Նոյեմբերի 7-ին «Մեդիա կենտրոնում» «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում «Ընտանեկան բռնության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին ինչպես լրագրողներ և լրագրության ֆակուլտետի ուսանողներ, այնպես էլ ուսանողներ այլ ֆակուլտետներից:
Հանդիպման խմբավարներն էին Լիդա Մինասյանը, Աննա Հակոբյանը և Սոնա Գևորգյանը: Աննա Հակոբյանը նկատեց, որ լրատվամիջոցները ընտանեկան բռնություն թեման սկսել են հաճախ լուսաբանել. «Սակայն հաճախ լուսաբանելիս, ոչ դիտավորյալ, լուսաբանում են ոչ այնքան ճիշտ և էթիկայի նորմերին ոչ այդքան համապատասխան: Դրանից տուժում է ոչ միայն ընտանեկան բռնության մեջ հայտնված կինը, այլ նաև այն մասնագետը, որը փորձում է օգնել կնոջը և դուրս բերել այդ իրավիճակից: Ոչ ճիշտ լոսաբանումը հասարակության լայն շերտերի մոտ ոչ ճիշտ, ոչ պատշաճ վերաբերմունք է ստեղծում: Հասարակությունը ոչ ճիշտ է վերաբերվում ընտանեկան բռնության հիմնախնդրին»:
Տեղեկատվական հանդիպման ընթացքում ներկաները ուսումնասիրեցին ընտանեկան բռնության ցիկլը, պատճառը և նպաստող գործոնները, հետևանքները, տվեցին նրա սահմանումը, այն է. «Ընտանեկան բռնությունը ընտանիքի անդամներից մեկի գործողությունն է կամ անգործությունը ուղղված ընտանիքի մյուս անդամի դեմ, որը կատարվում է ուժի առավելությամբ, խախտում է ընտանիքի մյուս անդամի իրավունքների ազատությունը, սպառնում է նրա կյանքին կամ առողջությանը` պատճառելով տառապանք և վնաս»:
Ընտանեկան բռնության հիմնական տեսակներն են սեռականը, ֆիզիկականը, հոգեբանականը և տնտեսականը:
Կարդացեք նաև
Ըստ կոալիցիայի, այդ երևույթն ունի միայն մեկ պատճառ` վերահսկելու ցանկություն, որը կարող է ունենալ բազմաթիվ նպաստող գործոններ, դրանցից են հասարակության կամ ընտանիքի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, թմրամոլությունը, ալկոհոլամոլությունը, խաղամոլությունը, բռնարարի ցածր կրթվածության մակարդակը կամ դրա բացակայությունը, բռնարարի գործազրկությունը:
Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհի Հերմինե Վիրաբյանը հանդիպման մասին տեղեկացել է սոցիալական ցանցերից և մասնակցել է, քանի որ համալսարանում նման թեմաներ չեն շոշափվում. «Նման թեմաներ ուսումնասիրության անհրաժեշտությունը շատ կա: Ընթացքում բերվեցին օրինակներ` ի՞նչ կարելի է անել և ի՞նչ չի կարելի անել: Ուղղակի ժամանակը քիչ էր: Եթե առանց այս ամենը իմանալու գնայի նման նյութի լուսաբանման, գուցե, սխալներ թույլ տայի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ