Երիտասարդ կինոբեմադրիչ եւ օպերատոր Գուրգեն Ջանիբեկյանի «Պեպիտոն» մի անհավակնոտ ֆիլմ-դիմանկար է, որտեղ թեթեւ շնչով պատկերված է մերօրյա Երեւան մայրաքաղաքին գույն եւ համուհոտ տվող մարդկանցից մեկը՝ երաժիշտ Գեւորգը։ Մեր փաստագրական կինոյում եւ առհասարակ արվեստում անդրադարձ քիչ է կատարվում հանրության լուսանցքային խավերին, որոնք իրականում հիանալի նյութ են հատկապես կինովավերագրության համար։ Փողոցային երաժիշտը, որը ճամփորդում է հեծանվով եւ ունի երկար մազեր, հայաստանյան իրականության մեջ, ցավոք, արդեն իսկ պատկանում է մարգինալ խմբին։ Ջանիբեկյանի հերոսը՝ փոքր-ինչ տարօրինակ եւ մանկամիտ, աշխարհին բաց աչքով նայող երաժշտության խենթը, որն իր հացը վաստակում է Հյուսիսային պողոտայում կիթառ նվագելով, կինեմատոգրաֆիական տեսակետից միանգամայն գտնված կերպար է, որի տիպաժը վստահաբար կցանկանային օգտագործել նաեւ խաղարկային կինոյի բեմադրիչները։ Առհասարակ, այս փաստագրության մեջ լավագույնս է լուծված կերպարայնության խնդիրը։ Ռեժիսորը, լինելով միաժամանակ օպերատոր, կարողացել է «որսալ» ոչ միայն հետաքրքրական ակնթարթներ, որոնք հերոսին եւ նրա երաժշտությանը որպես ֆոն են ծառայում, այլեւ ամբոխի առօրյա գորշության մեջ հայտնաբերել եւ ֆիլմում դրոշմել մեկը մյուսից աչքի ընկնող կերպարներ, որոնք իրենց աուրայով եւ թողած տպավորությամբ չեն զիջում Ֆելինիի եւ Կուստուրիցայի հերոսներին։ Սակայն ֆիլմի հերոսի եւ նրա շուրջը եղած անգույն կամ խիստ բնութագրական կերպարների փաստագրումն ինքնանպատակ չէ։ Պեպիտոյի պարզունակ մենախոսությունների մեջ ի հայտ են գալիս նաեւ սոցիալական խնդիրներ։ Արդեն քանի տարի է՝ նա չի կարողանում վերանորոգել տալ իր սիրելի կիթառը, որը նա իր մարմնի մի մասն է համարում։ Երաժշտության հետ խաղացող եւ նրա մասին փիլիսոփայող այս մեծ մանուկն ասում է, որ իր բացարձակ ազատությունը զգում է միայն նվագելիս, մինչդեռ չնվագելիս իրեն զգում է երեւանցի, այսինքն՝ լուրջ եւ չշփվող, ինչին հակադրում է Մոսկվայում իր ունեցած ազատությունը։ Այս միտքը լուրջ խորհրդածությունների տեղիք է տալիս այսօրվա հայ հանրության մեջ ստանդարտից դուրս մարդու, արվեստի խենթ նվիրյալի ունեցած տեղի եւ նրա հանդեպ վերաբերմունքի մասին։
Մեր կարծիքով՝ ֆիլմն ավելի կշահեր, եթե հեղինակը մի քիչ ավելի «անխնա» մոնտաժեր, սակայն եղած տեւողությամբ հանդերձ՝ «Պեպիտոն» չի ձանձրացնում, այն դիտվում է հաճույքով եւ հանդիսատեսի մեջ թողնում ուրախ եւ տխուր խորհրդածությունների մի շղթա…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ