Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալին. «Դուք այդ պաշտոնում աշխատում եք՝ այդ թվում իմ հարցերին պատասխանելու համար»

Նոյեմբեր 08,2013 11:11

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը երեկ կրկին թեժ է եղել։ «Ազատություն» ռադիոկայանը երեկ տարածեց այդ նիստի տեսագրությունից մի հատված։

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեռեւս սեպտեմբերի վերջին գրավոր դիմել էր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին՝ վերջինիցս պարզաբանում պահանջելով, թե իրավական ինչ հիմքով են ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ս/թ սեպտեմբերի 25-ին հսկիչ անցագրային կետ սահմանել Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ, պետական սահմանից շուրջ երկու տասնյակ կիլոմետր հեռու։ Հիշեցնենք, այդ օրը ռուսական ФСБ–ի ներկայացուցիչները, փակելով միջպետական ճանապարհը, խոչընդոտել էին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ՀՀ այլ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։

Փաշինյանի գրությանը պատասխանել Էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը պատգամավորին խորհուրդ տալով ծանոթանալ ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարի՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված գրությանը։ Երեկ Ռոմիկ Հարությունյանը եկել էր ԱԺ, ՀԱՊԿ շրջանակներում մի համաձայնագիր ներկայացնելու։ Փաշինյանը կրկին նույն հարցն է առաջ քաշել՝ փորձելով պատասխան ստանալ Հարությունյանից։ Ռոմիկ Հարությունյանն ասել է, թե հրաժարվում է պատասխանել Փաշինյանի հարցին՝ պատճառաբանելով, թե դա քննարկման թեմայի հետ կապ չունի։

Փաշինյանը նախ հիմնավորել է հարցի եւ քննարկվող թեմայի կապը, ապա դիմել Հարությունյանին. «Դուք չեք կարող ասել, որ իմ հարցին չեք պատասխանում, որովհետեւ պարտավոր եք պատասխանել եւ այդ պարտավորությունը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ։ Ես բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եմ, իսկ դուք ընդամենը կառավարությանն առընթեր մարմնի։ Այսինքն, մեր մեջ նույնիսկ որոշակի սուբորդինացիոն հարաբերություններ գոյություն ունեն։ Դուք այդ պաշտոնում աշխատում եք՝ այդ թվում իմ հարցերին պատասխանելու համար»,- ասել է Փաշինյանը՝ ակնարկելով, որ ինքը խոսում է որպես ԱԱԾ-ի նկատմամբ ղեկավար դիրք ունեցող բարձրագույն օրենսդիր մարմնի անդամ։

Լ. Բ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930