Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնողները մտածում են` իրենց երեխային դպրոցում այլասերում են»

Նոյեմբեր 07,2013 17:59

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականությունը սկսվում է հենց բուժհիմնարկներից: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Եվրոպական հարեւանության  եւ գործընկերության գործիքի Արեւելյան տարածաշրջանի  երկրներում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ ռազմավարության լայնամասշտաբ ներդնում» ծրագրի ղեկավար Աշոտ Գեւորգյանը:

Նրա խոսքերով` «Մտեք մոտակա պոլիկլինիկա եւ ասեք` ուզում եմ ՄԻԱՎ-ի հետազոտություն անեք. Տեսեք,  թե ինչպես ձեզ կնայեն եւ ինչ կմտածեն»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ բավականին երկար տարիներ է, ինչ Հայաստանում փորձ է արվում հասարակության շրջանում վերացնել խտրականությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների նկատմամբ, մի՞թե անտեղի կամ անիմաստ են այդ աշխատանքները, պարոն Գեւորգյանն ասաց.«Մարդու արժեքները փոխելը շատ բարդ գործընթաց է: Москва не сразу строилась»:

Իսկ կա՞ն մարդիկ, որոնք կարող են բացահայտ ասել, որ իրենք ՄԻԱՎ ունեն, պարոն Գեւորգյանն ասաց, որ շատ քիչ են նման մարդիկ, բայց կան:

2012 թվականին, ըստ պարոն Գեւորգյանի, ՄԻԱՎ-ի 222 նոր դեպք է բացահայտվել, որոնք հիմնականում 25-39 տարեկաններ են: Մեր այն հարցին, արդյոք սա մեծ թիվ չէ՞ փոքրիկ Հայաստանի համար, ծրագրի ղեկավարն ասաց. «Իհարկե, մեծ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ տարեկան 30-40 նոր դեպքեր են արձանագրվում»: 2012 թվականի ցուցանիշն, ինչպես Ա. Գեւորգյանն ասաց, ամբողջ տարիների ընթացքում ամենաբարձրն է: 222 նոր դեպքերի 70%-ը տղամարդիկ են, որոնք վարակվել են հիմնականում  Ռուսաստանում եւ Ուկրաինայում, իսկ վարակման հիմնական ուղին ոչ անվտանգ սեռական կապերն են, ներերակային թմրամիջոցների օգտագործումը:

Մեր այն հարցին էլ, որ մշտապես քարոզվում է անվտանգ սեռական կապերի մասին, սակայն վարակի տարածման տեմպն ավելանում է, ի՞նչ այլ կանխարգելիչ մեթոդներ կարելի է կիրառել, ծրագրի համակարգողն ասաց. «Պետք է սկսել դպրոցից, դպրոցներում, օրինակ ես լավ եմ հիշում,  այդ թեմաները շրջանցում էին ու հիմա էլ շրջանցում են: Դպրոցում սեռական առողջության դասընթաց կա, որը սակայն, լավ չի ընթանում, ծնողներն են ընդդիմանում: Ծնողը մտածում է, որ իր երեխային դպրոցում այլասերում են:  Մինչդեռ ամեն ինչ ի օգուտ երեխայի է արվում: Եթե սկսվի դպրոցից, ապա երեխան սեռահասուն տարիքում, երբ դուրս է գալիս դպրոցից, տեղեկացված կլինի, որ սեռական հարաբերությունների ժամանակ պետք է պաշտպանվել, թմրամիջոցներ չօգտագործել»:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 22-ին մեկնարկում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եվրոպական շաբաթը: Այս ծրագրի շրջանակներում, այսպես ասած` շրջիկ լաբորատորիաներ են լինելու  մայրաքաղաքում եւ գրեթե բոլոր մարզերում: Բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն թեսթ հանձնել եւ 2 րոպեում իմանալ լաբորատոր թեստի արդյունքները: Պարոն Գեւորգյանը վստահեցրեց, որ այն գրեթե նույն աստիճանի հավանական պատասխան է, ինչ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում է կատարվում: Ըստ ծրագրի ղեկավարի, եթե ՄԻԱՎ-ի դրական պատասխան եղավ, ապա տվյալ անձին կուղղորդեն ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն` ավելի ստույգ պատասխան ստանալու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930