«Ազատություն» ռադիոկայան. «Եթե մենք կարողանանք ստանալ Ադրբեջանի համաձայնությունը, դա կարող է անակնկալ դառնալ», – խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանում չորեքշաբթի օրը կայացած լսումների ժամանակ անդրադարձել է նաև հայ – թուրքական սահմանը բացելու հնարավորությանը:
Լսումները հիմնականում վերաբերել են Սիրիայի հարցին, բայց «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Սինան Օգանը ասել է, որ հայ – թուրքական սահմանին, երկու երկրները կապող երկաթգծի վրա աշխատանքներ են կատարվում, ապա հարցրել է Դավութօղլուին՝ արդյոք նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի հետ սահմանը բացելու համար:
Դավութօղլուն չի հերքել, այլ ասել է․ – «Եթե մենք կարողանանք ստանալ Ադրբեջանի համաձայնությունը, դա կարող է անակնկալ դառնալ»:
Կարդացեք նաև
Թուրքիայի արտգործնախարարը նաև ավելացրել է, որ երկաթուղու վրա աշխատանքները կատարվում են 2015 թվականին նախապատրաստվելու շրջանակում:
Նա նորից կրկնել է հայ – թուրքական հարաբերությունները բարելավելու հարցում թուրքական կողմի դիրքորոշումը․ – «Մեր պահանջն այն է, որ Հայաստանը ազատի Ղարաբաղը: Այդ հարցում մենք առաջընթաց ենք ակնկալում: Եթե դա տեղի ունենա, սահմանները կբացվեն, կվերականգնվի երկաթուղային հաղորդակցությունը, ինչպես նաև կզարգանան հարաբերությունները»:
«Բայց մենք դա ցանկանում ենք Ադրբեջան հետ միասին», – հայտարարել է Դավութօղլուն:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Աքշամ» թերթը:
Նշվում է, որ մոտ ապագայում սպասվում է Թուրքիայի արտգործնախարարի այցելությունը Ադրբեջան:
Հիշեցնենք, որ այս ամիս սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ երկու երկրներում ավարտված ընտրություններից հետո հնարավորությունների նոր պատուհան է բացվում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար:
Հրաչ Մելքումյան