«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր կազմակերպված «Հայաստան և Մաքսային միություն. եվրասիական ինտեգրման հասարակական չափում» թեմայով Մոսկվա–Երևան տեսակամուրջի ժամանակ «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը ներկայացրեց իրենց կողմից անցկացված սոցհարցման արդյունքները, համաձայն որի հարցվածների 86 տոկոսը բավականին դրական է վերաբերում Մաքսային միությանը միանալու ՀՀ իշխանությունների որոշմանը:
Միաժամանակ, բանախոսը նկատեց, որ թեև վստահության գործոնը առկա է, բայց 86 տոկոսից միայն 10 տոկոսն է, որ տեղյակ է, թե ի՞նչ ասել է միանալ Մաքսային միությանն ու ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հայաստանցիների վստահությունը ՌԴ-ի նկատմամբ բավականին բարձր է, բայց եկել է ժամանակը հստակ հասարակությանը ներկայացնել , թե ինչ է Մաքսային միությունը»,- ասաց նա`հավելելով, որ վստահությունը ՌԴ-ի նկատմամբ բարձր է հիմնականում տարեցների և միջին տարիքի անձանց մոտ, երիտասարդների շրջանում էլ կան կողմնակիցներ, բայց այս ուղղությամբ աշխատելու բավականին տեղ կա:
«Հասարակությունը պետք է հստակ իմանա, թե ինչի մասին է պայմանավորվում իշխանությունը ռուսական կողմի հետ, հասարակությունը ամեն ինչից պետք է տեղյակ լինի, ինչ կապված է այս գործընթացի հետ: Բացի այս, հասարակությունը պետք է հնարավորություն ունենա նաև իր առաջարկները ներկայացնել»,- հավելեց Արամ Սաֆարյանը:
Մոսկովյան տաղավարում գտնվող Լոմոնոսովի անվան ՄՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Պիլկոն համաձայնեց Արամ Սաֆարյանի հետ. «Անհրաժեշտ է բարձրացնել իրազեկման մակարդակը, հրապարակել , թե ինչ է Մաքսային միությունը և Եվրասիական ինտեգրումը, սա շատ կարևոր է: Առավել ևս, որ երկուսն էլ ունեն լուրջ հակառակորդներ, որոնք իր հերթին լուրջ հակաքարոզչական աշխատանք են տանում»:
Կարդացեք նաև
Նրա կարծիքով, ներկայումս շուկաների համար լուրջ պայքար է մղվում և եթե ինֆորմացիոն ոլորտում սխալներ թույլ տրվեն, ապա դա լուրջ խոչընդոտ կհանդիսանա հետագայի համար:
Ռուս փորձագետի այլ մոտեցումները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ