Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ամիրխանյան. «Ես շնորհակալ եմ բոլոր վատ բաներին, քանի որ նրանք ինձ տանում են դեպի լավ բաները»

Նոյեմբեր 07,2013 16:31

«Ես կարիք չունեմ որևէ մեկին ապացուցելու, որ իմ երեխայի հայրը ես եմ, իսկ եթե որևէ մեկը գտնում է, որ իմ երգերի ԴՆԹ-ն կարող է ցույց տալ, թե դրանց հայրն ուրիշ է, խնդրեմ, թող ապացուցի»,- «Անալիտիկ» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը` ի պատասխան իրեն գրագողության մեջ մեղադրողների:

Այնուհետև, անդրադառնալով մեր մշակույթին, վերջինիս` հասարակական կարծիք ձևավորելու գործառույթին, կոմպոզիտորն ասաց. «Մենք ապրում ենք շատ դժվարին, բայց և շատ հետաքրքիր ժամանակներում: Ես կցանկանայի ամեն ինչ ռեալ տեսնել, բայց յուրաքանչյուր գնահատական, անշուշտ, սուբյեկտիվ է: Մենք ապրում ենք մեծ վերափոխումների շրջանում, և հնի ու նորի միջև բախումներ կան: Ես ինքս մտքերով քայլում եմ նոր իրականության մեջ, բայց ապրում եմ հին սովորույթներով: Հասարակությունն ունի անանց արժեքներ, որոնք են` սերը, ընտանիքը, հայրենիքը, բարյացակամությունը և այլն, և այլն: Մշակույթը այս արժեքներն են, որոնք այսօր կարիք ունեն ոչ թե օգնության, այլ որ յուրաքանչյուր մարդ կարողանա իր մեջ արթնացնել դրանց նկատմամբ զգոնությունը»:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաև Ռ. Ամիրխանյանի դեմ դուրս եկած կոմպոզիտորների բողոքին: Ռ. Ամիրխանյանը կարծում է, որ դա մեր ժամանակների առանձնահատկությունների հետ կապված իրադարձություն էր. «Մեր մեջ նյութապաշտությունը բավականին խորն է նստած: Դա կազմակերպված էր, և ես դիտավորություն եմ տեսնում նրա մեջ, որ ասում են, թե ես 22 տարի ոչինչ չեմ արել: Դա ինձ հիշեցնում է Թուրքիայի եղանակի տեսությունը: Նա Ադրբեջան, Վրաստան, Պարսկաստան, Թուրքիա և այլ անուններ գրում է քարտեզի վրա, իսկ Հայաստանի անունը չի գրում, և վերջինիս քարտեզը գոյանում է ոչ թե որպես Հայաստանի քարտեզ, այլ մյուս երկրների սահմանների վրա գոյացած մի տարածք, որի վրա գրված չէ նրա անունը: Այստեղ դիտավորություն կա: Բայց ինձ համար ցավալին այն է, որ արվեստագետ մարդը կարող է այդպիսի ցածր զրույց վարել, այստեղ ինչ-որ անբարոյական բան կա, որը հարիր չէ իսկական արվեստագետին»,- ասաց կոմպոզիտորը և հավելեց, որ իր դեմ դուրս եկած կոմպոզիտորներից շատերը դեռ պիտի ապացուցեն, որ իրենք կոմպոզիտոր են. «Եթե ես ուզում եմ ստեղծագործել, դա դեռ չի նշանակում, որ ես դիպլոմավորված ստեղծագործող եմ: Ժամանակն է որոշում, թե ով ինչ հետք է թողնում իր հողի վրա: Ես չէի ցանկանա հիմա գնահատել նրանց քայլերը, որովհետև ես շնորհակալ եմ բոլոր վատ բաներին, քանի որ նրանք ինձ տանում են դեպի լավ բաները: Ես շատ երջանիկ եմ, որ հիմա կարող եմ զբաղվել ստեղծագործական աշխատանքով»,- նշեց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում մշակութային գործիչների` խորհրդարանում հայտնվելուն, կոմպոզիտորը պատասխանեց. «Միշտ էլ որոշակի գաղափար անպայմանորեն մեզ կկտրի մեր գրչից` ինչ-որ մի տեղ տանելու համար: Եթե այդ գաղափարը սրբազան է և միտված է քո երկրի ներսում դրական որոշակի փոփոխություններ կատարելուն, ուրեմն` նա պետք է լինի խորհրդարանում, հակառակ դեպքում, դա փախուստ է սեփական ստեղծագործական ընթացքից, որը ես չեմ կարող քաջալերել»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930