Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել երեկ ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագրին և աշխատանքային խմբերի առաջին հանդիպման արդյունքներին, որը, Վիկտոր Խրիստենկոյի գնահատմամբ, արդյունավետ և հաջող ընթացք է ունեցել: Կողմերի համոզմամբ, հուշագրի ստորագրմամբ համագործակցության ամուր հիմք է դրվում Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև:
Սերժ Սարգսյանը և Վիկտոր Խրիստենկոն երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին հայտարարությունից և Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների կողմից այդ կապակցությամբ կայացված որոշումից հետո զգալի աշխատանք կա իրականացնելու և վերահաստատել են պատրաստակամությունը սերտ փոխգործակցությամբ այդ աշխատանքներն իրականացնելու և հիշյալ գործընթացները հնարավորին սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու գործում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ