Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանը ժ.18.30 -ին դուրս գալով խորհրդակցական սենյակից` դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակեց Գագիկ Հայրապետյանին, նրա նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը:
Մինչ այդ, Գագիկ Հայրապետյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով ներգրավված նոր մեղադրողը` ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչության ավագ դատախազ Արմեն Աֆանդյանը հանդես եկավ առաջադրված մեղադրանքը փոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու որոշմամբ:
Դատախազն անդրադառնալով դատարան ուղարկված քրեական գործի դատաքննությանը, ասաց, որ Առինջ գյուղի բնակիչ, ամբաստանյալներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք «նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ», բջջային հեռախոս գնելու պատրվակով Արտյոմ Հակոբյանին հրավիրել են իրենց տուն, որտեղ բռնություն են կիրառել տուժողի նկատմամբ, ձեռքերով ու ոտքերով հարվածել նրան,սկոչել բերանը, նրան պատճառելով քթային շնչառության խանգարումներով կոտրվածք, սալջարդ, միջին ծանրության վնասվածք:
Ըստ դատախազի, նրանք տուժողին պատճառել էին 86 հազար դրամի գույքային վնաս: Մեղադրողն ասաց, որ դատաքննության փուլում դատական նիստերը հետաձգելու ժամանակ կատարվել են քննչական լրացուցիչ գործողություններ, պարզվել է նաեւ վկաների ցուցմունքերից, որ Հովհաննեսը կանչել է Արտյոմին իրենց տուն, իրենց ծանոթ Գայանե Եդիգարյանի ներկայությամբ «ավտարիտետներին» հայոհայնքներ տալու համար վիճաբանել է Արտյոմի հետ, սակայն դանակով չեն սպառնացել, հեռախոս չեն հափշտակել, տուժողին, որը ներկայումս դատապարտել է այլ քրեական գործով, որոշ ժամանակ անց բաց են թողել:
Կարդացեք նաև
Ըստ մեղադրողի, վերոնշյալ գործողությունները չեն կարող որակվել որպես ավազակային հարձակում, կամ նախնական համաձայնությամբ կատարված ավազակային հարձակում:
Միեւնույն ժամանակ դատախազը միջնորդեց, որպեսզի կիրառվի համաներում: Համաներման դիմումով հանդես եկավ ամբաստանյալի պաշտպանը, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ա.Սահակյանը:Ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց:
Դատարանը կիրառեց համաներում, փոխեց Գագիկ Հայրապետյանի կալանքը:
Մեկ տարի կալանքի տակ էր գտնվել Գագիկը, որ աշխատել է «դեպքի» օրը Հովհաննեսենց տանը: Մեկ տարի էլ կալանավորված է Հովհաննես Հովհաննիսյանը , որի հետ կապված դատախազն ուներ միջնորդություններ, սակայն դա չհասցրեց անել, աշխատանքային ժամն ավարտվելու պատճառով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ