Այսօր`նոյեմբերի 7-ին, Հոկտեմբերյան մեծ հեղափոխության տարեդարձի կապակցությամբ ՀՀ Սոցիալիստական շարժումը կազմակերպել էր շքերթ, որի ընթացքում ծաղիկներ դրվեցին Ալեքսանդր Մյասնիկյանի եւ Ստեփան Շահումյանի արձանների մոտ:
Շահումյանի արձանի մոտ Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը ներկայացրեց շարժման մինիմում-ծրագիրը:
Ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Ռուբեն Թովմասյանը շնորհավորելով Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 96-ամյակի կապակցությամբ՝ ասաց. «Հայ ժողովուրդը հինգ հազար տարվա պատմության մեջ ապրեց որպես ժողովուրդ եւ պատահական չէ, որ յոթանասունականները կոչում էին հայ ժողովրդի ոսկե դար: Եվ պատահական չէ, որ 1920 թվականին հենց հոկտեմբերյան հեղափոխության ազդեցության տակ հայ ժողովուրդը տապալեց դաշնակցական կառավարությանը, որը երկիրը հասցրել էր աղքատության, հիվանդության, գործազրկության, սպանությունների եւ այլն»:
Ռուբեն Թովմասյանը շնորհավորեց նաեւ բանվոր դասակարգին, պատերազմի վետերաններին, որոնցից ըստ նրա, մնացել են ընդամենը 1300 հոգի եւ որոնք ցավոք չեն ապրում մարդավայել:
Կարդացեք նաև
«Մեր կուսակցությունն էր, որ ղեկավարեց 41-45 թվականի Հայրենական մեծ պատերազմը եւ ջախջախեց ֆաշիզմը, աշխարհը փրկելով այդ չումայից: Հայրենական մեծ պատերազմում 300 հազար զոհ տվեց հայ ժողովուրդը, ամբողջ պատերազմի ընթացքում զոհվեցին 3 մլն կոմունիստներ, որոնք ոչ մի առավելություն չունեին, միայն կուսակցական տոմս եւ դեպի ճակատ: Մենք հպարտ ժողովուրդ ենք եւ հպարտանալու շատ բաներ ունենք մեր 70 տարիների ընթացքում»,- հավելեց նա:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ