Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատում է իր` տասնամյակներ շարունակ Սպիտակ տանն արվող կոչը
Վաշինգտոն- Այս շաբաթ ավելի քան 30 կոնգրեսականներ ստորագրեցին նախագահ Բարաք Օբամային ուղված նամակը` կոչ անելով նրան թույլատրել հայ որբերի գորգի հանրային ցուցադրությունը,- հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումարը): Հայոց Ցեղասպանության բանաձևի աջակիցներ Դավիթ Վալադաոն և Ադամ Շիֆն` այս նամակի նախաձեռնողները, գտել են լայն երկկուսակցական աջակցություն:
Նախագահ Օբամային ուղղված նամակում ասվում է. «Այս պատմական գորգը Հայոց Ցեղասպանության որբերի ձեռագործն է: Այն պատրաստվել էր Կոնգրեսի նախաձեռնությամբ ստեղծված և ամերիկյան հովանավորությամբ գործող մանկատանը: Գորգը, որն ունի ավելի քան 4 մլն ձեռագործ հանգույցներ, ներկայացվել էր նախագահ Քալվին Քուլիջին 1925թ.-ին որպես ամերիկյան օգնության և մեծահոգության երախտագիտության խորհրդանիշ: Նախագահ Քուլիջը նշեց. «Գորգը իր պատվավոր տեղը կգտնի Սպիտակ տանը, որտեղ այն կդառնա մի խորհրդանիշ, որն ամեն օր աշխարհին կհիշեցնի բարի կամքի մասին»»:
Կարդացեք նաև
Վերջին շաբաթների ընթացքում լուրեր էին շրջանառվում, թե Սպիտակ տունը ճնշման է ենթարկվում թուրքական կառավարության կողմից և միտումնավոր արգելափակել է դեկտեմբերին նախատեսված գորգի ցուցադրությունը Սմիթսոնի ինստիտուտում:
Սպիտակ տունը քննարկեց հայտարարությունը` ասելով. «Ղազիրի գորգը Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև սերտ հարաբերությունների մասին հիշեցում է: Ցավում ենք, որ այժմ չկա այն տրամադրելու հնարավորություն»:
Սպիտակ տունը որևէ բացատրություն չտվեց, թե ի՞նչը կամ ո՞վ էր խոչընդոտում գորգի ցուցադրմանը:
Այս ընթացքում Համագումարը ակտիվ կապի մեջ է եղել վարչակազմի ազդեցիկ պաշտոնյաների հետ` կոչ անելով, որ գորգը լինի մշտապես ցուցադրված ոչ միայն Սմիթսոնի ինստիտուտում, այլև Սպիտակ տանը, ինչպես նաև հասանելի լինի Միացյալ Նահանգների Կապիտոլիումում ցուցադրության համար:
«Ինձ խորապես հուզեց այս նախաձեռնությունը»,- Համագումարին ասաց «Քալվին Քուլիջը և Հայ որբերի գորգը» գրքի հեղինակ, դոտկոր Հակոբ Մարտին Դերանյանը` հավելելով. «Այս խնդիրը լուսաբանվեց երկարամյա քրտնաջան աշխատանքից հետո: Մենք խոսում ենք ջուլհակների անունից, և թե ինչ նրանք կցանկանային, որ մենք անեինք: Ես հույս ունեմ, որ այս ձգտումը կշարունակվի, և գորգը շուտով հասանելի կլինի հանրային ցուցադրման համար»:
1925թ. Նյու Յորք Թայմսի գլխավոր խմբագիր և Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց ընկերության փոխնախագահ, դոկտոր Ջոն Հ. Ֆինլին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության որբերի կողմից պատրաստված գորգը գործող նախագահ Քալվին Քուլիջին: Գորգը պարտաստվել էր ի երախտագիտություն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկվածներին Ամերիկայի ցուցաբերած օգնության և մեծահոգության: Նախկինում այն հնարավոր էր տեսնել Սպիտակ տանը 1984 և 1995թթ.: Սակայն դրանից հետո այն չի ցուցադրվել: Այդ հարցը Համագումարը բազմիցս բարձրացրել է բոլոր ԱՄՆ-ի վարչակազմերի առջև:
Ավելի քան մեկ տասնամյակ Համագումարը կոչ է անում Սպիտակ տանը և կառավարությանը` նպաստել հայ որբերի գորգի հանրային ցուցադրմանը: «Ամերիկայի հայկական համագումարը ևս մեկ անգամ կոչ է անում Սպիտակ տանը թույլատրել Ղազիրի գորգի ցուցադրությունը»,- հայտարարում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Այն ամերիկյան պատմության մի մասն է և պատկանում է Ամերիկայի ժողովրդին»:
Ամերիկայի հայկական համագումար