Այսօր Պետական եկամուտների կոմիտեի մաքսային վարչարարության ռազմավարության 2013-14 թվականի ծրագրին կառավարությունը հավանություն տվեց:
Ըստ այս ծրագրի, ինչպես ներկայացրեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, մաքսային ընթացակարգերն են պարզեցվելու` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ՝ իրավաբանական: Ֆիզիկական անձանց կողմից փոստային եւ սուրհանդակային ծառայության միջոցով ներմուծվող ապրանքների կամ արտահանվող ապրանքների դեպքում մաքսային ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ, պարոն Միրումյանի ներկայացմամբ` քաղաքականությունը առավել ազատականացումն է այս դաշտի, սակայն միաժամանակ թույլ չտալ, որ դա հանգեցնի մաքսային կանոնների խախտմանը եւ չարաշահումներին: Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, ապա նրանց մասով նույնպես նախատեսված է ընթացակարգերի վերանայում:
ՊԵԿ փոխնախագահի խոսքերով` «Այստեղ առաջարկված է լիազորված տնտեսական օպերատորների գաղափարը: Դրանք բարեխիղճ արտահանող-ներմուծողներն են, ներմուծման եւ արտահանման ընթացակարգերն իրենց համար ավելի պարզեցվելու են: Մասնավորապես, թե Եվրամիության, թե Մաքսային միության օրենսդրության պարագայում նման տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռվում մաքսային վերահսկողություն իրականացնել իրենց ընտրած վայրում, շատ դեպքերում նրանց տրամադրվելու են նաեւ վճարումների կատարման արտոնություններ՝ ժամկետների հետաձգման տեսքով: 2-րդ հիմնական ուղղությունը մաքսակետերի արդիականացման ծրագիրն է: Սահմանների համալիր կառավարման ծրագրի ներքո սահմանային հսկողություն իրականացնող գերատեսչությունների միավորումն է: Խոսքը վերաբերում է նաեւ առանձին ապրանքների դեպքում մեկ պատուհան սկզբունքի հաստատմանը` այն ապրանքատեսակներին, որոնց համար պահանջվում է սերտիֆիկացում: Նոյեմբերի 1-ից արդեն սկսվել է այդ գործընթացը դեղերի մասով»:
Պարոն Միրումյանը կառավարության նիստին ներկայացնելով ծրագիրը՝ նշեց, որ կարեւոր կետերից է նաեւ մաքսային հսկողության ընթացակարգերի բարելավումը:
Նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ դիմեց ՊԵԿ փոխնախագահին`
«Ես փաստաթղթում չհայտնաբերեցի ոչ մի կետ, որը վերաբերում է Մաքսային միությանը, այն պարագայում, երբ որ մեծածավալ աշխատանքներ պետք է կատարվեն»:
Վարչապետի դիտարկմանն ի պատասխան, պարոն Միրումյանն ասաց. «Բոլոր այն ուղղությունները, որոնք ներառված են փաստաթղթում, դրանք վերաբերում են Մաքսային միության անդամակցության շրջանակներում այնտեղ ամրագրված ուղղություններին: Այն ռազմավարական սկզբունքները, նպատակները եւ միջոցառումների շրջանակները, որոնք կոնկրետ դրված են, դրանք անմիջապես բխում են Մաքսային միության անդամակցության շրջանակներում մեր դիրքորոշման հստակեցումից»:
Իսկ վարչապետն էլ հետաքրքրվեց, թե ծրագրի ո՞ր կետում կարող է կարդալ այդ մասին: «Կոնկրետ, որ գրված լինի, որ սա բխում է Մաքսային միության շրջանակներից, միգուցե նման կետ առանձին չկա, բայց միջոցառումների ուղղությունները, որոնք առանձին կետերով ներկայացված են, բոլորը բխում են: Ուղղությունները եւ միջոցառումների շրջանակները բխում են Մաքսային միության օրենսդրությունից»:
Տիգրան Սարգսյանն էլ առաջարկեց 1-2 օրվա ընթացքում բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, ներառել այդ փաստաթղթում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ