Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է սպանության գործը քննող քննիչը զանգահարել զոհին

Նոյեմբեր 07,2013 17:21

0251Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության ժամանակ կողմերի միջև վիճաբանության մի նոր թեմա էլ դարձավ Կարեն Եսայանի հեռախոսը: Դեռևս անցած դատական նիստին ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին`սպանված երիտասարդի հեռախոսը դատարան ներկայացնելու , քանի որ այն կարող է արժեքավոր իրեղեն ապացույց դառնալ:

Երեկ տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Արմեն Մելքոնյանը հեռախոսը իր հետ բերել էր դատարան: Մոտ 15 րոպե զննելուց հետո, Լուսինե Սահակյանը դատարանում հայտարարեց, որ հեռախոսի պարագայում ևս միջամտություն է տեղի ունեցել. այնտեղ ֆիքսված է ընդամենը մեկ մուտքային զանգ և երկու ելքային զանգեր, մինչդեռ նման հեռախոս գոյություն չունի, որը պահպանի 1 կամ 2 զանգեր: Այսինքն` ակնհայտ է, որ ջնջվել են նախորդ հեռախոսազանգերը:

Այնուհետ փաստաբանը ուշագրավ մի հայտարարություն արեց` ասելով, որ մուտքային զանգը զոհի հեռախոսին հնչել է սպանության գործը քննող քննիչ` Խաչիկ Հայրապետյանի հեռախոսից, այնտեղ ֆիքսված է նրա հեռախոսահամարը: «Իմ պրակտիկայում նման դեպք չի արձանագրվել, որ քննիչը զանգահարեր զոհին: Ընդ որում 8.15 դիակն է հայտնաբերվել, իսկ այս քննիչը ժամը 8.20-ին Երևանում գտնվելով` իբրև թե հարցաքննություններ էր անցկացրել Գյումրիում, խոսքը այդ քննիչի մասին է», -ասաց փաստաբանը:
Դատախազ Արմեն Մարուքյանը Լուսինե Սահակյանին հորդորեց նման սենսացիոն հայտարարությամբ հանդես չգալ, քանի որ օր ու ժամ ֆիքսված չէ, թե երբ է քննիչը զանգահարել Կարեն Եսայանի հեռախոսահամարին: Ըստ դատախազի, նախ պետք է պարզել` քննիչը դեպքի՞ օրն է զանգահարել, թե՞ դեպքից հետո, ի՞նչ նպատակով :Նշենք, որ այդ հեռախոսը քննիչն է հանձնել Կարեն Եսայանի մորը` Անահիտ Իսկանդարյանին: Դատախազն ասաց, որ հարկավոր է փաստերով խոսել, եթե ամսաթիվը չի պահպանվել, պետք չէ նման եզրակացություններ անել: Ըստ Արմեն Մարուքյանի, այդպիսի հայտարարությունները երբեմն լրատվամիջոցների կողմից ընկալվում են որպես փաստեր:

Լուսինե Սահակյանը հակադարձեց նրան` ասելով. «Անկախ այն բանից քննիչը երբ է զանգել, դա պրոբլեմ է. հեռախոսը իրեղեն ապացույց է, իսկ նա փչացրել է այն: Մարդ է սպանվել, իսկ դուք ասում եք, թե միգուցե դարակում դրված է եղել, քննիչը ստուգելու համար է զանգել»:

Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Արմեն Մելքոնյանն էլ ասաց, որ հետ պիտի վերադարձնի հեռախոսը Կարեն Եսայանի մորը` Անահիտ Իսկանդարյանին, քանի որ խոստացել է, իսկ տիկինը այն փայփայում է`որպես որդուց մնացած հուշ: Լուսինե Սահակյանն էլ պնդում էր, որ դատարանը պետք է անհապաղ առգրավի ու զննի այն: Դատարանը որոշեց չառգրավել հեռախոսը:

Ինչևէ, Լուսինե Սահակյանը շարունակում էր զարմանալ, թե ի՞նչ է նշանակում` քննիչը զանգահարել է զոհին: Նա նաև ասաց, որ այդ հեռախոսը որպես իրեղեն ապացույց կորցրել է իր ապացուցողական նշանակությունը, քանի որ հայտնվել է տարբեր մարդկանց ձեռքին:

Հաջորդ դատական նիստին դատարանում ցուցմունք կտա ամբաստանյալը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930