Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը: Այն անցկացվել է երկու փուլով։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մրցութային հանձնաժողովն առաջին օրը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված նախագծային առաջարկները եւ սահմանել գնահատման չափորոշիչները, որոնց մշակման աշխատանքներին հրավիրվել է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Հաջորդ օրը հանձնաժողովի անդամները, համաձայն չափորոշիչների, փակ, գաղտնի քվեարկությամբ կատարել են իրենց ընտրությունը:
Ըստ այդմ, որոշվել է ներկայացված մրցութային 14 առաջարկները գնահատել բալային համակարգով՝ ըստ մրցութային պայմաններին նախագծերի համապատասխանության, քաղաքաշինական իրադրության վերլուծության դիապազոնի, հայեցակարգի գաղափարախոսության, հատակագծային եւ ֆունկցիոնալ կազմակերպման, ճարտարապետական հորինվածքի միասնականության եւ պատմաճարտարապետական ժառանգության արժեւորման:
Կարդացեք նաև
Ներկայացված աշխատանքներից եւ ոչ մեկը չի բավարարել մրցույթի պայմաններին եւ չափորոշիչներին, ու քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակներ չշնորհել մասնակիցներին:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում մրցութային հանձնաժողովի կողմից առավել շատ միավորներ են ստացել ներկայացված առաջարկներից երեքը, որոնք մրցութային հանձնաժողովի որոշմամբ կստանան 500.000-ական դրամ խրախուսական մրցանակներ: Ըստ այդմ, խրախուսական մրցանակների են արժանացել ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանի, Ստեփան Դավթյանի (Երեւան), ճարտարապետներ Վարդան Փենեսյանի, Արմեն Հայրապետյանի, Միխայիլ Ավետիսյանի (Երեւան) եւ ճարտարապետ Վահագն Վերմիշյանի եւ իր մասնագիտական խմբի (Մոսկվա) ներկայացրած առաջարկները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն