Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանի պատասխանը ԲՀԿ-ին

Նոյեմբեր 07,2013 13:55

ԿԸՀ նախագահը՝ Արարատի ընտրությունների քարոզարշավի մասին

«Եթե խախտվում է որեւէ մեկի իրավունքը, ապա վերջինս լիարժեք հնարավորություն ունի դիմելու եւ իր իրավունքները պաշտպանելու»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրությունների քարոզարշավին: Հիշեցնենք, որ Արարատի քաղաքապետի մահից հետո այստեղ արտահերթ ընտրություններ նշանակվեցին: Ընտրություններում պայքարելու են ՀՀԿ-ի թեկնածու Հայկ Հայկյանը եւ ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բարսեղյանը: Արարատում նախընտրական քարոզչությունը ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ «ըստ էության ընթանում է ԸՕ-ով ամրագրված կանոնակարգումների տիրույթում»: Այս ընթացքում նախընտրական քարոզչության կարգի խախտումների եւ տրված գնահատականների մասով էլ մեր զրուցակիցն ասում է. «Եթե խոսվում է ինչ-որ խախտման մասին, ներկայացվում է ինչ-որ մի խախտում, ապա, առաջին հերթին, կարծում եմ, խախտման մասին հայտարարողը պետք է ոչ թե այդ խախտումները ներկայացնի զուտ քաղաքական հայտարարությունների համատեքստում, այլ եթե կոնկրետ անձի իրավունքները խախտվել են, առաջին հերթին իրավական պետության տարրական սկզբունքն այն է, որ անձը պետք է սահմանված կարգով դիմի՝ իր իրավունքների պաշտպանությունը լիարժեք ծավալով իրականացնելու համար»: Հիշեցնենք, որ մամուլում բուռն քննարկումների տեղիք տվեց այն փաստը, որ ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանի քարոզարշավի ընթացքում արարատցիներին բաժանված նախընտրական բուկլետի ներդիրը, չգիտես ինչու, պատմում է ոչ թե թեկնածուի մասին, այլ նկարագրում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր եւ Արարատի նորանշանակ մարզպետ Գրիգորյան եղբայրների կատարած բարեգործությունները։ Նաեւ ԲՀԿ-ական թեկնածուին սատարողները սույնը որակեցին իբրեւ ընտրախախտում:

Ամեն դեպքում, Տիգրան Մուկուչյանը դրանում զավեշտ չի տեսնում. «Եթե մի դեպքում գրավոր խոսք է ներկայացվում, մյուս դեպքում էլ դա ասվում է բանավոր համատեքստում: Եթե մի դեպքում դրա մեջ խախտում ենք տեսնում, ապա նույն ձեւով բանավոր հայտարարումը եւս պետք է խախտում լինի: Չեն կարող որեւէ հիմնավորմամբ գրավոր տեքստին տրվել ինչ-որ գնահատականներ՝ անտեսելով այն տեսակետները, որոնք ներկայացվում են մյուս թեկնածուի կողմից եւ հատկապես այն անձանց կողմից, ովքեր քննադատում եւ ընտրախախտում են տեսնում մյուսի վարքագծում: Մի թեկնածուի պարագայում դա թղթավորված է ներկայացվում, մյուս թեկնածուի պարագայում էլ հանդիպում ենք համարժեք կոչերի, հայտարարությունների, որոնք ներկայացվում են նրանց հանդիպումների ընթացքում: Չէ՞ որ լուսաբանումը տեղի է ունենում, հանդիպումների մասին համացանցում տեսանյութեր կան տեղադրված. երբ այդ տեսանյութերին ծանոթանում ենք, ապա մյուս թեկնածուին էլ սատարող քաղաքական ուժի ներկայացուցիչները նույն կերպ ներկայացնում են, թե ինչ են արել այդ քաղաքական ուժն ու նրա լիդերները: Բնականաբար, այն ամենը, ինչ որ ասվում է, ինչպես մյուս թեկնածուի պարագայում, ուղղակի թեկնածուի արածը չէ: Տվյալ պայմաններում, ես կարծում եմ, դա լիակատար համարժեքություն է»:

Տիգրան Մուկուչյանի այս եզրահանգումներն արդյունք են նաեւ հարցի հասարակական հնչեղություն ստանալուց հետո իր ղեկավարած մարմնի իրականացրած ուսումնասիրությունների: Ու քանի որ ԿԸՀ-ն ԸՕ-ի որեւէ դրույթի խախտում չի արձանագրել, վարույթ էլ չի հարուցվել: Ի դեպ, ԿԸՀ-ն պաշտոնական դիմում չի ստացել ու այդ ուսումնասիրություններն իրականացրել է սեփական նախաձեռնությամբ:

Ոչ պակաս աղմկահարույց էր Արարատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Մնացականյանի որոշումը՝ տարբեր քաղաքացիների իբրեւ օգնություն 15-40 հազար դրամ բաժանելու մասին։ Ընդ որում, որոշման տակ ստորագրված է՝ Արարատի քաղաքապետ՝ Խաչիկ Մնացականյան: Մուկուչյանի համոզմամբ՝ այս դեպքին եւս միանշանակ քաղաքական գնահատականներ են տրվում: Ըստ ԿԸՀ նախագահի՝ ԸՕ-ն ունի սահմանափակումներ, համաձայն որոնց՝ քվեարկության նախորդ օրը, քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց նվերներ տրամադրել, արտոնյալ խոստումներ տալ եւ այլն: «Այսինքն՝ ԸՕ-ն սա է դիտարկում իբրեւ ընտրախախտում, իսկ որոշումը, որի մասին խոսվում է, տեղական ինքնակառավարման մարմնի որոշում է»,- ասում է մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ իր գործառույթների ընթացքում ՏԻՄ մարմիններն իրավասու են տարբեր գործառույթների իրականացման որոշումներ ընդունել, եւ եթե ընտրություններ են, դա չի նշանակում, որ կյանքը կանգ է առնում, եւ պետական կամ ՏԻՄ որեւէ մարմին պետք է լիարժեք կերպով դադարեցնի իր գործունեությունը: Այդ տրամաբանությունը զարգացնելով՝ մեր զրուցակիցը կարծում է, որ ծայրահեղության կհասնենք՝ ընդհուպ մինչեւ ընտրական շրջաններում թոշակների բաժանմանն այլ որակավորումներ եւ երանգավորումներ տալով: Եթե «մեղադրող» կողմը ներկայացնի ծանրակշիռ ապացույցներ, որ տվյալ գումարները բաժանվել են ընտրողների քվեն հօգուտ որեւէ թեկնածուի կորզելու համար, ԿԸՀ-ն պատրաստ է արձագանքել:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ տվյալ որոշումը ստորագրվել է ոչ թե քաղաքապետի պաշտոնակատարի, այլ քաղաքապետի կողմից, Մուկուչյանն ասում է, որ դա այլ հարթությունում՝ վարչական դատարանում լուծվելիք հարց է, ու ոչ ոք չի խանգարում այն անձանց, ովքեր գտնում են, որ տվյալ որոշումն իրավաչափ չէ, քանի որ իրավասու պաշտոնյայի կողմից չի ստորագրված, հարցը վիճարկել վարչական դատարանում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930