Այն բանից հետո, երբ այս տարի մայիսին ի վերջո ընդունվեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» ՀՀ օրենքը, որի նպատակը, ըստ օրենքի հեղինակների, միայն եւ միայն կանանց հանդեպ խտրականության վերացումն է, չեն դադարում այս օրենքի վրա հարձակումները, անգամ օրենքի հեղինակներին են մեղադրում հասարակությանն այլասերելու փորձերի մեջ, համարում են, որ սա առաջին քայլն է, եւ դրան հետեւելու է նույնասեռականների ամուսնություններն արտոնող օրենքների ընդունում եւ այլն: Չդիմանալով նմանօրինակ ճնշումներին՝ օրենքում արդեն իսկ նախատեսվել են մի շարք փոփոխություններ՝ այդ տարընթերցումներից խուսափելու համար: Հերթական փոփոխությունը նախաձեռնել էր օրենքի համահեղինակ Հեղինե Բիշարյանը՝ հագուրդ տալով իրավահավասարության մասին օրենքը «Կիկոսի մահը» սարքած մարդկանց եւ խմբերի կրքերին:
Տիկին Բիշարյանը այսօր ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում, որտեղ լսվում էր իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է ողջ օրենքում «գենդեր» բառի փոխարեն օգտագործել «սեռ» բառը, պատմեց, թե ինչերում են մեղադրում իրեն, ընդհուպ մինչեւ այլասերվածություն տարածելու մեջ: Իսկ սեռերի իրավահավասարությունն ապահովելուն կոչված օրենքը արդեն ոմանց թեթեւ ձեռքով «Խուժան օրենք» կամ «Միասեռականների ու այլասերվածների օրենք» է անվանվում: Միայն այս տեսակի արձագանքներից ազատվելու նպատակով նա առաջարկում է փոխել օրենքը՝ հանելով դրանում առավել քան 130 անգամ հիշատակվող «գենդեր» բառը եւ դրա փոխարեն դնել «սեռ» բառը:
Սոցիալական ապահովության փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը դեմ արտահայտվեց այդ փոփոխությանը եւ բացատրեց, որ ուղղակի անհնար է ողջ օրենքում փոխարինել մի բառը մյուսով, մանավանդ, որ դա ավելի կվատթարացնի իրավիճակը, եւ որպես օրինակ բերեց՝ պատկերացնո՞ւմ եք, «գենդերային հարաբերությունների» փոխարեն լինի «սեռային հարաբերություններ»…
Սոցապ փոխնախարարը վստահ էր, որ այս աղմուկը նախաձեռնողների մեջ, իհարկե, կան հայրենասեր մարդիկ, բայց նրանք շատ իրազեկված չեն, եւ ուղղորդվում են պատվեր կատարող մարդկանցով, որոնք, ինչ-ինչ նպատակներով դեմ են դուրս եկել այս օրենքին:
Կարդացեք նաև
Ի դեպ, պարոն Բերիկյանը տեղեկացրեց, որ դեռ 1990-ականներին, երբ «գենդեր» բառը նոր էր մտնում մեր իրականության մեջ, դիմել էին այն ժամանակվա Տերմինաբանական կոմիտե (ներկայիս՝ Լեզվի պետական տեսչություն), որպեսզի թարգմանվի, հայեցի դարձվի, սակայն այդպես էլ պատասխան չէին ստացել, ի վերջո, որոշել էին, որ դա միջազգայնորեն ընդունված եւ հասկանալի բառ է:
ԱԺ համապատասխան հանձնաժողովի անդամներն էլ, հասկանալով իրավիճակի ամբողջ անհեթեթությունը, որոշեցին բացասական եզրակացություն տալ այս փոփոխությանը: Փոփոխության հեղինակը՝ Հեղինե Բիշարյանը, նույնպես, կարծես թե, դեմ չէր այս որոշմանը:
Հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց այս օրինագծին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ