Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մալխասյան. «Մեզ իշխում են լիսկաներն ու Վարդան Այվազյանները»

Նոյեմբեր 07,2013 22:02

Նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի տպավորությամբ, Հայաստանի  իշխանությունները ժողովրդին իրենց ստրուկի պես են վերաբերվում:

«Նրանք իրենց անհասկանալի հակահայ քայլերով ապացուցում են, որ դարձել են այս ժողովրդի կատարյալ թշնամիները: Չկա  արդեն պետություն, ծաղրանկար է ժողովուրդն արդեն: Այս ծաղրանկարի պայմաններում ենք  տասնհինգ տարի շարունակ, երկիրը կառավարում են խաբելով:  Համատարած թշնամության, աղքատության, արտագաղթի մեջ, երբ կողոպտել են մեր ազգային ընդերքն ու հարստությունները կրկնակի բարձրացնում են իրենց աշխատավարձերը, գործազուրկներին զրկելով փոքրիկ նպաստներից: Այս ֆոնի վրա այսպիսի քայլերով նրանք ապացուցում են, որ այս ժողովրդի հետ կապ չունեն: Նրանց համար նշանակություն չունի ժողովրդի վիճակը, հասարակական կարծիքը: Մեր համբերության բաժակը լցվել է, սրանք մտածում են, որ ժողովուրդը իրենց ստրուկն է եւ ինչպես ուզեն՝ կվարվեն նրանց հետ: Ժողովրդի մի զգալի հատվածն էլ համակերխվել է»,- այսօր Ազատության հրապարակում ասաց պարոն Մալխասյանը:

Բայց նրան հուսադրում է,  որ Հայաստանում դեռ կան  մարդիկ, որոնք ազատ ու արժանապատիվ ապրելու համար պատրաստ են պայքարել մինչեւ վերջ. «Այդ տեսակի առաքելություն է պայքարել,  կռվել մինչեւ վերջ ու հաղթել: Այդ տեսակի անկոտրում հոգին մղելու է  մեզ անզիջում պայքարի: Ամբոխը կամ ստրուկը  շատ վտանգավոր են: Մենք մեր հաղթական գործը գլուխ պետք է բերենք գիտակից, ազատ մարդկանցով: Այդ մարդիկ գիտեն, որ ազատությունից ու ճշմարտությունից թանկ բան աշխարհում գոյություն չունի: Նրանք ունեն գաղափար, սկզբունք,  չեն վաճառվում, գիտեն, որ ամեն ինչ կախված է մեկ մարդուց, իսկ այդ մեկ մարդը ինքն է, որ կա»:

Հետո էլ դժգոհեց, որ թափթփուկն է  տիրում երկրին. «Մեզ իշխում են լիսկաներն ու Վարդան Այվազյանները: Մեր գերխնդիրն է  օր առաջ պաշտոնանկ անել այս իշխանություններին»:

Պարոն Մալխասյանը հետո անցավ հայ ժողովրդի առջեւ դրված գերխնդիրներին. «Իշխանությունը բանդայի ձեռքից վերցնել եւ վերադարձնել ժողովրդին: Բայց առանց գիտակից ժողովրդի հնարավոր չէ տապալել չարիքի այս վարչախումբը: Այս հրապարակը պետք է լեփլեցուն լինի ազատ ապրելու համար պայքարող գիտակից մարդկանցով»: Վերջում էլ հրահանգեց՝ հաջորդ հավաքին ներկա գտնվողները իրենց հետ առնվազն չորս հոգի բերեն:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930