Լրահոս
Օրվա լրահոսը

Շատերը Շանթի արածը համարում են հայ հանրության կենսունակության նշան

Նոյեմբեր 08,2013 10:42

Հանրային առաջին արձագանքը շոկն էր, երկրորդ ալիքում գերակշռում էին դատապարտող կամ քննադատող շեշտադրումները։ Երրորդ օրն արդեն Հարությունյանի ու նրա կողմնակիցների նկատմամբ համակրանքը գերակայող է։ Այս դինամիկան բավականաչափ խոսուն է, որովհետեւ տրամաբանությունն այն է, որ մարդիկ տաք-տաք ուրախանային Շանթի արածների վրա, հետո սթափվեին եւ ասեին բայց լավ, դա անելու բան չէր։ Ընդհակառակը՝ տաք-տաք դատապարտել են, հետո արդեն սկսում են համակրանքով վերաբերվել։

Սրա պատճառներից մեկն այն է, որ բոլորը տեսան, որ Շանթն օգտագործել է ճայթուկներ, որ սովետահայ դպրոցականներն օգտագործել են իրենց խաղերում եւ նախնական տպավորությունը, թե տրամադրված են դաժան բռնությունների, ի վերջո մարեց։ Մնաց համոզմունքը, որի վրա հիմնված էին Շանթի գործողությունները, այսպես ապրել հնարավոր չէ։ Էական չէ՝ մարդը որքանով է համաձայն Շանթի գործողության ձեւի եւ բովանդակության հետ։ Մարդը չի կարող ինքն իրեն չխոստովանել, որ մի հարցում Շանթի հետ համաձայն է կատարելապես, այսպես շարունակել չի կարելի, Հայաստանը գնում է ոչ այն ուղղությամբ, որ պիտի հանգեցնի ժողովրդավարական, իրավական, սոցիալական, ինքնիշխան պետության կայացմանը։ Սա ամենակարեւոր, բայց ամենեւին էլ ոչ նոր արձանագրումն է։

Իսկ ի՞նչ քաղաքական բովանդակություն ունի նոյեմբերի հինգը։ Շանթ Հարությունյանը եւ նրա խումբը ջարդեց հերթական մի տաբու եւ ցույց տվեց, որ կարելի է ուղղակի փայտերն առնել եւ գնալ նախագահական նստավայրի վրա։ Լա՞վ է սա, թե վատ։ Եթե նախագահականում նստած լիներ ժողովրդի ընտրյալը, վատ է։ Բայց նախագահականում նստած է ժողովրդի չընտրյալը, եւ այս տխուր իրողությունը չի կարող ինչ-որ դրսեւորումներ չունենալ անկախ նրանից մենք ուզում ենք դա, թե ոչ։

Հարցը Սերժ Սարգսյանին սիրել-չսիրելու մեջ չէ, հարցը ինստիտուցիոնալ է։ Եթե մարդու մատը փուշ է մտնում, ու փուշը չես հանում, թարախոտում է։ Թարախը հավաքվում է, ու դուրս մղում օտար մարմինը։ Դա նրանից չէ, որ փշին ատում է, չի սիրում, անհանդուրժող է դրա նկատմամբ։ Դա նրանից է, որ օրգանիզմը ունի գործունեության իր կանոնները։ Տվյալ դեպքում օրգանիզմը պետությունն է, կանոնը՝ Սահմանադրությունը։ Եվ եթե նախագահականում նա չէ, ով պիտի լիներ Սահմանադրության կիրառման պարագայում, թարախակալումն անխուսափելի է։ Դա հնարավոր չէ կանգնեցնել, իշխանության փորձերը՝ համ փուշը պահել մատի մեջ, համ այնպես անել, որ մատը չթարախակալի՝ ծիծաղելի են։ Դա կարող է լինել ժամանակավոր, անարդյունավետ միջոց՝ էնքանով, որ փուշը մատում մի քիչ երկար կմնա։ Եվ ինչ խոսք, երկար մնալով կարող է կործանել օրգանիզմը։ Բայց եթե օրգանիզմը ուզում է ապրել, նա պետք է ինքնապահպանման բնազդ ունենա։ Ահա, թե որն է հաջորդ պատճառը, որ շատերը Շանթի արածը համարում են հայ հանրության կենսունակության նշան։ Դիմադրություն կա, նշանակում է՝ հույս կա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930