Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն գործադիրի նիստում հեղափոխությանը չի անդրադարձել

Նոյեմբեր 07,2013 21:57

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին մասնակցում էին ԳՄ բոլոր անդամները: Ներկա էր նաեւ ԳՄ անդամ Կարեն Կարապետյանն, ով շատ քիչ է լինում Հայաստանում, եւ բնականաբար, հազվագյուտ դեպքերում է մասնակցում նիստերին:

Ի սկզբանէ ակնկալվում էր, որ այս նիստի «արդյունքները» հետաքրքիր էին լինելու` նկատի ունենալով երկու օր առաջ Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխությունը եւ դրա արդյունքները, բայց, ինչպես պարզվեց, այդ հարցերին ՀՀԿ-ի նիստում անդրադարձեր չեն եղել: Aravot.am-ի հարցին ի պատասխան, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդ առիթով ինքը լրագրողներին մեկնաբանություններ տվել է եւ ավելացնելու ոչինչ չունի: Այսօր նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը հայտարարել էր, որ սրանով  Հայաստանում ազգային-ազատագրական շարժման երկրորդ փուլն է սկսվում եւ, որ Շանթը պարզեց հեղափոխության դրոշակը:

Հիշեցնենք, որ Շարմազանովի գնահատմամբ, իշխանությունը պետք է կարողանա ապահովել քաղաքացիների ազատ արտահայտման, երթերի եւ հավաքվերի ազատ իրականացման հնարավորությունը`պահպանելով հասարակական կարգը: «Ես ցավում եւ ափսոսում եմ, որ շատ ընդդիմադիր գործիչներ վախենալով, որ կարող է կորցնեն ընդդիմադիր լինելու դիվիդենտները, քաջություն չունեցան հայտարարելու, որ նման կոչեր անելով, պայթուցիկներ շպրտելով, հայհոյանքներ տալով հեղափոխություններ եւ երթեր չեն կազմակերպում, որ դա բացասական երեւույթ է: Որեւէ ընդդիմադիր գործընկեր չի քննադատել օրենքի խախտումը: Ժողովրդավարությանը հարիր չի հայհոյանքով խոսելը»:

Այս առիթով պատասխանելով Aravot.am-ի հարցին, Էդուարդ Շարմազանովն իր տարակուսանքն արտահայտեց այն իմաստով, որ ազգային-ազատագրական շարժում լինում է այն ժամանակ, երբ պետությունն ինչ-որ մեկի լծի տակ է ու բերեց պատմական օրինակներ: Մեր դիտարկմանը`Հայաստանը մտնում է Մաքսային միության լծի տակ, Շարմազանովը հարցով պատասխանեց` Հունաստանը, Գերմանին կամ Իսպանիան լինելով Եվրամիության անդամ ԵՄ-ի լծի տա՞կ են:

Շարմազանովը նաեւ տեղեկացրեց, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են կիրակի օրը Արարատ քաղաքում տեղի ունենալիք ընտրությունների հետ կապված հարցեր: ՀՀԿ-ն ակնկալում է արդար-ազատ ընտրապայքար, կարծում են, որ այս ընտրություններ պետք է ազատ եւ օրինական պայքարի եվս մեկ օրինակ լինեն: ՀՀԿ-ն, բնականաբար, դրական է գնահատում իր թեկնածուի հնարավորությունները:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930