Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա Ծառուկյան Գագոյի ու Գրիգորյան եղբայրների կռիվ է»

Նոյեմբեր 07,2013 13:45

Արարատում քաղաքապետի պաշտոնի համար մղվող ընտրապայքարն այսպես են մեկնաբանում համայնքի բնակիչները:

Այս կիրակի տեղի կունենան Արարատ քաղաքի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Հիշեցնենք, որ Աբրահամ Բաբայանի մահից հետո քաղաքը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, ղեկավարում է նրա տեղակալ Խաչիկ Մնացականյանը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար ընտրապայքարի են դուրս եկել ՀՀԿ-ի եւ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի «դաբրոն» ստացած Հայկ Հայկյանը եւ ԲՀԿ-ի կողմից առաջադրված՝ «Արարատցեմենտ» գործարանի արտադրության պետ Սամվել Բարսեղյանը:  Հայկյանն առաջադրվում է 3-րդ անգամ, նախորդ երկու անգամ նա պարտություն է կրել, Բարսեղյանն առաջին անգամ է ընտրապայքարի դուրս գալիս: «Առավոտի» կողմից հարցված արարատցիները երկու թեկնածուների մասին  ընդհանուր առմամբ դրական կարծիք էին արտահայտում, բայց համոզված ասում են. «Այս պայքարը ոչ թե Հայկի ու Սամվելի կռիվն ա, այլ Գագոյի ու Գրիգորյան ախպերների»: Հիշեցնենք, որ թե՛ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ թե՛ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը կարեւորում են այս համայնքում հաղթելու անհրաժեշտությունը՝  իրենց դիրքերը տարածաշրջանում ուժեղացնելու համար: Եվ դա լավ են գիտակցում արարատցիները ու թեկնածուներին  նայում ու գնահատում են նրանց հովանավորությունների արժանիքներով:

Արարատում նախընտրական մթնոլորտը շատ լարված է, մարդիկ վախենում են խոսել, պատասխանել հարցերի, նախ՝ բոլոր հարցերին ի պատասխան՝ կրկնում են, որ ամեն ինչ շատ լավ է, կյանքն ուրախ է, խնդիր չկա: Մի տարեց տղամարդ անգամ շատ անմեղ հարց ուղղեց. «Աղջիկ ջան, դու հիմի ո՞ր թիմի շպիոնն ես»: Եվ միայն մի լավ հարցուփորձ անելուց հետո, երբ համոզվում են, որ իրենց հարցեր ուղղողը լրագրող է, եւ կարող են իրենց անուններով չներկայանալ, նոր սկսում են «բլբուլ կտրած» խոսել նախ իրենց սոցիալական ծանր վիճակից, գործազրկությունից, թոշակների ուշացումից, վարչապետի ու իշխանավորների տված, բայց չկատարած խոստումներից, նոր վերջում միայն քաղաքապետի ընտրություններից: Ընդհանուր առմամբ, արարատցիները ոչ մի թեկնածուի հետ էլ առանձնապես մեծ հույսեր չեն կապում՝ ասելով, թե բոլորն ել իրենց պաշտոնի ու իրենց բարեկեցության մասին են մտածում: Նրանցից մեկն անգամ կատակեց. «Գառի համար ինչ տարբերություն՝ իրեն մարդը կուտի, թե գելը»: Միրզա անունով մի տարեց արարատցու էլ, օրինակ, զայրացնում է, որ քաղաքում չկան հասարակական զուգարաններ, եւ որ մայրաքաղաքից եկող ավտոբուսների վարորդները չգիտեն, թե  որտեղ հոգան իրենց բնական կարիքները: Նա վրդովված էր նաեւ քաղաքի կենտրոնում 30 տարուց ավելի ավարտին չհասած կիսակառույց շենքի համար, քանի որ այդտեղից պետք է բնակարան ստանար նաեւ իր ընտանիքը: Զրուցակիցս ասաց նաեւ, որ վերջերս իրեն մոտեցել են եւ պահանջել անձնագիրը, որի դիմաց փող են առաջարկել, բայց ինքը մերժել է. «Որ էլի փողով լինի, էս աշխարհը չի փոխվի»: Թե որ թեկնածուի համար են գումար առաջարկել՝ Միրզա պապին չգաղտնազերծեց, այլ արագ փոխեց թեման ու իշխանություններից դժգոհեց, որ չեն գնահատում իր շնորհը՝ մարդկանց իր էներգետիկ դաշտով բուժելու բնատուր օժտվածությունը:

Մի կին էլ իր վրդովմունքն այսպես արտահայտեց. «Հայաստանում ինչքան ոստիկան կա, եկել լցվել են Արարատ, ինչո՞ւ, ի՞նչ է եղել: Քաղաքացիական հագուստով լրտեսում են բոլորին, ԲՀԿ-ի շտաբ մտնող-դուրս եկողներին նկարում են, նկարում են, որ ի՞նչ անեն: Ես երիտասարդ տղաներ ունեմ, նրանք երկու թիմերի մեջ էլ ընկերներ ունեն: Ես նրանց համար եմ վախենում, մի բան չսարքեն գլխներին: Թողնեն վերջապես մի անգամ մեր սրտի ուզած ընտրությունը կատարենք, ինչ է, ամեն անգամ բերում են մի թեկնածուի դեմ են տալիս, ասում՝ սա է՝ կամ պիտի ընտրեք, կամ անգործ կմնաք»: Կնոջ քննադատական սլաքը նկատելիորեն ուղղված էր ՀՀԿ-ին, քանի որ, ըստ նրա, հիմնականում ճնշման են ենթարկվում ԲՀԿ-ի թեկնածուին սատարողները: Հարցված մի երիտասարդ տղամարդ էլ առանց վարանելու ասաց, որ ընտրելու է «Գագոյին». ԲՀԿ նախագահի անունը տալով՝ նա նկատի ուներ ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանին. «Երեկ այստեղ տղաները հավաքված խոսում էին, որ Գագոն ինչ ասում ա՝ անում ա, իրա քաղաքը, մարզը ծաղկեցնում ա, մենք իրան ենք հավատում: Հետո՝ ինչի պիտի ախպերները (Արարատում ախպերներ ասելով  նկատի ունեն մարզպետական ընտանիքի Գրիգորյան եղբայրներին)  դրսից գան մեզ  ղեկավարեն: Հայկը վատ տղա չի, բայց իրան Գրիգորյաններն են ղեկավարելու, ինչի՞, Արարատում մարդ չկա՞: Իրանց գյուղում էլ վատ բաներ արեցին գյուղապետի մոմենտով, ժողովուրդն ավելի ա հիասթափվել: Ուզում են ամբողջ մարզը իրենցով անեն, սրանց խնդիրը դա է, թե չէ՝ մինչեւ հիմա ի՞նչ են արել, որ սրանից հետո ինչ անեն: Շատերն են Սամվելին ընտրելու, բայց չեն բարձրաձայնում»: Ընտրակաշառքի առնչությամբ էլ զրուցակիցս ասաց. «Ներկա դրությամբ իմ պասպորտը մոտս է, դեռ չեն ուզել, որ ուզեն՝ կտամ, երկուսից էլ փողը կվերցնեմ, ի՞նչ ա եղել, բայց իմ ուզածին կընտրեմ: Էդ առաջ էր, որ ով փող էր տալիս, ուզեինք՝ չուզեինք, վախից նրան էինք ընտրում, հիմա տենց բան չկա»:

Իսկ մի տղամարդ էլ ԲՀԿ-ի թեկնածուի դեմ զայրացած ասաց. «Ես հարգում եմ իմ քաղաքապետարանը, բայց ոչ մի լավ բան չեմ կարա ասեմ, քաղաքի միակ դարբինն եմ եղել, իմ հայրն էլ է դարբին եղել, շատ գործեր եմ արել քաղաքի համար: Արամ Սարգսյանի վախտով եկել եմ ներքեւի զավոդը, դրա համար ինձ ինադ արին, գործի չընդունեցին: Սամվել Բարսեղյանը իմ ցեխի պետն ա եղել, բայց ինձ գործի չի ընդունել, ինձ վատություն ա արել, ես իրան չեմ ընտրելու: Ով է տեսել, որ արհեստավորին, դարբնին դարձնեն պոմիդոր կրող, թող գնան իրանք էդ գործն անեն»:

Քաղաքի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ հավաքված էին մոտ 9-10 մարդ եւ ոգեւորված ծափահարում էին բեմում պարող երեխաներին: Պարզվեց՝ երաժշտական դպրոցի սաներն էին ելույթ ունենում: Միջոցառման կազմակերպիչը՝ Հռիփսիկը, հարցիս, թե ի՞նչ համերգ է սա, ոգեւորված պատասխանեց, որ քաղաքի օրն է, եւ ասաց, որ արդեն մի քանի օր է՝ քաղաքի օրվա տոնակատարություններն են եւ մինչեւ կիրակի օրը շարունակվելու են: Հետաքրքիր է, որ Հայաստանի մայրաքաղաքի օրվա տոնակատարությունը տեւում է մեկ-երկու օր, իսկ Արարատի նման փոքր քաղաքի տոնը ձգվում է տասը օրից ավելի, այն էլ՝ «երջանիկ պատահականությամբ» համընկել է նախընտրական օրերին: Հիշեցնենք, որ Սամվել Բարսեղյանի շտաբը դիմել է քաղաքապետարան՝ ընտրողների հետ հանդիպումներ ունենալու թույլտվությամբ, սակայն քաղաքապետարանը մերժել էր դիմումները՝ պատճառաբանությամբ, թե այստեղ միջոցառումներ են լինելու: Նկատենք, որ  քաղաքապետի ժ/պ  Խաչիկ Մնացականյանը դիմումը մերժելիս տակը մակագրել է՝ Արարատի քաղաքապետ: Հարեւանությամբ նստարանին նստած տարեց մարդկանցից Զաբել անունով կինը սկսեց ներկայացնել, թե ինչ լավ միջոցառումներ են այդտեղ լինում՝ օրը մի քանի անգամ, անգամ համերգացանկը գիտեր, թե որ մանկապարտեզը որ ժամին է ելույթ ունեցել կամ ունենալու: Նա շատ ոգեւորված էր այդ «ուրախ» համերգներով, բայց ինչպես վերջում խոստովանեց՝  իր արեւածաղիկը սկսել է լավ վաճառվել:

«Առավոտը» փորձեց զրուցել նաեւ քաղաքապետի թեկնածուների հետ: ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանն ասաց, թե կուսակցությունից իրեն ասել են, որ լրագրողների հարցերին ինքը չպատասխանի, եւ որ լրագրողները հարցերն ուղղեն  ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Թեկնածուն էլ հարգել է կուսակցության պահանջը: Ի տարբերություն Բարսեղյանի՝ Հայկյանին չէին արգելել շփվել լրագրողների հետ: Նա քաղաքում տիրող նախընտրական իրավիճակը գնահատեց շատ հանգիստ. «Ոչ մի լարվածություն չկա, ուղղակի նախընտրական իրավիճակ է, բոլորս աշխատում ենք մեր բնակիչների ձայներն ստանալու համար, բակային հանդիպումներ ենք ունենում»: Իր թիմակիցների՝ աշխատանքից ազատման մասին լուրերը Հայկյանը հաստատեց եւ ասաց, որ ցեմենտի գործարանից մոտ 14 հոգի ազատվել է աշխատանքից, ազատվածները, ըստ Հայկյանի,  40-50 տարեկան են եւ ոչ թոշակային տարիքի, ինչպես հավաստում էին ԲՀԿ շտաբում: Իսկ ընտրակաշառքների առնչությամբ էլ քաղաքապետի թեկնածու Հայկյանը մի ուշագրավ բացահայտում արեց, որ տասնյակ տարիներից ավելի է՝ «Արարատ քաղաքում ընտրակաշառք չի եղել եւ չի լինելու»: Մինչդեռ հարցված արարատցիները ընտրակաշառքի ամենաաստղաբաշխական թվերը կապում են հենց Հայկյանի անվան հետ, երբ Գրիգորյան եղբայրները գումար չէին խնայում եւ փողային պայքարի մեջ էին մտել նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանի հետ, որին սատարում էր նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը: Այսօր էլ արարատցիները  գումարային մեծ ակնկալիքներ ունեն 2 թեկնածուներից էլ, սակայն հավաստիացնում են, որ քվեարկելիս առաջնորդվելու են ոչ թե փողով, այլ բանականությամբ:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930