Վերջերս հրապարակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի խոշոր հարկատուների ցանկը, որտեղ նորից զանազան «գրուպների» եւ «հոլդինգների» կողքին հայտնվեցին պետական բուհերը: Այն անմիջապես ընդունվեց որպես դրական միտում, եւ անգամ դրավատանքի խոսքեր ուղղվեցին մեր բուհերին` որպես բարեխիղճ հարկատուների («Առավոտ», հոկտեմբերի 29, 2013): Սակայն անձամբ այնքան էլ դրական չեմ համարում պետական ոչ առեւտրային կազմակերպություններ համարվող մեր բուհերի խոշոր հարկատուների ցանկում հայտնվելը՝ ունենալով մի շարք նկատառումներ:
Նախ՝ պետական բուհերը շահույթ չեն հետապնդում եւ եթե նախորդ տարվա համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում կրկնակի ավելացրել են իրենց հարկային պարտավորությունները, ապա ենթադրվում է, որ դրանք շահութահարկի եւ ոչ թե եկամտային հարկի գծով են տեղի ունեցել: Իսկ եթե դա այդպես է, ապա փաստը չի կարող հանդուրժելի լինել, քանի որ հարկվող շահույթի ձեւավորումը ՊՈԱԿ-ներում արդեն իսկ խոսում է ֆինանսական հոսքերի անարդյունավետ կառավարման մասին: Հավաքագրված եկամուտները բուհերում պետք է ծախսվեն ամբողջովին, ուղղորդվելով ոչ միայն բուհի առօրյա տնտեսական պահանջներին, այլեւ գիտական հետազոտություններին, կրթության որակի բարձրացմանը նպաստող գործառույթներին: Ուստի, այսպես կոչված՝ «տնտեսված եկամուտներ» չպետք է գոյանան եւ հաջորդիվ դառնան հարկման օբյեկտներ:
Բացի այդ, սոցիալական մերօրյա ոչ բարվոք պայմաններում, երբ բարձրանում են կրթավճարները, դրանք չպետք է այսուհետ վերածվեն խոշոր հարկային մուծումների, քանի որ կրթավճարների նպատակն առավելապես ուսումնական ծառայությունների ծախսերի ֆինանսավորումն է, եւ ոչ թե հարկային պարտավորությունների սպասարկումը:
Եվ վերջապես, պետք է փոխվի նաեւ մեր պետության վերաբերմունքը հենց պետական բուհերի հանդեպ, որի արդյունքում առավել հանրային հոգածություն պետք է դրսեւորվի բուհերի նկատմամբ, տրամադրելով սուբսիդիաներ, դրամաշնորհներ, ֆինանսական օգնություններ, եւ ոչ թե իրականացնելով այնպիսի հարկային քաղաքականություն, որի արդյունքում բուհերին դարձնելով խոշոր հարկատուներ: Ի վերջո, արդարացի կլիներ, եթե առավելապես պետական բյուջեից գումարները հոսեին դեպի համալսարաններ՝ վերականգնելով պետական բուհերին հենց պետության կողմից ֆինանսական հովանավորչության երբեմնի համբավը:
Կարդացեք նաև
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ