Aravot.am-ը՝ վկայակոչելով բնապահպան, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Սիլվա Ադամյանի այն պնդումները, թե մայրաքաղաքի փողոցներում ավանակների մասնակցությամբ նախօրեին ընդդեմ օլիգարխների կազմակերպված հրապարակային միջոցառման համար պետք է լիներ Երեւանի քաղաքապետի թույլտվությունը, Տարոն Մարգարյանից հետաքրքրվել էր, թե քաղաքապետը ավանակների մասով արդյոք տվե՞լ է թույլտվություն:
«Ա1+»-ին տված հարցազրույցում Սիլվա Ադամյանը վստահեցրել էր, որ միջոցառման կազմակերպիչներն իրավունք չունեին առանց քաղաքապետի հատուկ թույլտվության, ավանակներին օգտագործել իրենց ակցիայի համար:
Aravot.am-ի` քաղաքապետարանին ուղարկված հարցերից մեկով էլ հետաքրքրվել էինք, թե, եթե ավանակներին առանց թույլտվության էին ակցիայում ներգրավել, ինչո՞ւ քաղաքապետարանը չի դիմել համապատասխան մարմիններին` ավանակներով ակցիան դադարեցնելու համար:
Ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Aravot.am-ին հայտնում են. «Հրապարակային միջոցառումների (տվյալ դեպքում նաեւ ձեր հարցադրման մեջ նշված միջոցառումն ավանակների մասնակցությամբ) թույլտվություն քաղաքապետը չի տալիս: Միջոցառումներ կամ հանրային հավաքներ անցկացնելու վերաբերյալ քաղաքապետին իրազեկում են: Տվյալ դեպքում նման իրազեկում չի եղել, եւ բնականաբար, քաղաքապետի կողմից այդ փաստը ի գիտություն չի ընդունվել: Եթե առկա է հասարակական կարգի խախտում, այն կարգավորվում է «ՀՀ ոստիկանության մասին» օրենքով: Կանխելը դարձյալ հանդիսանում է ՀՀ ոստիկանության գործառույթը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ