Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Մարդու իրավունքների պաշտպանը շանտաժ էր անում» (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2013 17:57

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը այսօր քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) դիմումը՝ 2014թ. պետական բյուջեում ՄԻՊ արագ արձագանքման խմբին 10 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ: Հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի ոճի հետ կապված խնդիր կա, եւ դժգոհություն հայտնեց Պաշտպանից՝ Կարեն Անդրեասյանից, որը չի մասնակցել բյուջեի քննարկմանը, բայց «շանտաժ անելով բան էր պահանջում, շանտաժի նման ասեց՝ եթե չտանք, չենք անի մոնիտորինգ»:

Սա ասելով՝ պարոն Արզումանյանը հետաքրքրվեց՝ բա ո՞ւր էր այդ արագ արձագանքման խումբը Շանթի դեպքերի հետ կապված, երբ 14 տարեկան երեխային բաժին էին տանում (խոսքը երկու օր առաջ Շանթ Հարությունյանի նախաձեռնած «հեղափոխության» մասին է, որի արդյունքում եղան բախումներ հեղափոխականների եւ ոստիկանության միջեւ եւ քսան հոգի տեղափոխվեց ոստիկանություն): ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ասաց, որ երեկ այդ խումբը հաստատ ոստիկանության բաժիններում է եղել, ինքը կարող է դա հստակ ասել, քանի որ կապի մեջ է եղել հետները, բայց ինչ վերաբերվում է նոյեմբերի 5-ին, երբ այդ դեպքերը կատարվում էին, տեղյակ չի:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենք պետք է ավելի խիստ լինեն ՄԻՊ-ի հանդեպ՝ հաշվետվություն պահանջեն, ինչին հակադարձեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ասելով, որ ՄԻՊ-ը անկախ մարմին է, եւ չի կարող գտնվել իրենց վերահսկողության տակ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն էլ նկատեց, որ բոլոր դեպքերում արագ արձագանքման խումբը «անհրաժեշտ ծառայություն է», եւ առաջարկեց կողմ քվեարկել: Մարգարիտ Եսայանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է տալու իրենց կողմ քվեարկելը, եթե կառավարությունը, միեւնույն է, փող չի տալու: Էլինար Վարդանյանն էլ հույս հայտնեց, որ գուցե այս անգամ կառավարությունը առաջնահերթ համարի մարդու իրավունքների ոլորտը: «Мечтать не вредно, вредно не мечтать»,-ասաց Մարգարիտ Եսայանը եւ կողմ քվեարկեց ՄԻՊ-ին արագ արձագանքման համար պետբյուջեից գումար տրամադրելու որոշմանը: Այս որոշումն, ի դեպ, ընդունվեց միաձայն:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930