Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բելառուսը Մաքսային միության անդամակցությունից դժգոհ է. ի՞նչ է սպասվում Հայաստանին

Նոյեմբեր 08,2013 13:15

Բելառուսի կառավարությունը երկրում գոյություն ունեցող տնտեսական ճգնաժամը և տնտեսական համակարգի տապալումը կապում է Մաքսային միությանն անդամակցելու հետ: «Ամեն ինչում մեղավոր է Մաքսային միությունը»,-այսպիսի վերնագրով հոդված է տպագրվել «Նեզավիսիմայա գազետայում»:

Հոդվածում Բելառուսի առաջին փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հանդես է եկել հետևյալ քննադատությամբ. «Մաքսային միության օրենսդրական դաշտի անկատարության և համընդհանուր տնտեսական տարածքի բազմաթիվ բացառությունների գոյության պարագայում մենք ունենում ենք բազմաթիվ ծախսեր, և հաճախ մեր դիրքերը զիջում շուկայում»:

Նա մատնանշել է ՌԴ-ի կառավարության այն որոշումը, որով փաստացի փակվել է ռուսական շուկան բելառուսական գյուղատնտեսական ապրանքների համար: Իհարկե, փոխվարչապետն իր անկեղծ դիտարկումներում չի հասել նրան, որ կտրականապես մերժի Մաքսային միությունը, բայց նաև կարծիք է հայտնել, որ դեռ սխալն ուղղել հնարավոր է արտադրության և Մաքսային միության տարածքում արտադրանքի իրացման համընդհանուր կանոնների մշակման դեպքում:

Հետաքրքիր է, որ խնդիրների լուծման մի ճանապարհ էլ Սեմաշենկոն համարում է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությունը: Փոխվարչապետը հայտարարել է, որ իրենք նույնիսկ այս տարվա ընթացքում չեն կարողացել ապահովել նախատեսված 8.5 տոկոս տնտեսական աճը:

Aravot.am-ը «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանից հետաքրքրվեց`վերոնշյալ վտանգները մեզ սպառնո՞ւմ են Մաքսային միության անդամակցելու պարագայում: Պարոն Թևանյանը պատասխանեց. «Վտանգները հիմա գնահատելը դժվար է, քանի որ ոչ ընդհանուր համաձայնագիր կա, ոչ էլ մտած ենք Մաքսային միության մեջ: Բայց կա Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի որոշումը. իրենց է պետք այդ հարցերն ուղղել»:

Մեր հստակեցնող հարցին` փաստորեն Մաքսային միության անդամակցելու որոշումը միայն Սերժ Սարգսյանինն ու Տիգրան Սարգսյանի՞նն էր, պարոն Թևանյանը այսպես արձագանքեց. «Սա Սերժ Սարգսյանի անձնական որոշումն էր: Հայաստանում կարծում եմ պաշտոնական շրջանակներում որևէ մեկը չգիտի, թե իրեն ինչ է սպասվում Մաքսային միությունում: Կոնկրետ ասել չեմ կարող, թե Բելառուսն ինչ խնդիրներ է դրել իր առաջ ու ինչի առաջ է կանգնել, բայց, ընդհանուր առմամբ, որ քաղաքական որոշում է կայացվել, գնահատականները քաղաքական պիտի լինեն, ամեն հարցերի պատասխանները պիտի տան գործող իշխանությունները»:

Մեր հարցին` ինքը կո՞ղմ է ՀՀ-ի` Մաքսային միության անդամակցմանը, պարոն Թևանյանը պատասխանեց. «Իսկ մեզ հարցրե՞լ են այդ մասին: Մաքսային միությանը կողմ կամ դեմ արտահայտվելու խնդիր գոյություն չունի: Ես կարծում եմ, որ ՀՀ-ի համար ճիշտ կլիներ հավասար հեռավորության պահպանումը, հավասարակշռված քաղաքականությունը ԵՄ-ի և ՌԴ-ի հետ: Մեզ համար ոչ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելն էր այդ ձևով, որ մեզ էր մատուցվում ձեռնտու, ոչ էլ Մաքսային միության անդամակցումը: Հիմա այդ շանսը չկա, Սերժ Սարգսյանն արդեն ՀՀ-ն ամբողջությամբ դրել է մի վիճակի մեջ, որ զրկել է որոշումներ կայացնելու հնարավորությունից: Դա կոնկրետ իր քաղաքական պատասխանատվության խնդիրն է, և այն արևմտամետ խաղացողները ընդամենը մանր քաղաքական ժուլիկությամբ էին զբաղվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930