Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Տիգրան Մեծի այգու հանդիսավոր բացմանը

Նոյեմբեր 07,2013 17:49

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում տարեսկզբից մեկնարկած  այգիների և պուրակների բարեկարգման, ինչպես նաև նոր հանգստի գոտիների կառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևանցիների հետ միասին բնակիչների տնօրինմանն է հանձնել բարեկարգված հերթական այգին: Նոր Նորք վարչական շրջանի շուրջ 5.8 հա տարածք զբաղեցնող Տիգրան Մեծի այգին ամբողջությամբ վերակառուցվել է:

Զրուցելով բնակիչների հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ երևանյան նոր այգիների ու պուրակների ստեղծման ծրագրերը, ինչպես այս տարի, առաջիկա տարիներին ևս կլինեն շարունակական ու հիմնականում կյանքի կկոչվեն մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում, ուր հազարավոր բնակիչների համար կստեղծվեն հանգստի յուրօրինակ կենտրոններ. «Յուրաքանչյուր տարի մենք 5-ից 6 հանգստի գոտիներ ենք կառուցում ու վերակառուցում մայրաքաղաքում: Մեր ծրագրերի շրջանակում փորձելու ենք բարեկարգել երևանյան բոլոր այգիները: Նոր Նորք վարչական շրջանը խորհրդային տարիներին ամենականաչապատ տարածքներից էր և ուներ բավականին շատ այգիներ ու պուրակներ: Եվ մեր նպատակն է նախ վերականգնել այդ տարածքները, իսկ հետագայում նաև ավելացնել դրանց քանակն ու հանձնել մեր բնակիչներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնակիչների լիարժեք հանգստի համար տեղադրվել են նստարաններ, փակ և բաց զրուցարաններ, մանկական ժամանակակից խաղերով կահավորված խաղահրապարակներ, մարզահրապարակներ, ինչպես նաև կառուցվել են ճեմրուղիներ: Հանգստյան գոտին ամբողջությամբ ապահովված է նաև արտաքին լուսավորության նոր ցանցով ու շուրջ 1 կմ ոռոգման նոր համակարգով:

«Բոլորն են հիշում, որ այս տարածքում գտնվող Վիշապների պուրակի տեղում ուզում էին բազմաբնակարան շենք կառուցել, և քաղաքապետարանի կողմից արգելվեց այդ կառուցապատումը: Ու մենք խոստացանք, որ այգին կվերականգնենք ու կհանձնենք մեր բնակիչներին:  Ծրագիրը, ինչպես տեսնում եք, կյանքի կոչվեց: Այգու կառուցման համար համայնքի բյուջեից ծախսվել է 123 մլն դրամ, բացի այդ նաև մասնակցություն են ունեցել մի շարք բարերարներ, որոնց իմ շնորհակալությունն եմ հայտնում»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով այգին բարեկարգելու և բնակիչներին վերադարձնելու համար՝  նորնորքցիները նշել են, որ հանգստի այս գոտին  տասնյակ տարիներ ոչ միայն չի ծառայել իր նպատակին, այլև վտանգավոր է եղել անգամ անցուդարձի համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է նաև վերակառուցված այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու շնորհավորել բնակիչներին՝ հորդորելով պահպանել ու խնամքով վերաբերվել այգուն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930