Օտարերկրյա ներդրողները գալուց առաջ հաշվի են առնում քաղաքական իրավիճակն ու դատաիրավական համակարգի չկոռումպացված լինելը
Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքոնյանից հետաքրքրվեց, թե մեր երկրի ներքաղաքական խառը իրավիճակը որքանո՞վ է ազդել օտարերկրյա ներդրումների վրա: Պարոն Մելքոնյանը, որը նաեւ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է, վերլուծելով իրավիճակը, նկատել է, որ ներդրումների անկման պատճառներից մեկն էլ եղել է հենց ներքաղաքական անկայուն իրավիճակը մեր երկրում: Տնտեսագետի խոսքերով, ներդրումային քաղաքականությունը որոշվում է կոմպլեքս համալիր ցուցանիշներով, այդ թվում՝ «քաղաքական կայունության եւ դատաիրավական համակարգի համարժեք աստիճանի համալիրով»: Պարոն Մելքոնյանի մեկնաբանությունները` եսանյութում
Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԲՀԿ պատգամավորը վերլուծեց 2014 թվականի բյուջեն`խուսափելով որեւէ բնութագրում տալ: Նրա համոզմամբ, հաջորդ տարվա բյուջեն այնպիսին է, ինչպիսին որ 2013 թվականինն էր, քանի որ նույն տրամաբանության մեջ է: Պարոն Մելքոնյանը գտնում է, որ գործազուրկների նպաստը պետք էր ոչ թե կտրուկ, այլ աստիճանաբար վերացվեր, իսկ կառավարության նշած այն պատճառաբանությանը, թե այդ գումարները կուղղվեն կրթության եւ գործազուրկների վերապատրաստման հարցերին, պատգամավորը կասկածանքով է վերաբերվում:
Արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում արձանագրված զգալի անկումը, ներդրումների ծավալների կրճատումները, պատգամավորի համոզմամբ, լուրջ խնդիրներ կառաջացնեն եկող տարվա բյուջեի կատարման առումով: Տնտեսության դանդաղ աճի պատճառներից մեկն էլ, պարոն Մելքոնյանի համոզմամբ, շինարարության ոլորտի 10 տոկոս անկումն է:
Տնտեսագետը հաշվարկել է եւ տեսել, որ գյուղացիական վարկերի սուբսիդավորումը, որը կազմում է 860 միլիոն դրամ, 340 հազար գյուղացիական տնտեսությունների վրա բաժանելու դեպքում մեկ գյուղացուն բաժին ընկնող չափը կազմում է ընդամենը 14-15 դոլար. «Ո՞նց կարող է 14-15 դոլարով գյուղացին տարեկան սուբսիդավորում ստանա բյուջեից»,-զարմանում է պատգամավորը: Ըստ նրա, գյուղացիները մի քանի միլիոն դրամ վարկերի տալ լինելով՝ կանգնած են իրենց տները կորցնելու վտանգի առաջ:
Նա չի հավատում, որ հուլիսի 1-ից բարձրացվող աշխատավարձերի տակից կառավարությունը կարող է դուրս գալ. «ԲՀԿ-ն դեմ չէ, կողմ է, բայց ոչ այս տեսքով աշխատավարձերի բարձրացմանը: Գնաճը 9,3 տոկոս է եւ հայտնի չէ, թե ինչպիսի սոցիալական վիճակ կլինի աշխատավարձերը բարձրանալու դեպքում»:
Խոսելով 4 ու կես միլիարդ դոլար արտաքին պարտքից, պատգամավորն ասաց, որ այս պահին կառավարելի է, եւ չի գերազանցել նախանշված սահմանը, բայց չի ողջունում այդ պարտքի տարեցտարի ավելացումը: ԲՀԿ-ն դեռ չի որոշել՝ եկող տարվա բյուջեին կողմ է քվեարկելու, թե դեմ, բայց ԲՀԿ-ի տրամադրվածությունը դրական չէ: Պարոն Մելքոնյանի խոսքերով՝ կքննարկեն եւ խմբակցությունում կորոշեն՝ ինչ կանեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ