ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 նոյեմբերի, 2013թ. – Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության հետ Բանկի 2014-2017թթ. Երկրի գործընկերության ռազմավարությունը: Քառամյա այս ռազմավարությունը շրջանակային փաստաթուղթ է, որտեղ ուրվագծվում է Համաշխարհային բանկի օժանդակությունը երկրին:
Ռազմավարությունը հիմնվում է մինչև 2025թ. Հայաստանի զարգացման ռազմավարության վրա` Համաշխարհային բանկի արձագանքի առանցքային գործոնը դարձնելով մասնավոր հատվածի կողմից աշխատատեղերի ստեղծումը: Այն նաև շեշտադրում է ավելի քան մեկ միլիոն կազմող գյուղական բնակչության կենսապահովման միջոց հանդիսացող գյուղատնտեսական ոլորտում աշխատանքի արտադրողականության բարելավումը, որը կարող է հանգեցնել ավելի մեծ տնտեսական աճի, ընդհանուր բարեկեցության և աղքատության ավելի արագ նվազեցման թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում: Ռազմավարությամբ հաջորդ չորս տարիների համար առաջարկվում է 843 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օժանդակություն՝ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմամբ:
«Երկրի գործընկերության ռազմավարությունը նպատակ ունի աջակցել մասնավոր հատվածում աշխատատեղերի ստեղծմանը միտված Հայաստանի զարգացումը ամրապնդող մոտեցում,» ասաց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: «Այն նպատակ ունի հզորացնել Հայաստանի զարգացումը տնտեսության մրցունակության խթանման միջոցով, ինչը հնարավոր է աշխատատեղերի ստեղծմանը աջակցող առանցքային բարեփոխումների իրականացմամբ՝ ապահովելով առավել արդյունավետ ու արդարացի սոցիալական ծառայությունների մատուցում»:
Ռազմավարության ներքո Հայաստանին աջակցություն կցուցաբերվի հետևյալ երկու ուղղություններով.
Կարդացեք նաև
- Մրցունակությանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված աջակցություն՝ բիզնես վարելու դյուրինացման, արտահանման ու տուրիզմի խթանման և ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով և
- Սոցիալական ծառայությունների մատուցման արդյունավետության ու արդարացիության բարելավմանն ուղղված աջակցություն՝ որակյալ առողջապահական, կրթական ծառայությունները հասանելի դարձնելով բոլորի, հատկապես՝ կանանց համար և սոցիալական ապահովության համակարգը ամրապնդելու միջոցով:
Մեկ այլ կարևոր ներկառուցված և մյուս ուղղությունները փոխլրացնող ուղղություն է կառավարման ու հանրային ծառայությունների ոլորտում ձեռնարկվող հակակոռուպցիոն միջոցառումների բարելավումը: Ռազմավարությունը կօգնի վերանայել գոյություն ունեցող հակակոռուպցիոն միջոցները, բարելավել հանրային վարչարարման արդյունավետությունը և խորացնել պետական ֆինանսների կառավարման բարեփոխումները:
«Համաշխարհային բանկի խմբի աջակցությամբ ուշադրության կենտրոնում պահելով աշխատատեղերի հարցը մենք նպատակ ունենք խթանելու եկամտի աճ, ներառյալ կանանց և երիտասարդների շրջանում, միևնույն ժամանակ ծայրահեղ աղքատների համար բարելավելով հիմնական սոցիալական ծառայությունների ծածկույթը և եկամտային բաշխման սանդղակի ստորին հատվածում հայտնված բնակչության 40 տոկոսի համար բարձրացնելով այդ ծառայությունների հասանելիությունը», – ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: «Մենք նաև նպատակ ունենք աջակցել բիզնեսների ձևավորմանը, նորարարություններին և տնտեսական ենթակառուցվածքների հասանելիությանը՝ դրանք զուգորդելով կրթական ու առողջապահական ծառայությունների մատուցումը բարելավելու հետ»:
ՄՖԿ(IFC)-ը, որը Համաշխարհային բանկի խմբի անդամ կառույց է, կշարունակի ներդրումների միջոցով աջակցել իրական հատվածին այնպիսի մրցունակ ոլորտներում, ինչպիսիք են՝ հանքարդյունաբերությունն ու ագրոբիզնեսը: ՄՖԿ(IFC)-ը նաև կխորացնի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իր խորհրդատվական ծառայությունները, մասնավորապես՝ ագրոբիզնեսի, ֆինանսական հատվածի ամրապնդման և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների համար շուկան զարգացնելու ուղղություններով:
«Մասնավոր հատվածը տնտեսական աճի համար կարևորագույն գործոն է» – ասաց ՄՖԿ(IFC)-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային կառավարիչ Թոմաս Լյուբեքը: «ՄՖԿ(IFC), որի ուշադրության կենտրոնում մասնավոր հատվածի զարգացումն է, նախատեսում է նպաստել աշխատատեղեր ստեղծելու ձեռներեցների հնարավորություններին և օգնել Հայաստանին կայուն տնտեսական աճ ունենալու հարցում: Մենք կշարունակենք փնտրել ներդրումային հնարավորություններ և ապահովել խորհրդատվություն այնտեղ, որտեղ դրա կարիքն առավել շատ է զգացվում»:
1992թ.-ից ի վեր, այսինքն՝ Համաշխարհային բանկին Հայաստանի անդամակցության պահից մինչ օրս, տարբեր ծրագրերի համար հատկացվել է 1.746 մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս Համաշխարհային բանկի պորտֆելում կա 14 ակտիվ ծրագիր, որոնց ընդհանուր գումարային արժեքը կազմում է 445,4 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրերը ներառում են հինգ ներդրումային վարկավորման ծրագիր ենթակառուցվածքների ոլորտում, չորսը՝ սոցիալական ոլորտներում, երեքը՝ հանրային հատվածում, երկուսը՝ տեղեկատվական ու կապի տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում: 1995թ. Հայաստանը դարձել է ՄՖԿ(IFC)-ի բաժնետեր ու անդամ, իսկ կազմակերպության ներդրումն Հայաստանում կազմում է 271,5 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվել է տարբեր ոլորտների 44 ծրագրերի, մասնավորապես՝ ֆինանսական շուկաների, արտադրության ու հանքարդյունաբերության ոլորտներում: ՄՖԿ(IFC)-ի կողմից նաև մոբիլիզացվել են շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ այլ կառույցների կողմից: ՄՖԿ(IFC)-ի խորհրդատվական ծառայությունները մատուցվում են ֆինանսական հատվածի, կայուն էներգիայի, կանոնակարգիչ դաշտի պարզեցման և սննդի անվտանգության հարցերին ուղղված ծրագրերի միջոցով:
Համաշխարհային բանկի մամուլի հաղորդագրություն