«Հայաստանի որոշումը` միանալ Մաքսային միությանը, դրական է ընկալվել Ռուսաստանի քաղաքական, տնտեսական և հասարակական սեկտորի կողմից: Իհարկե, սա չի նշանակում, թե ամբողջ հասարակությունն է դրական վերաբերում այս որոշմանը, բայց գերազանցում է, իհարկե, դրական վերաբերմունք ունեցողների բանակը»,- «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած «Հայաստան և Մաքսային միություն. եվրասիական ինտեգրման հասարակական չափում» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Նա ներկայացրեց այն օգուտներն ու ձեռքբերումները, որ Հայաստանը կունենա այս «գործարքից»: Մասնավորապես, բանախոսի հավաստմամբ, ՄՄ-ին միանալու դեպքում Հայաստանը տարեկան 100 մլն դոլարի օգուտ կունենա, քանի որ շատ մաքսատուրքեր կվերանան:
Անդրադառնալով համագործակցության մյուս ոլորտներին էլ բանախոսը նկատեց. «Եվրոպան անգամ տեսանելի հեռանկարում չի կարողանա Հայաստանին առաջարկել աշխատանքային շուկայի այն պայմանները, որոնք Հայաստանին առաջարկում է Ռուսաստանը: Հայաստանը Մաքսային միությունից կվերցնի այն, ինչ բխում է իր շահերից` սա է Մաքսային միության տրամաբանությունը: Հայաստանը պետք է անի այնպես, որ իր սեփական շուկան, անկախ առկա դժվարություններից, գրավի ու հետաքրքրի ներդրողներին»:
Նախկին դեսպանը նաեւ տեղեկացրեց, որ ճանապարհային քարտեզը, որն այսօր մշակվում է հայ-ռուս փորձագետների կողմից, պետք է ի հայտ բերի այն հնարավորությունները, որ երկրները կարող են քաղել իրենց անդամակցությունից: «Հայաստանը որոշումը կայացրել է հօգուտ Ռուսաստանի: Իսկ բոլոր այն խոսակցությունները, թե սա իմպերիալիստական պրոյեկտ է, ոչ այլ ինչ են, քան հակաքարոզչություն»,- եզրափակեց Վյաչեսլավ Կովալենկոն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ