Պարզվում է՝ ձերբակալվածների մեջ ոչ միայն հացադուլավոր, հոգեկան հիվանդ, այլեւ անչափահաս կա։ Անչափահաս Դավիթ Մկրտչյանի պաշտպան Հայկուհի Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չի հանդիպել իր պաշտպանյալին։ Բայց նրա հետ կապված քննության ընթացքում կարող են խոչընդոտներ առաջանալ, քանի որ Դավիթը չունի ծննդյան վկայական եւ այլ փաստաթղթեր։ Մայրը տանն է ծննդաբերել եւ հետագայում նաեւ ծննդյան վկայական չի հանել։
Իսկ թե նախաքննական մարմինը ձերբակալվածների ինքնությունը պարզելու ժամանակ ինչպես է հստակեցրել Դավիթի ով լինելը, պարզ չէ։ Դավիթին դեռ չեն հարցաքննել։ Նրա մայրը դիմում է գրել, որ առանց իրեն եւ պաշտպանի չհարցաքննեն։
Ձերբակալվածներից մեկ ուրիշի՝ Հովհաննես Ղազարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում փոխանցեց, որ փաստաբանները դժվարանում են, իսկ որոշ դեպքերում անգամ չեն կարողանում հանդիպել իրենց պաշտպանյալների հետ։ Փաստաբաններին չեն տրամադրում նաեւ անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաեւ ձերբակալման որոշումը։ «Քննիչները նույնիսկ չեն էլ պատճառաբանում, թե ինչու չեն տրամադրում որոշումները։ Քննիչներին հասնելը իսկական փորձություն է, լաբիրինթոս։ Քննչական գլխավոր վարչությունից սկսում է մինչեւ Երեւան քաղաքի քննչական վարչություն։ Ես քննչական գլխավոր վարչության պետի հրահանգով եմ ներգրավվել որպես պաշտպան, թե չէ այդ գործընթացը շատ կերկարեր: Փաստաբանները ՁՊՎ-ի առաջ շվարած կանգնած են, եւ նրանց թույլ չեն տալիս հանդիպել պաշտպանյալների հետ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը պատրաստվում է ազատ արձակվելու դեպքում բողոքարկել ոստիկանության գործողությունները՝ մասնավորապես իրեն ձերբակալելու որոշումը:
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում