Որ մեր ոստիկանության աշխատանքը հեռու է ցանկալիից, սա զգում է ոստիկանության հետ առնչվող ամեն քաղաքացի, ու ոստիկանության աշխատանքը կուզեինք շատ ավելի բարձր մակարդակում, եւ որ կարեւորն է` վստահության հարթույթից դիտարկել, սա շատերիս կյանքի օրակարգում առկա ցանկությունների շարքում դեռ երկար է լինելու: Ու չարժե մատնացույց անել զանազան զեկույցների զանազան թվերը` թե այս ու այս բարեփոխումներն են կատարվել ոստիկանությունում, այդ թղթերով մեր ոստիկանը բարեկիրթ է եւ խելացի: Իրականում հայերս վաղուց ենք երազում ուղեղը եւ ոչ թե բռունցքն աշխատացնող հայ ոստիկան, որին վստահաբար կդիմի նեղն ընկնելիս ու պաշտպանություն հայցելիս: Երրազում ենք, այո, սիրել եւ վստահել մեր ոստիկանին:
Հիմա եթե ասվածի համատեքստում հայացք նետենք նոյեմբերին 5-ին Ազատության հրապարակում կատարվածին, դրանից էլ առաջ` էշերի երթին նույն Ազատության հրապարակում, հենց միայն այդ երկու իրադարձությունների ֆոնին անհասկանալի է մնում մեր ոստիկանության գործողությունների տրամաբանությունը: Ո՞նց կարելի է թեկուզ մի քանի վայրկյան էշեր մտցնել քաղաքի սրտում գտնվող հանրային վայր ու չարժանանալ ոստիկանության կայծակնային արձագանքին, թեկուզ նույնիսկ այն պարագային, որ մի ամենակարող օլիգարխ կարող է եղած լինել այդ հանճարեղ գաղափարի ակունքներում:
Հիմա սրա համար ի՞նչ է պետք` կա՞մք, խե՞լք, ո՞ւժ, թե՞ պարզապես երկրի զգացողությունը մեջը ոստիկանություն: Կամ եթե երեք եւ ավելի օր մարդը խոսում է բենզինի շշերից, լավ, էլ ո՞րքան ժամանակ է պետք ոստիկանին` խելք աշխատեցնելու եւ կանխելու համար տեղի ունեցողը. բա որ ասում են` օպերատիվ տեղեկատվություն, բա էլ օպերատիվ տեղեկատվությունը ո՞նց է լինում, հրապարակային մարդը հայտնում էր բենզինի շշերի մասին, էլ ինչ է պետք ոստիկանության համապատասխան բաժանմունքին` ուղեղ աշխատեցնելու եւ կանխելու, բռնության կոչը բռնություն չդառնելու համար, ընդ որում` դա անելով առանց բռնության, օրենքի շրջանակում եւ պարզապես անվտանգ օպերացիայով դեռ նոյեմբերի 5-ից առաջ: Միգուցե` հրահանգ, եւ ինչո՞ւ: Ի՞նչ էր պետք հատկապես լսեցնել ու ցույց տալ: Մանավանդ` ոստիկանապետն ասում է. «Մեր տեսադաշտում են եղել ամբողջ գործողությունները, եւ ոստիկանությունը գործել է ըստ մշակված ծրագրի»: Ի՞նչ է` այդ ծրագրով պետք է սպասեին, մինչեւ Ազատության հրապարակում շշեր վառվեին կամ մահակներ գործադրվեին:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում