Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ավագանու նիստերին պարբերաբար բարձրացնում է Կոմիտաս 5-ի, Ամիրյանի եւ Սայաթ-Նովա 12-ի բնակիչների հարցերը, բայց դժգոհում է, որ քաղաքապետն այդ հարցերով հետաքրքրված չէ:
«Նման ապօրինի շինարարությունների ժամանակ, ոստիկանությունը հայտնվում է եւ պաշտպանում ապօրինի շինարարի շահերը, ինչը վկայում է, որ անօրեն երկիր ենք: Կոմիտաս 5-ի, Սայաթ-Նովա 12-ի, Ամիրյանի դեպքերում էլ տեսնում ենք, որ մարդկանց իրավունքները դրվել են մի կողմ եւ ոստիկանների հովանավորությամբ՝ պաշպանվում են ներդրողի շահերը: Քաղաքապետարանում բազմիցս բարձրացրել ենք այդ հարցերը: Ամիրյանի վերաբերյալ իմ հարցին, թե այնտեղ հանրային լսումներ չեն անցկացվել, քաղաքապետը տվեց տարօրինակ պատասխան, թե բնակիչները ութ տարի է՝ տեղյակ են եղել, որ շենք պետք է կառուցվի»,- այսօր «Էկոլուր» ակումբում դժգոհեց տիկին Բախշյանը:
Նրա խոսքով, քաղաքացիական բռնկումները, որոնք համախմբում են ոտնահարված իրավունքներով քաղաքացիներին, հեղափոխության չեն վերածվի. «Երկու օր առաջվա Մաշտոցի պողոտայի դեպքերն ասում են այն մասին, որ շատ քաղաքացիներ մտովի այդ շշերը ուզում էին շպրտել Բաղրամյան 26-ի վրա, թեկուզ համարձակությունը չի հերքում, հասկանում են՝ անօրինական է, չեն անում, բայց ամեն մեկի ձեռքին մտովի մի շիշ հաստատ կա: Պայթունավտանգ վիճակ է, ոչ մեկի ձեռնտու չէ: Կոչ եմ անում իշխանությանը՝ կամ փոխվեք, կամ հեռացեք»:
Ստյոպա Սաֆարյանն էլ դժգոհեց պետական կառավարման , ՏԻՄ համակարգի գերկոռումպացված լինելուց. «Մարդ չկա, որ չկասկածի, որ ինչ-որ գումարի դիմաց հնարավոր է գնել ցանկացած փաստաթուղթ, հետո կասեն օրինական, է օրենքի նորմերին համապատասխան: Ոչ ոք չի կարող բացառել, որ վաղն ինչ-որ մեկը մեր տան հատվածը, հողատարածքը կարող է գնել ու ասել՝ իմն է: Տարիներ շարունակ չհաջողվեց հասնել նրան, որ կառուցապատումը լինի հայեցակարգով եւ մարդիկ իմանան՝ որտեղ կարելի է եւ որտեղ չի կարելի կառուցել: Երեւանում քաոսային վիճակ է ստեղծվել եւ միտումնավոր, որովհետեւ ՀՀ իշխանությունների համար փող աշխատելու միջոց է»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, քաղաքաշինական բոլոր թույլտվությունները տրվում են՝ առանց բնակիչների կարծիքը լսելու. «Երեւանի իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ համայնքը բնակիչն է, համայնքային սեփականությունը՝ հանրության սեփականությունն է, քաղաքապետարանի սեփականությունը չէ…
Այս առումով, Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածը հասարակության հարձակումն էր ապօրինության ի դեմս Շանթի: Մեր երկիրը նման է մի տարածքի, որի վրա ծայրից ծայր բենզին է լցվել, բայց հրդեհողը չկա, մարդկանց ձեռքը չի գնում գցել այդ լուցկին: Բայց հաստատ անկայունության համար այնքան խորը հիմքեր կան, որ ցանկացած միջադեպ կարող է վերածվել մեծ հրդեհի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ