ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու գործընթացը դրվեց գործնական ռելսերի վրա այն պահից, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց իր որոշման մասին: Այսօր այդ մասին նա ասաց ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ`պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, որ Հայաստանում է գտնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը. եղել են մի շարք պաշտոնական հանդիպումներ ու համաձայնություններ, արդյոք, կարելի է ենթադրել, որ ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցությունն արդեն գործնական ռելսերի վրա է դրվում:
Նախագահ Սարգսյանի մոսկավյան հայտարարությունը Շարմազանովը համարում է քաղաքական, որին պետք է հետեւեին գործնական քայլեր: Նա վերհիշեց Մինսկի հանդիպումը, որից հետո ՄՄ անդամ երկրների ղեկավարները հայտարարել էին նախապատրաստվելիք ճանապարհային քարտեզի մասին: Այն, ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի, պատրաստ կլինի հավանաբար մինչեւ դեկտեմբեր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ