Հայաստանը հրաժարվելո՞ւ է Թվինինգ ծրագրով ներդրած չափանիշները կիրառել, երբ մտնի Մաքսային միություն (ՄՄ), թե՞ եվրոպական ստանդարտները կիրառելով մտնելու ենք ՄՄ, հարցին՝ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, որն այսօր մասնակցում էր «Անի պլազա» հյուրանոցում կազմակերպված Թվինինգ ծրագրի փակման համաժողովին ասաց. «Մաքսային միություն մտնելու գործընթացը դեռեւս չի նշանակում, որ այն ամենը ինչ կատարվել է Հայաստան-Եվրամիություն ձեւաչափում, հակասելու է Մաքսային միության հետ տարվող գործընթացներին: Ես չեմ բացառում, որ որոշակի հարցերում կլինեն տարբերություններ, բայց վստահեցնում եմ, որ շատ ու շատ հարցերում վստահաբար չի հակասի եւ հակված ենք Եվրամիության հետ համագործակցությունը շարունակենք»:
Պարոն Մելքոնյանը հույս հայտնեց, որ «Շուկայի վերահսկողության պետական տեսչության ներդաշնակեցում միջազգային ԵՄ ստանդարտների հետ եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» թվինինգ ծրագիրը եվրոպացիների հետ շարունակություն կունենա:
Ինչ վերաբերում է Մաքսային միության պահանջած չափանիշներին, ապա, փոխնախարարն ասաց, որ կան որոշակի նորմեր, որոնք ՄՄ-ի հետ համագործակցության հետ պարտադիր են, սակայն դեռ հայկական կողմը պետք է բանակցի եւ հստակեցնի: Պարոն Մելքոնյանի մեկնաբանությունները` տեսանյութում
Կարդացեք նաև
Այսօր կազմակերպված համաժողովին ներկա էր նաեւ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, որի խոսքերով, Թվինինգ ծրագրի նպատակը ոչ թե շուկաների հասանելիությունն է, այլ հայկական շուկայում միայն անվտանգ ապրանքների առկայությունը` շուկայի վերահսկողության կազմակերպման միջոցով:
18 ամիս տեւած Թվինինգ ծրագրով նախատեսված էր շուկայի վերահսկողության համակարգի բարելավում, տեսչական ստուգումների ոլորտում բարեփոխումների խթանում, ինչի արդյունքում մեր երկիրը պետք է ունենար անվտանգ եւ պաշտպանված սպառող: Ծրագրով Հայաստանյան մի շարք օրենքներ համապատասխանեցվել են միջազգային պրակտիկային:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ