Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ ոստիկանությունը դեռ միլիցիա է

Նոյեմբեր 07,2013 14:10

Կարծում եմ՝ հասարակությունն արդեն հոգնել է համազգեստավոր շոումեններից

Նոյեմբերի 5-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեսանյութերը, որ առատորեն առկա են համացանցում, մեկ անգամ եւս փաստում են, որ ՀՀ ոստիկանություն կոչվող կառույցում միայն անունն է փոխվել, մեկ էլ՝ սադրանքի մասշտաբը: Այն իր էությամբ ու գործելակերպով մնացել է սովետական միլիցիա: Եթե առաջ աննկատ «պլան» էին գցում մեկի գրպանը կամ այլ մանր-մունր ժուլիկություններով հանցագործության իմիտացիա կազմակերպում, ապա հիմա սադրում են պայթյուններ, որպեսզի բերման ենթարկեն, ապա եւ ձերբակալեն մարդկանց՝ դրանով իսկ բուռն գործունեության պատրանք ստեղծելով:

Եթե ոմանք համաձայն չեն պայթյուններ սադրելու մասին իմ կարծիքին, իրենց գործն է,  սակայն իմ գնահատականը հիմնված է մի քանի փաստերի տարրական վերլուծության վրա:

Նախ՝ Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ի իրադարձությունների սկզբի կադրերում պարզ երեւում է, որ  առաջին ճայթրուկը նետողները հեշտությամբ «ճողոպրում են» ոստիկանների ձեռքից (տե՛ս մասնավորապես «Իլուր» ցանցային լրատվամիջոցի նկարահանած կադրերում, իսկ հետո սկսվում է ակցիայի իրական մասնակիցներին բերման ենթարկելու դաժանագույն գործընթացը (տե՛ս epress.am կայքում): Ի դեպ, ինքս իմ աչքով եմ տեսել, թե ինչպես էին ոստիկանները 10-12 հոգով մարդկանց ուղղակի քարշ տալիս ու նետում մեքենաների մեջ: Իսկ Շանթի որդին էլ պատմել է, որ իրեն մեքենայում ծեծել են: Եվ այս դաժանությունները եւս միլիցիա մնալու վառ ապացույց են:

Երկրորդ փաստը, որ ամրապնդում է սադրանքի մասին իմ (եւ շատ շատերի) տեսակետը. ոչ մի երկրում, այդ թվում եւ Հայաստանում, չի լինում, որ մոտ հիսուն հոգանոց ակցիայի դեմ կազմ ու պատրաստ լինեն ու միանգամից իրադարձության վայր լցվեն մի քանի հարյուրի հասնող ոստիկաններ, այդ թվում՝ կարմիրբերետավորներ ու նաեւ հատուկ մեքենաներ:

Երրորդ փաստը՝ ոստիկանները այդ ակցիայի դեմ էին դուրս եկել առանց վահանների ու մահակների: Եվ սա այն դեպքում, երբ ամենախաղաղ երթերի ժամանակ լրիվ հանդերձանքով են ներկայանում:

Եվ վերջապես՝ ոչ մի երկրում բենզինի շշերով հեղափոխություն անելու հայտարարություններից հետո երկու օր չեն սպասում, որ պայթյուններ լինեն: Այսինքն՝ կանխում են այդ պայթյունները: Իսկ եթե չեն կանխում, ուրեմն իրենց հենց բախումն էր պետք ու բախման իմիտացիա ստեղծելը, որ ասեն՝ տեսա՞ք, մենք օրինազանցների ենք ձերբակալում:

Սրանք փաստեր են: Իսկ փաստերը խոսուն բաներ են, դրանք մտորումների, վերլուծության եւ եզրակացությունների տեղիք են տալիս:

Իր անունը ոստիկանություն դարձրած, բայց էությամբ սովետական միլիցիա մնացած այդ կառույցի ծառայողը վախից «մկան ծակին տասը թուման է տալիս», երբ իր առջեւ հայտնվում է որեւէ օլիգարխի թիկնապահ սափրագլուխ խուլիգանը: Այդ ոստիկանությունը առայսօր չի կարողանում հարցաքննության կանչել ջրագնդակի մրցումների ժամանակ ծեծկռտուք սարքած եւ մրցավարին հարվածած անձին, ինչ է թե՝ վերջինս աշխատում է Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայությունում: Դե, պարզ է՝ օրենքի առաջ «բոլորը հավասար են, իսկ ոմանք ավելի հավասար են» (ականջդ կանչի, Օրուել): Այդ ոստիկանները կամ նրանց նման այլ համազգեստավորները պատրաստ են ամեն ինչ անել՝ մարդասպանությունն ինքնապաշտպանություն ներկայացնելու համար, երբ խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի կարկառուն հենարան նախկին մարզպետի որդուն ու թիկնապահին, հետո էլ ամեն ինչ անել, որ հանկարծ էդ հենարանի մատը փուշ չմտնի (իմա՝ հանկարծ նրա դեմ որեւէ կոմպրոմատ չհայտնվի), սակայն նույն ոստիկանները ոչ մի դաժանագույն մեթոդի առջեւ կանգ չեն առնի, երբ իրենց ապօրինի պահանջի դեմ հանդես է գալիս շարքային քաղաքացին: Այ, էս դեպքում, ինչպես հայտարարել է Երեւանի ոստիկանապետը, «իրենք բիրտ ուժ են կիրառելու»: Եվ գիտե՞ք ինչու. որովհետեւ շարքային քաղաքացին հրաժարվում է ենթարկվել «արա, հելաք ստուց…» գոռացող միլիցու պահանջին…

Եվ վերջապես՝ ոստիկան կոչվողները դեռ միլիցիա են մամուլի հետ աշխատելու առումով: Այլ երկրներում նման իրադարձություններից հետո (ինքս եմ ականատես եղել Բեռլինում՝ դեռ հեռավոր 1995 թվականին) դեպքի վայրը երիզող ժապավենից ներս քննչական գործողություններ իրականացնողներից զատ՝ կանգնած է լինում նաեւ ոստիկանության մամուլի ծառայության որեւէ աշխատակից, որ հանգիստ ու բարեխղճորեն պատասխանում է բոլոր հարցերին: Իսկ մեր միլիցիա մնացած ոստիկանության լրատվականը սովոր է միայն ծեքծեքուն բառերով հաղորդագրություններ տարածել, իսկ լրագրողների հարցերին պատասխանող չկա:

Բայց 21-րդ դարը, բարեբախտաբար, տեղեկատվական տեխնոլոգիաների դար է: Եվ ինչքան էլ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություններ բեմադրի ու նրա մամուլի ծառայությունն էլ տարածի այդ բեմադրություններում ոստիկանապետի բարձրագոչ ու արդեն ձանձրացրած պաթետիկ հայտարարությունները, մարդիկ հավատում են իրենց աչքի տեսածին, որ  տարածվում են շատ ավելի արագ, քան ոստիկանականի լրատվականը կկարողանա արձագանքել իր ճոռոմ հաղորդագրություններով ու սովետական պրոպագանդիստի ձայնով ուղեկցվող տեսանյութերով:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930