝ ճանաչված երաժշտագետ Սվետլանա Վինոգրադովան վերջին շրջանում Մոսկվայի հեղինակավոր դահլիճներում անցկացնում է համերգ-զրույցներ,- ասաց Ալեքսեյ Լյուբիմովը, շարունակելով,- ես էլ Մոսկվայի կոնսերվատորիայում համեմատաբար վերջերս հիմնել եմ բարոկկո երաժշտության եւ ժամանակակից երաժշտության դասընթացներ: Երեխաների ու երիտասարդության համար  զուգահեռ կազմակերպում եմ համերգներ՝ «17-18-րդ դարերի երաժշտությունը» կամ «Դարասկզբի դասական երաժշտությունը» խորագրերով»:

Դիտարկմանը՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական կատարողական արվեստը, մասնավորաբար՝ դաշնամուրային, հավանաբար կրում է արեւմտյան դպրոցների ազդեցությունը, մեր զրուցակիցը նշեց, որ ինքը դասական եւ ռոմանտիկ ստեղծագործությունների սիրահար է ու մեկնաբան, ժամանակին նույնիսկ ռոք երաժշտությամբ է տարվել, հետո էլ հայտնեց. «Դպրոց հասկացությունը ես չեմ ընդունում: Օրինակ, ինքս սովորել եմ ականավոր դաշնակահար եւ մանկավարժ Հենրիխ Նեյհաուզի դասարանում, որը այդ տարիներին իսկապես ճանաչված դեմքերից էր: Ժամանակները գալիս են եւ անցնում ու տարբեր հատվածներում «թագավորում» է արվեստագետների մի խումբ եւ նրանց համարել դպրոց, կարծում եմ՝ ճիշտ չէ:  Կարճ ասած՝ տարբեր ժողովուրդների մոտ յուրաքանչյուր շրջան ունեցել է եւ ունի, օրինակ՝ կոմպոզիտորների, երաժիշտների, նկարիչների՝ աշխարհին հայտնի խմբեր, որոնց պարագայում ոչ թե դպրոց, այլ արվեստ բառը պետք է օգտագործել»:

Այս առիթով տեղին է հիշել շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի հետ կապված հայտնի պատմությունը: Ժամանակին, երբ նա  Ալեքսեյ Լյուբիմովի նման «Առավոտի» հետ զրույցում ասել էր, թե չի ընդունում դպրոց հասկացությունը, դա առաջացրել էր որոշ մասնագետների վրդովմունքը: Հալաջյանը նշել էր, որ հայերս իսկապես ունեցել ենք մի շրջան, երբ ստեղծագործել են մեծանուն կոմպոզիտորներ Խաչատրյանը, Միրզոյանը, Հարությունյանը, Խուդոյանը, Սարյանը, Բաբաջանյանը…, այսօր էլ կան եւ ապագայում էլ կլինեն անվանի ստեղծագործողների խմբեր, բայց նրանց մասին ոչ թե դպրոց պետք է ասել, այլ կոմպոզիտորական արվեստ: Ի դեպ, գերմանացի հանրահայտ դաշնակահար Բերնդ Գլեմզերն էր այս արվեստագետներին տրամագծորեն հակառակ կարծիք էր հայտնել «Առավոտի» հետ զրույցում. «Երրորդ ռայխի տարիներին, երբ Գերմանիայի լավագույն երաժիշտները արտագաղթել էին հայրենիքից, հայտնվելով հիմնականում Ռուսաստանում ու ԱՄՆ-ում, 1960-70-ականներին գերմանական կատարողական դպրոցը (դաշնամուրի, ջութակի եւ այլն) ցածր մակարդակի էր եւ միայն Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ես հասկացա, որ հենց ռուսական դպրոցը վերադարձնում է մեզ իրական գերմանական կատարողական արվեստը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930