Լրահոս
Օրվա լրահոսը

Թունդ վիճաբանություն Գագիկ Շամշյանի` սպանությունը ֆիքսող լուսանկարների շուրջ (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2013 14:29

nu_03 nu_01

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության ժամանակ թունդ վիճաբանություն ծագեց կողմերի միջև՝ Գագիկ Շամշյանի` սպանվածի ավտոմեքենայից արված լուսանկարների շուրջ: Սպանված երիտասարդի` ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի բակում պահ տված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան զննելուց հետո, ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանում հայտարարեց, որ դա չի կարող համարվել իրեղեն ապացույց:

Ըստ փաստաբանի, ավտոմեքենայի դռները կնքված չէին, ընդամենը մի դռան վրա կար կնիքանման թուղթ, որը, սակայն, վնասված էր, ղեկի հատվածը քանդված էր…Մի խոսքով, Լուսինե Սահակյանի բնութագրմամբ, ակտիվ միջամտություն էր արված: «Դեպքի վայրում իբրև թե կնքվում է մեքենան, տեղափոխվում է այլ վայր. զննությամբ երևում է, որ ավտոմեքենան կնքված չի եղել», – ասաց փաստաբանը:

Նա նաև անդրադարձավ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի`դեպքի օրը Կարեն Եսայանի մեքենայից արված լուսանկարներին`  դատարանին միջնորդելով, դրանք որպես իրեղեն ապացույց ընդունել: Փաստաբանը որպես ապացույց իր խոսքի, որ դեպքի օրը մեքենայում ոչ մի բան կոտրված չի եղել, ղեկի հատվածում քանդված մաս նույնպես չի եղել, ցույց տվեց Գագիկ Շամշյանի լուսանկարները, որոնք կատարվել են 12.04.2012 թվականին` դեպքի օրը: Փաստաբանը նաև ասաց, որ լուսանկարները կատարվել են մինչև մեքենայի զննությունը Ախուրյանի «Թելման 94» ՍՊԸ-ի տարածքում: Լուսինե Սահակյանը նաև ակնարկեց, թե ինչո՞ւ են ֆոտոլրագրողին թույլատրել մտնել այնպիսի տարածք, որտեղ մտնելու իրավունք ոչ մեկը չի ունեցել, դա արդեն իսկ միջամտություն է:

Նշենք, որ դեպքի վայրից` «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից մեքենան տեղափոխվել է Ախուրյանի «Թելման 94» ՍՊԸ-ի ավտոտնակ:

Դատավոր Մարտին Սարոյանը, նայելով լուսանկարները, իր կասկածները հայտնեց, թե արդյոք դրանք արված են նույն օրվա գիշերը: Սակայն Լուսինե Սահակյանը, բացելով Tert.am լրատվական կայքը, ցույց տվեց, որ լուսանկարները տեղադրված են հենց նույն օրը:

Լուսինե Սահակյանի միջնորդությունը` Գագիկ Շամշյանի լուսանկարները ընդունել որպես իրեղեն ապացույց, բավական զայրացրեց տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Արմեն Մելքոնյանին, ով իր հերթին սկսեց լրագրողներին ցույց տալ Շամշյանի լուսանկարները, թե տեսեք`այստեղ պատկերված է ոստիկանության շենքը, մյուս նկարում ոստիկաններն են հավաքված: Նա նաև ասաց, որ եթե միջամտություն է եղել մեքենային, ուրեմն ոստիկանությունը պիտի պատասխան տա, քանի որ նրա պահպանման էր հանձնված, և միգուցե ինչ-որ անձինք փորձել են գողություն կատարել մեքենայից:

Լուսինե Սահակյանը, հակադարձելով նրան՝ ասաց. «Անկախ նրանից, թե ով է միջամտություն կատարել, ավտոմեքենան այլևս իրեղեն ապացույց համարվել չի կարող: Եվ մենք չենք ասում, թե Գագիկ Շամշյանի լուսանկարներում ոստիկանները չկան, քավ լիցի, նրա մյուս 6 լուսանկարները ավտոմեքենայից են»:

Լուսինե Սահակյանը պնդում էր, որ դատարանը լուսանկարները պետք է ընդունի որպես իրեղեն ապացույց ու իր միջնորդությունը հիմնավորում էր իրենց կողմից կատարված փաստաբանական հարցումով:

Լուսինե Սահակյանը պարզաբանեց, որ իրենք եղել են Ախուրյանի «Թելման 94» ՍՊԸ-ի տարածքում, որտեղ պահ էր տված Կարեն Եսայանի ավտոմեքենան: Գնացել են այստեղ, որովհետև իրենց անհասկանալի է եղել , թե որտեղ է ավտոմեքենան, ինչ ֆոնում է նկարված: Գնալով այնտեղ` տեսել են, որ իրենց պատկերացրած դասական ավտոտնակը չէ, այլ բազմաթիվ այլ մեքենաներ կային կայանված:

Ընթերակա Գրիգոր Գասպարյանից հարցում են կատարել, ով պատմել է, որ 2012 թվականին իրեն զանգել , կանչել են աշխատանքի վայր, սակայն օրն ու ժամը չէր հիշում, տեխսպասարկման կետում գտնվող իրենց «գարաժ» եկել էր Գագիկ Շամշյանը, որին ինքը տեսել էր միայն հեռուստացույցով: Շամշյանին ուղեկցել է քննիչ Վահրամ Բեյբությանը (խոսքը Կարեն Եսայանի սպանության օրը Գյումրու ոստիկանության շենքի դիմաց ավտոմեքենայի տակ ընկած ու մահացած քննիչի մասին է) : Հաջորդ օրը, ըստ Գրիգոր Գասպարյանի, «գարաժ» են եկել երևանցիներ, որոնք ինչ-որ գործողություններ են կատարել տարածքում, սակայն ընթերական չի մասնակցել: «Ես ընթերակա չեմ, ես չեմ հասկանում այդ բառի իմաստը, զննությունը կատարվել է առանց ինձ», -գրել էր Գրիգոր Գասպարյանը:

Դատարանը որոշեց Գագիկ Շամշյանի կատարած լուսանկարները չճանաչել որպես իրեղեն ապացույց: Լուսինե Սահակյանն այս կապակցությամբ ասաց. «Հարգելի դատարան, դուք կարող եք չճանաչել որպես իրեղեն ապացույց, բայց դուք պարտավոր ենք այն կցել քրեական գործին»: Դատավորը, հակադարձելով նրան, հայտարարեց. «Դատարանը որոշեց չկցել», որին ի պատասխան՝ Լուսինե Սահակյանն իր հերթին հայտարարեց. «Հարգելի դատարան, դուք իրավունք չունեք չկցելու, դուք ապօրինի որոշում եք կայացնում, մենք հետ չենք վերցնի այդ լուսանկարները, պահեք ձեր մոտ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930