Հատված Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի հարցազրույցից:
– Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է ժողովրդի հավատքի ամրապնդմանն ու հոգեւորականի հանդեպ ակնածանքին նպաստում որոշ արքեպիսկոպոսների շվայտ վարքուբարքը՝ սկսած «Բենթլի» ավտոմեքենաներից, ավարտած տարբեր քրեական սկանդալներում ներգրավվածությամբ։
– Լա՛վ էլի, այդ ո՞վ է ասել, որ ինքը ճոխ վայելքով ապրել է։ Ավելի լուրջ հարցեր կան, ու ճիշտ կլինի, որ ավելի ճիշտ հարցերով զբաղվեք։ Պետք է մի քիչ շինիչ գործով զբաղվել։ Մամուլն այսօր այնպիսի տեղեկություններ է հրապարակում, որոնց մասին անգամ ես տեղյակ չեմ լինում ու մամուլից եմ տեղեկանում։
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում հայերին ըստ հավատքի տարբերակելու Ասողիկ քահանայի մոտեցումը, Ձեր կարծիքով՝ աթեիստ հայը հա՞յ է։
– Մեսրոպ Մաշտոցն էր ասել, որ ով ուզում է ճշմարիտ, կատարյալ հայ լինել, պարտադիր պետք է քրիստոնյա լինի, Աստծուն հավատացող լինի։ Բայց, իհարկե, աթեիստն էլ է հայ։ Ինչո՞ւ եք քաշքշում Մ. Մաշտոցի հին ասացվածքը։
– Խնդրում եմ նշել, թե Դուք ինչպես եք պատկերացնում ԼՂՀ հարցի լուծումը։
– Դիմե՛ք քաղաքագետներին։
– Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը։
– Ղարաբաղի հարցն արդեն լուծվել վերջացել է, էլ ի՞նչ հարց կա, վերջ։
– Սակայն Դուք վերջերս դրական էիք գնահատել Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված աղմկահարույց նամակը, որտեղ նա առաջարկում էր ԼՂ–ն ՌԴ կազմում ընդգրկել։
– Զորի Բալայանը կյանքում այդպիսի միտք չի ունեցել։ Ես չեմ ուզում մեկնաբանել, դա իր սեփական կարծիքն է, բայց Զ. Բալայանի համար անկախությունը սրբություն է, ես դա Ձեզ վստահեցնում եմ։ Նա նման հայտարարություն չի արել, ինչը ինքը չի ասել, խնդրում եմ՝ մի՛ վերագրեք իրեն։ Ինքն ասել է՝ զգո՛ւյշ եղեք Ղարաբաղի հարցում, երբ ինչ-որ որոշում եք կայացնում։ Զ. Բալայանը զգոնության, սթափության կոչ է անում։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում