Ձեր համար ո՞նց է. Ռուսաստանում ՌԴ քաղաքացի մի հայ` Արամ Խաչատրյան անվամբ, ատրճանակի սպառնալիքով հարձակվում է ՀՀ քաղաքացի Իրինա Հայրապետյանի վրա, նրան ուժգին ծեծի է ենթարկում և վախեցնելով տանում է նոտարական գրասենյակ, վերջինիցս լիազորագիր է վերցնում, որով իրեն թույլ է տրվում օտարել նրա ամբողջ գույքը, այնուհետև այդտեղից տանում է ամայի մի վայր, կրկին ծեծի ենթարկում և պահանջում, որ ՌԴ իրավապահներին կատարվածի մասին չհայտնի: Այդ ամենը տեսագրում է և տեղադրում համացանցում, հետն էլ մեկնաբանում, որ դա արել է տուժողի մի քանի միլիոն եվրո արժեցող գույքին տիրանալու համար:
Դրանից հետո գալիս է ՀՀ և ձեռնամուխ լինում գույքի օտարմանը:
Տուժողը մի կերպ գալիս է ՀՀ և պարզելով, որ Արամ Խաչատրյանն արդեն իսկ օտարել է ողջ գույքը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում:
Ոստիկանություն է հրավիրվում Արամ Խաչատրյանը, որն էլ գալիս է ճամպրուկով, քննիչի, դատախազի և Իրինա Հայրապետյանի ներկայությամբ պատմում է ամբողջ եղելությունը և գրավոր բացատրություն տալիս այդ մասին, որ 5 մլն եվրոյով վաճառել է տուժողի ողջ գույքը, բացում է ճամպրուկը, ցույց տալիս գումարը և ասում, որ արդեն տոմս է գնել և չորս ժամից պետք է ինքնաթիռով հեռանա ՀՀ-ից, այնուհետև ցույց է տալիս համացանցում տեղադրված տեսագրությունը և հայտարարում, որ իսկապես ինքը տուժողի հանդեպ հանցագործություն է կատարել, որ թեկուզ գույքը օտարել է ՀՀ-ում, սակայն քանի որ լիազորագիրը ՌԴ-ում է վերցրել, ուստի քրեական օրենսգրքի համաձայն հանցագործությունը կատարված և ավարտված է համարվում ՌԴ-ում, ուստի ՀՀ-ում չեն կարող քրեական գործ հարուցել և իրեն որևէ ձևով խոչընդոտել գումարի հետ ՀՀ-ից հեռանալուն:
Կարդացեք նաև
Քննիչն ու դատախազը համաձայնվում են Արամ Խաչատրյանի հետ, հայտարարելով, որ իսկապես կատարվածը հանցագործություն է, որ այդ հանցագործությունը Իրինա Հայրապետյանի գույքը հափշտակելու նպատակով է կատարվել, որ Արամ Խաչատրյանն իր նպատակին հասել է գույքը ՀՀ-ում օտարելով, բայց թեև գույքը օտարվել է ՀՀ-ում, սակայն լիազորագիրը ՌԴ-ում է վերցվել, ինչն էլ նշանակում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հանցագործությունը կատարված և ավարտված է համարվում ՌԴ-ում, ուստի չեն կարող ՀՀ-ում քրեական գործ հարուցել և նրան խոչընդոտել գումարի հետ ՀՀ-ից հեռանալուն: Առավելագույնը, ինչ կարող են անել, նյութերը ՌԴ ուղարկելն է, ինչն էլ հետագայում անում են:
Իրինա Հայրապետյանը քննիչի և դատախազի գործողությունները բողոքարկում է դատարանում: Դատարանները նույնպես գտնում են, որ նշված արարքը կատարված և ավարտված է համարվում ՌԴ-ում, քանի որ լիազորագիրն այնտեղ է վերցվել, ուստի ճիշտ է արվել, որ ՀՀ-ում քրեական գործ չի հարուցել:
Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
Փաստաբան